Ինչ հաղորդվեց և ինչ հերքվեց. սահմանային լարվածության հետքերով. Fip.am

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում մայիսի 12-ին հայտնվեցին տեղեկություններ Հայաստանի երեք մարզերում ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տեղեկատվական հոսքի ժամանակագրությունը՝ ներկայացնելով առկա տեղեկությունները և գերատեսչությունների կողմից դրանց հերքումները:

Սյունիքի մարզ. մարտեր չէին ընթացել, սակայն ադրբեջանական զորքերը հատել էին ՀՀ պետական սահմանը

Կեսօրին NEWSPRESS.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց, որ Սյունիքի մարզում Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում: «Շուրջ կես ժամ առաջ հակառակորդը հարձակում է նախաձեռնել: Հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են»,- գրել էր կայքը:

Րոպեներ անց Hraparak.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ գիշերը լարված է անցել Սյունիքում, ադրբեջանցիները փորձել են նորից առաջ գալ ու բարելավել իրենց դիրքերը` Հայաստանի սահմանի հաշվին, ինչին դիմադրել են տեղացիները։ Թշնամուն, սակայն, հաջողվել է Ջերմուկի հատվածում, նաև Տեղ համայնքի Խնածախ գյուղի մոտ մի փոքր առաջ գալ։ 

Այնուհետև Mediaport տելեգրամյան ալիքը գրեց, որ Սյունիքի և Վայոց ձորի սահմանային հատվածներում հակառակորդը զորք է կուտակում՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։

Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանն իր Ֆեյսբուքի էջում գրեց․ «Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր, ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են»։

Hraparak.am-ը կրկին անդրադարձավ թեմային՝ գրելով, որ Լուսակերտի զորամասից այս պահին զորք են տանում Սյունիք՝ օգնության, և մարտական պատրաստվածության թիվ մեկ հրաման են տվել։

Infocom.am-ը կապվել էր Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ, որը հերքել էր շրջանառվող լուրերը։ Փոխմարզպետը հստակեցրել էր, որ Սև լճի ուղղությամբ սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում, որին մասնակցում են ՊՆ ներկայացուցիչները, իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այս պահին ճանապարհվում է դեպի Սև լիճ։

Analitik.am-ին, սակայն, Վայոց ձորի մարզպետարանից Սյունիքի փոխմարզպետին հակասող տեղեկություն փոխանցեցին: Ըստ մարզպետարանի՝ որևէ միջադեպ չի եղել, տեղեկությունները կեղծ են: Նաև հայտնեցին, որ Իշխանասարի մոտ հայկական ուժերն ուսումնավարժանք են անցկացրել, և հավանաբար այդ կրակոցներն են դարձել խոսակցության թեմա:

Armradio.am-ի հետ զրույցում արդեն Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնեց, որ ադրբեջանցիները Սև լճի տարածքում առաջ են եկել, սակայն հարձակում չի եղել ու վիրավորներ չկան:

Fip.am-ը կապ հաստատեց Սև լճին հարակից Ակներ բնակավայրի վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանի հետ, որը հայտնեց, որ գյուղում իրավիճակը նորմալ է, սակայն ադրբեջանցիներն իսկապես առաջ են եկել, և հայ զինվորականների մասնակցությամբ բանակցություններ են ընթանում:

ArmDaily.am-ի հետ զրույցում Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկյանը տեղեկացրել էր, որ ռուս սահմանապահները ծանր ռազմական տեխնիկա ու մարդուժ են արագ տեմպերով տեղափոխում Գորիս խոշորացված համայնքի այս հատվածները։ Armday.am-ի հետ զրույցում նույն փաստերը հաստատել էր նաև Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը: 

Ինֆորմացիոն ալիքի սկսվելուց ավելի քան մեկ ժամ անց իրավիճակի մասին հայտարարություն տարածեց Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում. «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները»։ ՊՆ-ն նշել էր, որ այդ պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Նախարարությունը հերքել էր նաև Իշխանասարի շուրջ տեղի ունեցող մարտի փաստը:

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը Aysor.am-ի հետ հարցազրույցում պնդեց, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը, և ռուսներն այդ ուղղությամբ բանակցում են:

Ինֆորմացիոն հոսքի ողջ ընթացքում լուրեր էին տարածվում, որ զորամասերում տագնապ է հայտարարվել։ Գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ 3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թվականի տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն: «Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում»,- հայտնել էր նա։ 

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց՝ պաշտոնապես տեղեկացնելով, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դիրքային հարց է, և կատարվում են հստակեցումներ. «Դիրքային խնդիր է, որը կապված է հետևյալ իրողության հետ, ադրբեջանցիները 1974 թվականի ինչ-որ քարտեզ ձեռքներին եկել են ինչ-որ մի բարձունքի վրա, ասում են՝ սա մերն է: Մտանք ֆեյքային լուրերի տարածման փուլ»:

Երեկոյան արդեն Արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ առանձնազրույցի ընթացքում անդրադարձավ իրավիճակին և դատապարտելի համարեց Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների խախտման փորձերը:

Fip.am-ը կապ հաստատեց Civilnet-ի լրագրող Գևորգ Թոսունյանի հետ, որը գտնվում է Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում: Լրագրողը հայտնեց, որ գյուղում իրավիճակը հանգիստ է, որևէ լարվածություն կամ խուճապ չկա, տեղի բնակիչնեը նրան հայտնել են, որ առավոտյան շրջակա արտերում աշխատող գյուղացիներին զանգահարել են և հորդորել վերադառնալ գյուղ, քանի որ սահմանին կա լարվածություն: Սակայն, փաստացի, որևէ միջադեպ չի գրանցվել, ասում են՝ որևէ պայթյունի կամ կրակոցի ձայն չեն լսել:

