«Չգիտեմ ինչու, մտածեցի՝ հենց ի՛նքն է հեղինակը». Պատերազմից տուն Գևորգ Ավագյանը գտել է իր «սրտի նամակի» տիրուհուն

Արցախյան պատերազմի մասնակից, պայմանագրային զինծառայող 26-ամյա Գևորգ Ավագյանի ջանքերը՝ ուղղված իրեն բաժին հասած նամակի հեղինակին գտնելուն, հաջողվել է։ 

Գևորգ Ավագյանը «Մեդիալաբին» ուրախությամբ պատմում է, որ չնայած արդեն հույս չուներ գտնելու, բայց նամակի հեղինակը արձագանքեց․ «Արդեն հույս չունեի, բայց գտնվեց։ Հիմա շփվում ենք, երկու օր առաջ նաև հանդիպեցինք։ Ամեն ինչ լավ է հիմա, Աստված առաջ»։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ շատ աղջիկներ առաջնագծում զինվորներին ոգևորելու և դրական տրամադրություն փոխանցելու համար նամակներ էին ուղարկում սահման։

Գևորգ Ավագյանը պատերազմի ավարտից հետո որոշել էր փնտրել իրեն բաժին հասած նամակի հեղինակին, որը խոստացել էր իր «սիրտը նվիրել զինվորին»։

Ավագյանը սկզբում նամակը հրապարակել էր Ֆեյսբուքի իր էջում, սակայն՝ անարդյունք, բայց Ավագյանը տեղի չէր տվել ու ավելի ուշ դիմել էր «Մեդիալաբին»՝ հույս ունենալով գտնել։ 

«Մեդիալաբում» հրապարակված նյութի արդյունքում Գևորգ Ավագյանին նամակ գրած աղջիկն արձագանքեց։

«Նյութի տակ նա մեկնաբանություն էր թողել, զարմացած սմայլիկ էր դրել, չգիտեմ ինչու, մտածեցի՝ հենց ի՛նքն է նամակի հեղինակը, զգում էի մի տեսակ ու իրեն առանձին նամակ ուղարկեցի։ 

Հարցրեցի՝ դո՞ւք եք նամակ ուղարկողը, պատասխանեց՝ այո, փաստորեն նամակս հասել ա տեղ, ուրախ եմ, որ հասել է, ու դուք ողջ-առողջ վերադարձել եք։ Ինձ ասում էր՝ ո՞նց հասկացար, որ ես եմ, էդքան մարդ գրել էր նյութի տակ։ Բայց զգացել էի, չգիտեմ ինչպես»,- պատմում է Ավագյանը։

Այնուհետև Ավագյանը նամակի հեղինակին առաջարկել է ծանոթություն հաստատել և շփվել․ «Առաջարկեցի՝ ծանոթանանք, ավելի լավ ճանաչենք միմյանց, ինքը համաձայնվեց։ Հանդիպեցինք, զրուցեցինք, հիմա շփվում ենք»,- պատմում է Ավագյանը։

Ասում է, որ տարբեր թեմաների շուրջ են զրուցում, բայց պատերազմի թեման շրջանցում են, Ավագյանը չի սիրում այդ մասին խոսել:

«Պատերազմի մասին նրան չեմ պատմում, չեմ ուզում այդ մասին խոսել, տարբեր թեմաներից ենք խոսում ու կես խոսքից հասկանում ենք իրար»,- ասում է նա։

Նամակի հեղինակը՝ Աննան, խանութում գանձապահ է աշխատում, դեռ չի ցանկանում՝ հանրայնացվի, որ հենց ինքն է նամակի հեղինակը: Ծնողները և ընկերները ևս դեռ տեղյակ չեն զինվորի հետ ծանոթությունից, քանի որ դեռ նոր են սկսել շփվել, սակայն, «եթե ամեն ինչ լավ լինի՝ կասի»,- ասում է Ավագյանը։

Իսկ Գևորգն արդեն հայտնել է ընկերներին նամակի հերոսուհուն գտնելու և ծանոթություն հաստատելու լուրը․ «Ես ընկերներիս արդեն ասել եմ, ու ասեցին՝ շատ լավ է»,- ժպտալով ասում է Ավագյանը։

Ավագյանն ասում է, որ եթե ամեն ինչ հաջող ստացվի, ընտանիք կստեղծեն, բայց ընդգծում է՝ ժամանակից առաջ չընկնենք։ Այժմ ուրախ է, որ ամեն ինչ լավ է ընթանում: 

«Հիմա նորմալ շփվում ենք։ Աստված առաջ, ժամանակից առաջ չընկնենք»,- ասում է Ավագյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am