Ադրբեջանի թիրախում «անկլավներն են»` Հայաստանը Իրանին ու Վրաստանին կապող մայրուղիները. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանում նախագահի ընտրությունները մեկ տարի շուտ անցկացնելու որոշումն ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Նախ կարծում եմ, որ այդ որոշումը շատ կտրուկ է կայացվել, որովհետև մինչ այդ դաշտում որևէ մեկը դրա մասին չէր խոսում, օրինակ՝ երբ 2020 թվականի սկզբին էլ նրանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացրեցին, մինչ այդ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, արդեն այդ մասին խոսակցություններ կային, բայց այս դեպքում որոշումը շատ կտրուկ է կայացվել:

Պատճառները մի քանիսն են, եթե հաշվի առնենք, որ դրա նախորդ օրը Ադրբեջանի նախագահը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայանի հետ, որից հետո հայտարարեց ընտրությունների մասին։ Ընդհանուր առմամբ, դատելով հրապարակային հայտարարություններից, կա տպավորություն, որ ԱՄՆ-ն շտապեցնում է Ադրբեջանին գնալ պայմանագրի կնքմանը, մինչդեռ Ադրբեջանը շատ ավելի երկարաժամկետ նպատակներ ունի ու չի գնա որևէ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և ընտրությունները ժամանակ շահելու միջոց են։ 

Բացի դրանից՝ պարզ է, որ Ադրբեջանը մինչ այդ որևէ թղթի ստորագրման չի գնա, բացի դրանից, 91 թվականից ի վեր՝ անկախություն ձեռք բերելուց ի վեր, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի տարածքում որևէ ընտրություն չի կայացրել ադրբեջանական իրավարարության ներքո, ու վերջին ռազմական գործողություններից հետո նրանք ցանկանում են նաև ընտրություններով այնտեղ իրենց իրավարարությունը հաստատել, մասնավորապես՝ տեղեկություն էին հրապարակել, թե իբրև 20 հազար մարդ պետք է մասնակցի այդ ընտրություններին։ 

Մյուս դրվագը, որ կա, ընտրություններով իր բռնապետության հաստատումն է, այսինքն՝ ընտրված բռնապետի իմիջ ցույց տալն է, որովհետև Ալիևը տասնամյակներով հայերի դեմ ատելություն ու վրեժ է քարոզել և հետո ցույց է տվել, որ ինքն այդ վրեժը լուծում է, ու շատերը կգնան ու իրենց ձայնը կտան Ալիևին, որովհետև նրանք այդ ատելության քարոզի ներքո են ապրում, այսինքն՝ նա ցույց կտա, որ ինքն ընտրված բռնապետ է։ 

Մի քանի անհանգստացնող միտումներ կան․ ընտրություններից առաջ ձերբակալվում են բոլոր տեսակ ընդդիմադիրները, ընդ որում՝ մարդիկ, որոնք աջակցել են Ալիևին 2020 թվականի պատերազմի ժամանակ, բայց ինչ-որ քննադատական խոսք են հնչեցնում։ 

Վերջերս նրանք օրենսդրական փոփոխություններ արեցին ու խիստ պատիժներ սահմանեցին այն մարդկանց համար, որոնք զորքի տեղաշարժի վերաբերյալ հրապարակումներ կանեն: Մինչ այդ էլ շատ ուշադիր էին, բայց ավելի են խստացրել: 

Բացի դրանից՝ նրանք շարունակում են փակ պահել ցամաքային սահմանները քովիդի պատճառաբանությամբ, որն իրականում այլ միտումներ ունի, մասնավորապես՝ նրանք նախազգուշական միջոցներ են ձեռնարկում։ Այլ հրապարակումներն ու քարոզչական նյութերը ցույց են տալիս, որ Ադրբեջանն այդ ժամանակահատվածում փորձելու է նորովի պատրաստվել ու հնարավոր գործողությունների գնալ, իսկ արդեն փետրվարից հետո Ալիևի հաշվարկն այն է, որ ԱՄՆ-ն էլ նախընտրական շրջանի մեջ գտնվելով՝ կնվազեցնի իր վրա եղած ճնշումները, ու ինքը պատուհան կունենա իր ագրեսիվ գործողությունների իրականացման համար, ըստ իս՝ սա է նրա հաշվարկը։ 

– Հնարավոր գործողություններ ասելով՝ նկատի ունեք ռազմական գործողությունների միջոցով զիջումնե՞ր պարտադրել Հայաստանին։

– Միանշանակ այո՛, որովհետև թիրախում «անկլավներն են», այսինքն՝ Հայաստանը Իրանին ու Վրաստանին կապող մայրուղիները: Նրանց տարբեր հեռուստաընկերություններ տեսանյութեր են հրապարակում, մարդկանց ասում, որ եթե իրենք Տավուշի մարզի այդ հատվածները վերցնեն, ապա ամբողջությամբ վերահսկողության տակ կվերցնեն Երևան-Թբիլիսի մայրուղին իր բոլոր հետևանքներով: Այսինքն՝ եթե նայենք ադրբեջանական պլանավորման տեսանկյունից՝ իմ տպավորությամբ, նրանք ուզում են իրականացնել մոտավորապես այն սցենարը, ինչ եղել է Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ պետությունը դնել շրջափակման մեջ, ելք ու մուտքերը վերահսկողության տակ առնել ու հետո արդեն ամբողջական կախվածության մեջ դնել իրենցից, ինչը կենթադրի իրենց պահանջների աբողջական կատարում։ 

Պահանջներն նրանք շատ հստակ նշել ու նշում են՝ «անկլավների» միակողմանի վերադարձ, Սյունիքի տարածքով անխափան կապի ապահովում, ինչը ենթադրում է հենց «միջանցք», ու նաև արտոնյալ կարգավիճակով 300 հազար ադրբեջանցիների գալը Հայաստան, ոչ թե վերադարձը, որովհետև այդքան ադրբեջանցի երբեք չի ապրել Հայաստանում։ Այս ձևով Հայաստանը՝ որպես գործոն, տարածաշրջանից վերանալու լուրջ վտանգի տակ կհայտնվի։ 

– Ադրբեջանի վրա հիմա միայն Արևմուտքի՞ց է ճնշումը, Ռուսաստանից չկա՞ ճնշում, տիկի՛ն Հայրապետյան։

– Ինձ թվում է, որ Ռուսաստանից մի քիչ այլ կարգի ճնշում է։ Ռուսաստանը միանշանակ շահագրգռված չէ, որ արևմտյան միջնորդությամբ որևէ թուղթ ստորագրվի, նրանք ավելի շատ կգերադասեն այս պահին դեռևս այս ստատուս քվոն պահպանել՝ հետագայում հասկանալ, թե ի՛նչ է տեղի ունենում Ուկրաինայում, որպեսզի ըստ այդմ պլանավորեն իրենց քայլերը։ 

Ռուսական կողմը միանշանակ կցանկանա, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չլինի, իրականում Արևմուտքի շահերից էլ է դա բխում՝ տարբեր հիմնավորումներով։ Ռուսական կողմը միանշանակ օժանդակել է Ադրբեջանին իր գործողությունների շրջանակներում, հավանաբար չեն էլ ակնկալել, որ բոլոր հայերը դուրս կգան Արցախից: Հիմա Ադրբեջանը, օգնության դիմաց, բնականաբար, թույլ է տալիս, որ ռուս խաղաղապահները դեռ մնան Լեռնային Ղարաբաղում, իսկ ռուսական կողմը, կարծում եմ, լավ հասկանում է, որ դա ժամանակավոր բնույթ է կրում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am