Բյուրական գյուղի բնակիչը կալանավորվել է՝ գողություն կատարելու մեղադրանքով

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Բյուրական գյուղի տներից մեկից կատարված գողության հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն  գյուղի 54-ամյա բնակիչ է:

Քննությամբ պարզվել է, որ վերջինս 2021թ. դեկտեմբերի 17-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի տներից մեկի գինետան պատուհանով ապօրինի մուտք է գործել ներս և այնտեղից գաղտնի հափշտակել է 2 հատ հուշանվեր դանակ, 2 հատ հուշանվեր թուր, 1 հատ սրբապատկեր, 1 հատ ժամացույց, ճարմանդներ և ոգելից խմիչքներ։   

ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 54-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:  Վերջինս հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննության ընթացքում գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: 

Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:      

Նախաքննությունը շարունակվում է:

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։