Գործատուն աշխատողին կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով չի կարողանա հեռացնել աշխատանքից․ փոխնախարար

Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են ընթանում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն անդրադարձավ կենսաթոշակային տարիքի հասած աշխատող անձանց իրավունքներին։

«Գիտենք բոլորս, որ կենսաթոշակային տարիքի շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են շարունակել աշխատել և ավելին՝ շատ դեպքերում աշխատանքը նաև սոցիալական խնդիրներ է լուծում։ Մեր Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում կար աշխատանքից ազատման հիմքը․ այժմ նախագծով առաջարկվում է հանել այդ հիմքը։

Վստահ եմ, կհիշեք, որ Աշխատանքային օրնեսգրքով այժմ ամրագրված է, որ կենսաթոշակային տարիքի անցած քաղաքացու հետ անորոշ ժամկետով պայմանագիր կնքելը հնարավոր չէր։ Նախագծով այդ հնարավորությունը նույնպես սահմանել ենք, ինչը և՛ աշխատողին, և՛ գործատուին հնարավորություն կտա փոխադարձ համաձայնության պարագայում շարունակել իրենց աշխատանքային հարաբերությունները»,-ասաց փոխնախարարը։