Խաղաղապահների դուրսբերումը Կովկասում Ռուսաստանի քաղաքականության ձախողման հերթական դրվագն է. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը 

– Պարո՛ն Բադալյան, և՛ ռուսական կողմը, և՛ ադրբեջանական կողմը հաստատել են, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը Արցախից։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

– Սա Կովկասում Ռուսաստանի քաղաքականության ձախողման հերթական դրվագն է. պատճառները շատ խորն են, ու գործընթացը բավական տևական է։ Ինչ վերաբերում է անմիջական խնդրին, ապա 2023-ի սեպտեմբերի 19-20-ից հետո, երբ Ադրբեջանն էթնիկ զտման ենթարկեց Արցախը, պարզ էր, որ ռուսական զորակազմն այլևս չի կարող մնալ այնտեղ այն կարգավիճակով ու պայմաններով, ինչպես հայտնվել էր 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված կարգով։ 

Դատելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունից, որն արվել է ադրբեջանական պետական Azertac գործակալության հետ զրույցի ժամանակ, որ «համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել մեր երկրի տարածքից ժամանակից շուտ դուրս բերել ժամանակավորապես տեղակայված ՌԴ խաղաղապահներին։ Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները՝ այս որոշումը կյանքի կոչելու համար», ստացվում է, որ խոսքը խաղաղապահների ամբողջական դուրսբերման մասին է։ 

– Սա ենթադրում է, որ ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում զգալի նվազո՞ւմ է։ 

– Սա բավական վաղուց նկատելի հանգամանք է։ Եթե պայմանական դիտարկենք, ապա 2020 թվականի 44-օրյա պատերազմը բավական ցցուն դարձրեց դա, ու որքան էլ այդ պատերազմն ավարտվեց ռուս-թուրքական համաձայնությամբ, այդուհանդերձ, մենք պետք է այդ համաձայնությունը գնահատենք արդյունքներով, որը հետևյալն է. 

եթե նախկինում Կովկասում Ռուսաստանի ու Թուրքիայի սահմանն անցնում էր Արաքս գետով, ապա 44-օրյայից հետո այդ սահմանը փաստացի դարձավ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը, այսինքն՝ Թուրքիան հաստատվեց Շուշիում։ 

Հիմա շատ պարզ գնահատման ենթակա հարց է․ սա Ռուսաստանի համար լա՞վ էր, թե՞ վատ: Պարզ է, որ Ռուսաստանի ազդեցությունը սրանից չի ավելացել, այո՛ Ռուսաստանն այդ ամենին գնացել է Թուրքիայի հետ համաձայնության գալով, բայց համաձայնության է եկել իր ներկայության, իր ազդեցության հաշվին։

Հասկանալի է, որ ռուսները հաշվարկել են, որ շատ ավելի լավ է, թեկուզ ի վնաս իրենց ներկայության, համաձայնեն Թուրքիայի հետ, քան գնան բախման, որովհետև ունեն շատ ավելի առաջնային ուղղություններ, որտեղ ինչ-որ ծրագրեր ունեն և այլն, օրինակ՝ Ուկրաինան կամ Կենտրոնական Ասիան, որտեղ ուզում են Թուրքիայի հետ գործակցել, ու դրա համար խուսափում են բախումից, սա հարցի մյուս կողմն է արդեն։ 

Բայց փաստը, որ իրենք գնացել են այդ համաձայնություններին ի հաշիվ իրենց ազդեցության, անկասկած է։ Իհարկե, նրանք կայսրություն են, իրենց հաշվարկները տասնամյակների համար են արվում, այսինքն՝ գուցե մտածում են՝ հիմա այստեղ տակտիկական առումով գնալ նման համաձայնությունների, որը թեկուզ կուժեղացնի Թուրքիային, բայց հետո իրենց համար առաջնային այլ ուղղություններում ամրանալով՝ արդեն կանդրադառնան Կովկասին ու կփորձեն վերականգնել իրենց ազդեցությունը։ 

Կարող են լինել նման հաշվարկներ, բայց հիմա մենք արձանագրում ենք փաստը, որ Ռուսաստանը քայլ առ քայլ, իր ազդեցության հաշվին, ստիպված է լինում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գնալ որոշակի պայմանավորվածությունների Կովկասում։

– Պարո՛ն Բադալյան, իսկ այդ պայմանավորվածությունների արդյունքում Մոսկվան ինչ-որ բան ստանո՞ւմ է։

– Ես կարծում եմ, այդ ստանալիքն առավելապես Կենտրոնական Ասիայի, Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի ուղղությամբ է, այսինքն՝ Թուրքիայի հետ առնվազն այնպիսի հարաբերություններ, որոնք չենթադրեն դիմակայություն, ու այս առումով ստանալիքն այդ տրամաբանությամբ է։ Իսկ Կովկասի առումով՝ չստանալ ավելի լայնածավալ պատերազմ, այսինքն՝ չստանալ երկրորդ ճակատ։ 

Իմ գնահատմամբ՝ այնպես չէ, որ Ռուսաստանը հավասարազոր փոխանակումներ է անում, այդուհանդերձ, դրանք հաշվեկշռի իմաստով հօգուտ իրեն չեն, բայց նա Կովկասում հիմա տևական ժամանակ լուծում է նվազագույն խնդիրներ, տակտիկական նահանջի քաղաքականության մեջ է՝ պարզապես ավելիի հնարավորություններ չունենալով։ Խնդիրներ շատ ունի, իսկ դրանք կարող են ավելանալ, եթե անմիջական հակասության մեջ լինի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am