Հայաստանի ժեստն Իրանի նոր նախագահին

Հայաստանի ժեստն Իրանի նոր նախագահին
Հայաստանի ժեստն Իրանի նոր նախագահին

Հայաստանի Ազգային Ժողովը հավանության է արժանացրել Իրանի հետ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությանը հարկային ու մաքսային արտոնություններ տալու կառավարության որոշումը: Բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման մասին խոսվում է բավական երկար ժամանակ՝ տարիներ շարունակ: Հարկային ու մաքսային արտոնությունների սահմանումը ենթադրում է, որ Հայաստանը վերջապես սկսելու է շինարարությունը:

Ազգային Ժողովի որոշումը կայացվում է հետաքրքրական ֆոնի պայմաններում: Նախ, օրերս Հայաստանի հետ էներգետիկ եւ տնտեսական ծրագրերի վերաբերյալ բավական դժգոհ տոնով էր արտահայտվել Հայաստանում Իրանի դեսպանը, իր նախաձեռնությամբ հանդիպելով մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նա ակնարկել էր այն մասին, որ շատ հարցերում Իրանը սպասում է Հայաստանի նախաձեռնությանը, սակայն Հայաստանը պասիվ է:

Հայաստանն այդ ընթացքում հայտարարում էր, թե ի տարբերություն ռուսական գազի իրանական գազի էժան լինելու մասին խոսքերը իրականությանը չեն համապատասխանում: Դա ասում էր Հայաստանի էներգետիկայի նախարարը: Ովքեր հիշում են, նրա անունը Արմեն Մովսիսյան է: Իրանի դեսպանը հակառակն էր հայտարարել, որ Իրանը կարող է Հայաստանին էժան գազ մատակարարել: Նախարար Մովսիսյանը հայտարարեց, թե դեսպանն ուրեմն չի տիրապետում իրականությանը: Թեեւ առավել հավանական է այն, որ նախարարը պարզապես իրականությունը չի հիշում: Նա վերջին օրերին բավական դժվարությամբ է հիշում պարզ բաներ, օրինակ թե որ ամսին է Ռուսաստանը թանկացրել գազը Հայաստանի համար:

Փոխարենը, Արմեն Մովսիսյանը հիշում է, որ բանակցում է ռուսական Գազպրոմի հետ, որպեսզի Հայռուսգազարդում Հայաստանի կառավարությանը մնացած 20 տոկոսը անցնի Գազպրոմին: Եվ սա եւս ուշագրավ է Իրանի հետ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությանը հարկային ու մաքսային արտոնություն տալու մասին օրինագծի ընդունման ֆոնի տեսանկյունից:

Ինչպես հայտնում է Փաստինֆոն, Իրանի հետ բարձրավոլտ այդ գիծը կառուցելուց հետո Հայաստանը Իրանից կարող է ստանալ տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետր գազ, որը Հայաստանի տարեկան պահանջարկի մոտ 70 տոկոսն է՝ տարեկան պահանջարկը կազմում է 1,8 մլրդ: Գազը կստացվի գազ էլեկտրաէներգիայի դիմաց սկզբունքով, ինչպես եւ կողմերը պայմանավորվել էին հայ-իրանական գազամուղը կառուցելիս: Այդ սկզբունքի արդյունավետ աշխատանքին սակայն խանգարում էր բարձրավոլտ գծի բացակայությունը:

Այժմ, երբ Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է ձգել Հայաստանի էներգետիկ «պտուտակները», Երեւանը բավական առարկայական ժեստ է կատարում Իրանի ուղղությամբ: Սա իհարկե ամենեւին չի նշանակում, որ էլեկտրագծի կառուցումը կարելի է համարել փաստ: Ի վերջո, չի բացառվում, որ Երեւանը իր կայացրած որոշմամբ մի կողմից Իրանին է հանգստացնում՝ դժգոհությունը մեղմելու համար, հատկապես այդ երկրում նոր նախագահի պարագայում՝ նրա ուղղությամբ նախաձեռնողական ժեստ անելով, իսկ մյուս կողմից Ռուսաստանին է փորձում ակնարկել,  որ «պտուտակները ձգելու» Մոսկվայի քաղաքականությունը Երեւանում կարող է արժանանալ գործնական հակազդեցության, եւ Հայաստանն ամենեւին մտադիր չէ անվերջ լռելյայն հանդուրժել էներգետիկ մահակն իր գլխին: Կարդալ ավելին