Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանում ապօրինի դատապարտված Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը ձևական բնույթ ունի

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը չի կարծում, որ ադրբեջանական սահմանապահների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի դեմ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքն արդյունավետ կլինի։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով ասուլիսում նա համոզմունք է հայտնել, որ այն ձևական պաշտպանության շրջանակներում է։

«Մենք նախկինում էլ ունեցել ենք դեպքեր, երբ ռազմագերիների հանրային պաշտպանները ֆորմալ առումով բողոքարկել են դատական ակտերը, բայց դրանք որևէ արդյունք չեն տվել և սահմանված պատժաչափերը մնացել են անփոփոխ։ Այս ճանապարհով փորձում են իմիտացնել, որ Ադրբեջանում գոյություն ունեն ներպետական պաշտպանության միջոցներ, այդ մեխանիզմներն արդյունավետ են։

Հիմնական նպատակը միջազգային դատարաններում ընթացիկ գործընթացներում ապացույցներ գեներացնելն է, երկրի շահերի պաշտպանությունը կազմակերպելն է միջազգային ատյաններում, բայց չեմ կարծում, որ բողոքարկման իրական նպատակն արդարության վերականգնումն է կամ դատական սխալների բացառումը»,-ասել է Սահակյանը։