Փաշինյանի չարդարացած սպասումը․ Մակրոնի աշնանային այցը Հայաստան չկայացավ․ FIP.am

2021 թվականի հունիսի 1-ին այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հյուրընկալվել էր  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը Մակրոնին «սպասում է Երևանում»: 

«Ես ուզում եմ նախ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի այց նախատեսված Հայաստանի Հանրապետություն, որը նախորդ տարի (2020-ին,- խմբ․) կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Հույս ունեմ, որ մենք միասին կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը կհաղթահարենք: Սիրով սպասում եմ աշնանը, սպասում ենք Ձեզ Երևանում, պարոն նախագահ»,- մասնավորապես ասել էր վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի այս խոսքերը լայն տարածում էին գտել մամուլում և սոցմեդիայում․ լրատվականները մեկը մյուսի հետևից գրում էին Մակրոնի սպասվելիք աշնանային այցի մասին: 

Մակրոնի սպասվող այցի մասին տեղեկատվական հոսքերի երկրորդ ալիքը սկսվեց հուլիսի կեսերին, երբ Փաշինյանը հյուրընկալեց ՀՀ֊ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին: Դեսպանի հետ հանդիպմանը վարչապետը դարձյալ խոսել էր Մակրոնի Երևան սպասվելիք այցի մասին, սակայն այս անգամ հստակ ժամկետներ չէր նշել: 

«Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,— ասել էր Փաշինյանը:

Լաքոթը, իր հերթին, հավելել էր միայն, որ իր երկրի ղեկավարի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: Իսկ ավելի ուշ՝ հուլիսի 23-ին, «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում Ֆրանսիայի դեսպանը, ի պատասխան լրագրողի՝ Մակրոնի այցի կոնկրետ ժամկետների մասին հարցի, ասել էր, որ «այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի»:

«2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ իր այցի ժամանակ Հանրապետության նախագահը պարտավորվեց երկկողմ այցով վերադառնալ Հայաստան։ Եթե հարցնում եք, թե երբ կլինի այդ այցը, կպատասխանեմ, որ այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի։ Իսկ օգտակար պահը այն է, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց, օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել խնդրահարույց հարցերի շուրջ։ Այսպիսով, այցի ամսաթվերն ու պարամետրերը կորոշվեն ըստ այդ նպատակի»,— անորոշ պատասխան էր տվել Լաքոթը։

Այսպիսով, նոյեմբերի 30-ի՝ 2021 թվականի աշնան վերջին օրվա դրությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը, որի մասին հունիսի 1-ին Ելիսեյան պալատում հայտարարում էր Փաշինյանը, չի կայացել: Իսկ Մակրոնի՝ մոտ ապագայում ՀՀ այցի մասին տեղեկություններն անհստակ են ու չհաստատված: 

Փաստերի ստուգման հարթակ