Շարունակում են քերել երևանցիներից ու իրենց համար բարեկեցիկ կյանք ապահովել․ Աբգարյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը

– Տիկի՛ն Աբգարյան, Երևանի ավագանին ընդունել է նախագիծ, որով 2027 թվականի հունվարի 1-ից կբարձրանան քաղաքապետի, նրա տեղակալների և մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձերը։ Ինչո՞ւ էր նախագիծն ընդգրկվել չզեկուցվող հարցերի փաթեթում, և արդարացվա՞ծ եք համարում պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը

– Կոնկրետ այդ նախագիծը սահմանում է գործակիցներ, այսինքն՝ համեմատած այդ բազային աշխատավարձի՝ որի աշխատավարձը որքան է սահմանվելու, որովհետև մինչ այդ սահմանված չի եղել: Դեկտեմբերին, երբ Երևանի բյուջեն ենք սահմանելու, արդեն նաև ունենալու ենք աշխատավարձերի թվային պատկերը, ես տեսնում եմ՝ մամուլում գրվում են թվեր, բայց դա դեռ վերջնական տեսքը չէ: Ավագանին պետք է սահմանի, թե ինչ հարաբերակցությամբ պետք է լինի այդ ամենը: 

Այս պահին մենք ինչ ունենք. պարգևավճարները, որոնք բացի իրենց աշխատավարձերից եռամսյակային ստանում էին, հիմա փորձում են մտցնել այդ աշխատավարձի մեջ: Նրանց նպատակը սա է, որպեսզի ամեն անգամ չխոսվի պարգևավճարի մասին, բացի այդ՝ լինելու են հավելյալ պարգևավճարներ, արդեն արդյունքի համար, այլ ոչ թե մեխանիկորեն, ինչպես միշտ եղել է: Սա է այս նախագծի բուն տրամաբանությունը: 

Ես այս փոփոխությանը շատ լավ կվերաբերվեի ու նորմալ կհամարեի, որ Երևանի քաղաքապետը, դիցուք՝ 2 միլիոն ստանար, եթե մարդկանց աշխատավարձը գոնե բավականացներ նորմալ ապրելուն, բայց մենք այսօր ունենք իրապես սոցիալական շատ լարված վիճակ: Ունենք մանկավարժներ, որոնք ուղղակի ամեն կոպեկի համար պետք է վարկանիշավորվեն, այդ թվում սա մեզ՝ դասախոսներիս էլ է վերաբերում, բայց մենք տեսնում ենք, որ պաշտոնյաների դեպքում այդ ատեստավորումը չի գործում, որևէ մեկը չի տեսնում դրա անհրաժեշտությունը: Բայց որևէ մեկն էլ չի տեսել, որ այդ մարդիկ ունեն համապատասխան գիտելիք, հետևաբար մեզ համար պարզ չէ, թե որքանով է այդ աշխատավարձը համապատասխանում իրենց գիտելիքներին, իսկ ցույց տված արդյունքին միանշանակ չի համապատասխանում: 

Սա է ամենացավալին, որ իրենք իրականում միլիոնանոց տղա չեն, բայց որոշում են, որ պետք է լինեն: Երկրորդ խնդիրն այն է, որ նույն քաղաքապետարանում, տարբեր համայնքապատկան կառույցներում ունենք շատ ցածր աշխատավարձով ապրող մարդիկ, այսինքն՝ ամենավերին ու ամենաստորին մակարդակների միջև կա այդ անջրպետը, ու այն չափազանց մեծ է: 

Հաջորդ հարցը հետևյալն է՝ որտեղի՞ց է այդ գումարը գոյանում: Հիշում ենք՝ երևանցիներին ասացին, որ եթե տրանսպորտը չթանկանա, ապա մենք չենք կարող տրանսպորտային պարկը պահել, մանկապարտեզներ կառուցել ու այլ պատճառներ, հիմա ստացվում է, որ իրենք քերել են երևանցիներից, շարունակում են քերել ու ասում են, թե իրենց ստացած աշխատավարձը քիչ է, պետք է ավելի շատ ստանան: 

– Այսինքն՝ ձեր կարծիքով, երևանցիներից գանձվող գումարներն ուղղվում են պաշտոնյաների բարեկեցության ապահովմա՞նը։

– Այո՛, ու այն մարդիկ, որոնք բողոքի ակցիայի ժամանակ ինձ մեղադրում էին ու հարցնում՝ իսկ ինչպե՞ս են պահելու այդ ավտոբուսները, եթե չթանկացնեն, հիմա շատ եմ ուզում այդ մարդկանց դեմքը տեսնել, երբ արդեն տեսնում են, թե ուր են գնում այդ գումարները:

– Ճի՞շտ հասկացա, որ գումարի չափի որոշման հարցում, այնուամենայնիվ, ավագանիում ընդդիմադիր անդամներն էլ են իրենց խոսքը ասելու, քննարկում է լինելու:

– Ես չեմ զարմանա, եթե դեկտեմբերին էլ այս նախագիծն ընդունեն առանց քննարկման, կրկին՝ փակ, չզեկուցվող փաթեթով: Բոլոր խնդրահարույց հարցերը բերում են չզեկուցվող փաթեթում, ու, օրինակ՝ 25 հարց միանգամից, մեկ քվեարկությամբ իրենք քվեարկում են ու անցկացնում: 

Սա ևս մեկ խայտառակություն է, նման չզեկուցվող փաթեթ եղել է Կառավարությունում, իսկ խորհրդարանն ու ավագանին նրա համար են, որ քննարկեն բոլոր հարցերը, որպեսզի ժողովրդի համար ամեն բան լսելի լինի, բայց մեզ զրկել են այդ հնարավորությունից: Երևանի նոր օրենքով, որը փոխեցին, ավագանին այլևս չի հաստատում իր օրակարգը, այն հաստատվում է քաղաքապետի կողմից, նա է որոշում, թե մենք ինչ պետք է քննարկենք, ինչ՝ ոչ:

– Տիկի՛ն Աբգարյան, այս պայմաններում որքանո՞վ է հնարավոր խոսել քաղաքապետարանի աշխատանքի թափանցիկության մասին։

– Դա մի կողմ, այս փոփոխությամբ ամբողջ ավագանին դարձավ քաղաքապետին կից ֆիկտիվ կառույց: Մենք վերահսկելու կամ ազդելու որևէ լծակ չունենք, որովհետև ինչ ուզեն՝ կբերեն կանցկացնեն, կգնա: Մենք չենք կարողանում որևէ բան կանխել: Ես նաև անկեղծ կասեմ, որ ինձ համար ամենևին սպասելի չէր, որ իրենք թափանցիկ կաշխատեն, ու ես այս մասին զգուշացրել եմ երևանցիներին քարոզարշավի ժամանակ, բայց մենք ունենք այն, ինչ ունենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am