Մասնագիտական ուսուցման ընթացքում շահառուն կարող է 5 ամիս ժամկետում սովորել նոր մասնագիտություն. Կառավարության նոր նախաձեռնությունը

Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել գործազուրկ քաղաքացիների մասնագիտական ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման կազմակերպման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ըստ այդմ՝ նախատեսվում է միավորել գործող մասնագիտական ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման ծրագրերը՝ հնարավորություն տալով շահառուներին կամ ձեռք բերել աշխատանքային փորձառություն, կամ մասնագիտական ուսուցում անցնել առավել նպաստավոր աշխատանքային պայմաններով։

Մասնագիտական ուսուցման ընթացքում շահառուն կարող է 5 ամիս ժամկետում սովորել նոր մասնագիտություն, այդ թվում՝ համակարգչային հմտություններ, մատնահարդարում, վարսահարդարում և այլն։ Վերջինս այդ ժամանակահատվածի համար կստանա ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 40,000 դրամ։

Աշխատանքային պայմանագրի կնքումից հետո գործատուին կտրամադրվի առավելագույնը 25,000 դրամ (յուրաքանչյուր ամիս՝ 3 ամիս ժամկետով)՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի փոխհատուցման համար։

Իսկ այն դեպքում, երբ շահառուն գործատուի մոտ փորձառություն անցնի, կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 1 տարի ժամկետով։ Ըստ այդմ՝ շահառուի աշխատավարձի վճարման համար կտրամադրվի փոխհատուցում՝ 68,000 դրամ (յուրաքանչյուր ամիս՝ երեք ամիս ժամկետով), ինչպես նաև առավելագույնը 25,000 դրամ՝ (յուրաքանչյուր ամիս՝ վեց ամիս ժամկետով) շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի փոխհատուցման համար։

Գործատուն պետք է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնի թափուր աշխատատեղերն ու անհրաժեշտ մասնագիտական ունակությունների և հմտությունների պահանջները, ապա տարածքային կենտրոնում գրանցված և այդ պահանջներին համապատասխանող անձանցից ընտրություն կատարի։