Ադրբեջանը լայնածավալ պատերազմի նախապատրաստություն է տեսնում, թուրք-ադրբեջանական տանդեմը չի հրաժարվել իր նպատակից. ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Պարո՛ն Փոլադյան, օրերս կրկին հաղորդվեց ադրբեջանական կողմից կրակոցների մասին: Նպատակը ո՞րն է այս փուլում, արդյոք դա կապ ունի՞ ապրիլի 5-ին նախատեսված բրյուսելյան այցի հետ։

– Չեմ կարծում, թե այս պահին ճիշտ է դատողություններ անել, որ ադրբեջանական կրակոցներն ու իրենց տարածած ապատեղեկատվությունը կապ ունեն ամսի 5-ի հանդիպման հետ, որովհետև Ադրբեջանն արդեն մի քանի օր է, ինչ անցել է իր հարազատ ձեռագրին՝ մեդիադաշտում իրեն բնորոշ հատուկ դետալներով անցել է հարձակման։ Ադրբեջանի համար կարևոր է, որ հայերին մշտապես պահի վախի ու անհանգստության մեջ։ 

Բազմիցս ու տարբեր առիթներով ասել եմ, որ Ադրբեջանը, մեղմ ասած, չի ձգտում խաղաղության, ու ալիևյան ռեժիմը այնքան պարտքեր է կուտակել տարածաշրջանի տարբեր երկրների նկատմամբ, որ արդեն իսկ իր գործոնն ու սուբյեկտայնությունն է նվազեցվում քաղաքական գործընթացներում: Հենց այս պատճառով էլ հնարավոր է, որ Ադրբեջանն անի գործողություններ, որոնք իր շահերից չեն բխում, բայց ստիպված է անել։ 

Հաշվի առնելով նաև Իրան-Իսրայել հարաբերությունների կտրուկ սրացումն ու Ադրբեջանի տարածքում Իսրայելի գործունեությունը, բնականաբար, ռազմական էսկալացիայի գնալը պատահական ու զարմանալի չէ։ Հարկ է շեշտել, որ այսօր ադրբեջանական ամբողջ մեդիան, կարծում եմ՝ Ալիևի ուղիղ հրամանով, հեղեղել են այն լուրերով, թե Հայաստանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի: Երկրորդը՝ այն, ինչ իրենք տարիներ շարունակ գրում էին՝ գիտական տեռորի ենթարկելով իրենց հասարակությանը, որ օրը պետք է գա, երբ «քոչվոր ցեղին կվտարենք մեր հողերից ու կվերադառնանք Արևմտյան Ադրբեջան», հիմա ավելի լայն սփռմամբ են տարածում։ 

Սա նրանց համար պետական քաղաքականություն է, ու ես չեմ ուզում, որ այսօր տեղի ունեցողը դատենք օրերի կտրվածքով կամ ինչ-որ քաղաքական իրադարձություններից ելնելով, սա շատ մեծ գործընթացի մի հատվածն է ու առաջին հերթին՝ Թուրքիայի քավորությամբ ու աջակցությամբ իրականացվող։ Միլիոնավոր լսարան ունեցող ադրբեջանական պետական ալիքները անընդհատ հնչեցնում են, որ իրենք պետք է վերադառնան «Արևմտյան Ադրբեջան»։ 

Սա իրոք սարսափելի գործընթաց է, ու պետք է նշեմ, որ թշնամին ակտիվացել է ու իրենց պանթյուրքիզմին հարող պետական քաղաքականության այս բևեռը մտցրել է ակտիվ փուլ, ինչը, բնականաբար, մեծ վտանգներ է պարունակում՝ հատկապես տարածաշրջանում տեղի ունեցողի ֆոնին, ինչը կարող է արդյունավետ լինել Ադրբեջանի համար, որպեսզի ճնշումներ գործադրի Հայաստանի վրա։ 

Այստեղ շատ կարևոր է, որ Հայաստանի թե՛ մասնավոր հատվածը ներկայացնի իրականությունը՝ հակադարձելով ադրբեջանական գիտական տեռորին, թե՛ նաև պետական մակարդակով դա պետք է արվի։ Մենք մեզանից կախված հնարավորն անում ենք զօր ու գիշեր, բայց պետական մակարդակով պետք է հնչեն ամենակոշտ պատասխանները։ 

Ադրբեջանում պետական մակարդակով անընդհատ հնչում են տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքներ, դրան զուգահեռ հիմա արդեն սկսել են կրակոցներ ու հետագա ագրեսիայի լուրջ նախապատրաստություններ։ Ադրբեջանն ահռելի քանակությամբ զենքեր է կուտակում, գիտական տեռորը նոր փուլ է մտցնում ու դրան զուգահեռ իր հասարակությանը պատրաստում է նրան, որ պետք է վերադառնալ «իրենց հողեր»։ Ու այս խեղկատակությունը դարձել է պետական քաղաքականության մաս։ 

– Պարո՛ն Փոլադյան, Ադրբեջանի լայնածավալ պատերազմի հիմնական թիրախում Տավուշի մա՞րզն է լինելու։ 

– Ադրբեջանը չի գրոհելու մեկ կամ երկու կետից, հիմնական հարձակման կետերը լինելու են տարբեր տարածքներից, որովհետև մի քանի ուղղություններով հարվածելը, ըստ իրենց, լինելու է ավելի արդյունավետ՝ մանավանդ Նախիջևանից ու օկուպացված Արցախից հարվածելը լինելու է իրենց հիմնական ծրագիրը։ Բայց, զուգահեռաբար, իրենք շատ լավ գիտակցում են, որ եթե հիմա գնան գերարկածախնդիր այդ ճանապարհով, չեն կարող պատժամիջոցներից խուսափել։ 

Ադրբեջանի պնդումները վկայում են այն մասին, որ Ալիևի վերջնական նպատակը Հայաստանի ամբողջական անեքսիան է, ինչի իրականացումը այս պահին անհնարինին մոտ առաջադրանք է լինելու, եթե նույնիսկ Թուրքիայի աջակցությունը ունենան։ Բայց որ մեզ սպասում է մեծ պատերազմ, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի պատրաստվում հրաժարվել իր պանթյուրքիստական ռազմավարական նպատակից, դա անհերքելի է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am