Սակայն բնակիչները լրագրողին բողոքեցին, որ տարածվող ապատեղեկատվությունը ազդել է գյուղում մթնոլորտի վրա, բոլորին զայրացրել էին  լրատվականներում և սոցցանցերում տարածվող տեղեկությունները, որոնք լարվածություն են առաջացրել այն դեպքում, երբ որևէ լուրջ միջադեպ իրենց ուղղությամբ չի եղել։

Գևորգ Թոսունյանը հայտնեց նաև, որ օրվա ընթացքում սահմանի մոտ անընդհատ ուղղաթիռներ են պտտվել՝ պարզ չէ՝ ռուսակա՞ն, թե՞ հայկական: 

Վարդենիս. ադրբեջանական զորքերը վերսկսել էին եղանակի պատճառով դադարեցված սահմանազատումը

Ipress կայքը կեսօրին հայտնեց, որ իր տեղեկություններով՝ հակառակորդը Վարդենիսի ուղղությամբ հարձակվել և դիրք է գրավել: Տեղեկությունը տարածեց newspress.am-ը:

Այնուհետև Անի Պողոսյան անունով ֆեյսբուքյան օգտատերը հայտնեց, որ Վարդենիսի Թարսա կոչվող տարածքում (արոտավայր) առավոտյան գյուղացիները նկատել են, որ ադրբեջանցիները խրամատավորվում են:

Tert.am-ը հրապարակեց տեսանյութ՝ հայտնելով, որ Սևան-Վարդենիս ավտոճանապարհին ՊՆ մեքենաներ են ուղևորվում դեպի Վարդենիս:

ArmDaily.am-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը հայտնեց, որ նախորդ տարի ադրբեջանցիները սահմանազատում չէին կատարել ձյան պատճառով և եկել էին դա իրականացնելու. «Բացարձակ ոչ մի կրակոց չի եղել, հենց նոր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը մոտեցավ, իրենց հետ խոսեց, ադրբեջանցիները ասացին՝ եթե մենք ձեր հողի մեջ մտել ենք, ուրեմն կգնանք այնքան, որքան առաջ ենք եկել, բայց մենք նայում ենք GPS-ով։ Մեր հրամանատարը պնդեց, ասաց, որ 300 մետր պիտի հետ գնաք, նրանք հավաքվեցին, 300 մետր հետ գնացին»։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նույնպես հերքեց տեղեկությունները, թե ադրբեջանցիները դիրքերն առաջ են բերել. «Հակառակորդը այս պահին աշխատանքներ է իրականացնում 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր վերահսկողության տակ անցած այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել: Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից»:

Վայոց ձոր. ադրբեջանցիները Ջերմուկի հատվածում առաջանալու փորձեր չեն կատարել

Mediaport տելեգրամյան ալիքը նաև գրեց, որ Սյունիքի և Վայոց ձորի սահմանային հատվածներում է հակառակորդը զորք կուտակել՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։

Hraparak.am-ը հավելեց, որ թշնամուն հաջողվել է Ջերմուկի հատվածում նաև Տեղ համայնքի Խնածախ գյուղի մոտ մի փոքր առաջ գալ։ 

168.am-ը արտատպել էր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը` Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում թշնամու մեծաթիվ կուտակումների մասին։ «Հենց էս պահին ահազանգ կա, որ թշնամին, հիշեցնեմ՝ մեր թշնամին թուրքն է, մեծաթիվ զորք է կուտակում Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։ Բնականաբար, Վաղարշակ Վառնազովիչը հեսա կհերքի, մինչև մի հակահիգիենիկ թուրք, Փոլատ Բյուլ-բյուլօղլու ձայնով անձամբ մի հատ լայվ չմտնի Ջերմուկի տաք ջրերից»,- գրել էր նա։

Սյունիքի մարզի Խոզանվար գյուղի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանն էլ Lragir.am-ի հետ զրույցում տեղեկություններ փոխանցեց, որ բացի Սյունիքից ադրբեջանցիները փորձում են առաջանալ նաև Ջերմուկի հատվածում՝ դեպի Գորհայք։

Analitik.am կայքն այս տեղեկությունները ճշտելու համար կապ էր հաստատել նաև Վայոց ձորի մարզպետարանի հետ, որտեղից նրանց փոխանցել էին, որ որևէ միջադեպ չի եղել, տեղեկությունները կեղծ են: «Նաև հայտնեցին, որ Իշխանասարի մոտ մեր ուժերն ուսումնավարժանք են անցկացրել: Հավանաբար այդ կրակոցներն են դարձել խոսակցության թեմա»,- գրել էր կայքը:

Fip.am-ի հետ զրույցում Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը հերքեց մարզին վերաբերվող տեղեկությունները։ «Մեզ մոտ որևիցե բան չկա։ Էս պահին ես Ջերմուկում իմ աշխատանքային կաբինետում նստած եմ, որևիցե խնդիր մենք չունենք»,- ասաց նա։

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է հետևել սահմանային իրավիճակի վերաբերյալ ստացվող լուրերին։ Հաշվի առնելով թեմայի զգայունությունը և ստացվող տեղեկատվության հակասական բնույթը՝ մեր թիմը կփորձի հնարավորինս մանրակրկտորեն ստուգել բոլոր փաստերը և ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն։

Լուսինե Ոսկանյան

Նելլի Լազարյան

www.Fip.am