«Պուտինը ստում է, ձեռ է առնում Հայաստանին». Ստյոպա Սաֆարյան

«Պուտինը ստում է, ձեռ է առնում Հայաստանին». Ստյոպա Սաֆարյան
«Պուտինը ստում է, ձեռ է առնում Հայաստանին». Ստյոպա Սաֆարյան

Վերջին զարգացումների մասին «Մեդիալաբը» զրուցել է «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան, Gazeta.ru-ն «Սերժ Սարգսյանը Մոսկվա էր եկել՝ կարգավիճակի հետեւից» վերնագրով վերլուծության մեջ նկատել էր, որ ԼՂՀ խնդիրն առանցքային է Սարգսյանի քաղաքական ապագայի համար: Եւ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա կապել էր Սարգսյանի հետագա պաշտոնավարման խնդրի հետ: Դուք Սարգսյանի՝ Մոսկվա այցում նման ենթատեքստ տեսնո՞ւմ եք:

-Վերջին շրջանում մի քանի դեպքեր են տեղի ունեցան, որոնք սասանեցին  Հայաստանի իշխանությունների դիրքերը: Մեկը՝ ապրիլյան պատերազմն էր, մյուսը՝ «Սասնա  ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը:  Դրանց հանգուցալուծումները, հաստատապես, կարող էր ուղղակի արժենալ իշխանության կորուստը: Հատկապես, երբ «Սասնա ծռերի» օրերի ժամանակ Ռուսաստանը մղում էր անել այնպիսի քայլեր, որոնք կարող էին արյունահեղության պատճառ դառնալ: Մանավանդ, որ դրված էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության, հեռացման գործընթացը: Այս կտրվածքով, Սերժ Սարգսյանը տեսնում եւ հասկանում էր այս ամեն ինչը: 

Ըստ էության, Ռուսաստանը դժվար տեխնոլագիաներով աշխատում էր դիրքերն ակտիվացնելու վրա, գումարած դրան ԼՂՀ խնդրի ակտիվացման գործընթացը, որը տարածքային զիջումների կոնտեքստում է, եթե չլինի Արցախի կարգավիճակ, կրկին հանգեցնելու է իշխանության կորստի: Որովհետեւ, այս առումով մենք արդեն ունենք Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքը, որը փորձեց տարածքային զիջումների մասին խոսել, բայց կորցրեց իշխանությունը: Հետեւաբար, կարծում եմ տվյալ լրատվամիջոցը հիմքեր ունի պնդելու, որ Սարգսյանը գիտակցում է, որ կախված է Մոսկվայից, եւ այս ամենում շատ  բաների թելերը տանում է դեպի Մոսկվա: Ուստի, Պուտինի բարեհաճությունն ունենալն այս կարգավիճակը պահելու հարցում, կարեւոր է:

-Սարգսյան-Պուտին հանդիպմանը հետեւած հայտարարության ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է՝ «Շատ եւ շատ կարևոր է, որպեսզի իրականացվեն ձեռքբերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան: Ապա կրկին ընդգծել է ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման հարցը, հիշեցրել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները, 1994-1995 թվականների հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը: Ի՞նչ «մեսիջներ» էր ուղղում Սարգսյանը:

-Կարելի նկատել, որ կրկին պատերազմի վերսկսման խնդիրն է քննարկվում, որովհետեւ Սերժ Սարգսյանը հղում է  անում նաեւ 2 տարի առաջ Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը եւ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությանը, եթե խոսք է գնում 94-ի պայմանագրերի մասին: ՀՀ իշխանությունը տեսնում է, որ  իրավիճակը գնում է դեպի պատերազմ, եւ եթե ինքը իր նախաձեռնությամբ  հանդիպում է Պուտնին եւ քննարկում այդ հարցերը, նշանակում է պատերազմի, այսպես ասած՝ կանխարգելմանն էր նվիրված, կամ նոր պատերազմին նվիրված, որի մանրամասները չեն հրապարակվում:

-Սարգսյան-Պուտինին նախորդած Պուտին-Էրդողան հանդիպումը, եթե դիտարկենք ԼՂՀ  խնդրին առնչվող կետերով, արդյոք՝ Էրդողանն ուզում է Թուրքիան ներգրավել ՂՀ խնդրի կարգավորման գործընթացում, եւ Պուտինի դիրքորոշումն այս հարցում ինչպիսի՞ն է:

-Թուրքիայի եւ Ռուսաստանի դիրքորոշումները ղարաբաղյան հարցում ինչ-որ չափով համընկնում են, խոսքը վերաբերում է որոշ տարածքների վերադարձնելուն: Այս իմաստով Թուրքիան քանի որ հաշտեցման  է գնում Ռուսաստանի հետ, այլ հարցերում իր համագործակցության դիմաց որպես վճար հիշեցնում է Պուտինին, որ տարածքներ չպետք է հետ վերադարձվեն, խնդիրը լուծվի այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում:  Ինչ վերաբերում Մինսկի խմբում դերակատարում ունենալուն, թերեւս  Թուրքիան ՌԴ-ին պետք է Մինսկի խումբը քանդելու համար, բայց ոչ թե մի նոր Մինսկի խմբում լինելու համար: Այս առումով Ռուսաստանն  այլ պլաններ ունի. նրա ցանկությունն է հակամարտության մեջ ունենանալ բացառիկ, միանձնյա դերակատարում, բացառապես ռուս խաղապահներով: Հետեւաբար, այս իմաստով Թուրքիան դժվար նրան պետք գա:

-Հայաստանն ի՞նչ կարող է ակնակալել Պուտին-Սարգսյան հանդիպումից:

-Հայաստանը չպիտի ակնկալի, Հայաստանի հանրապետությունը պետք է ուժեղանա, ուրիշ տարբերակ չկա, ուժեղի վրա չեն հարձակվում:

-Ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում Հայաստանի հզորացման համար, երբ ունենք փակ սահմաններ, կոռուպցիայի, արտագաղթի բարձր մակարդակ եւ այլն:

-Հայաստանին օդ ու ջրի պես հարկավոր են խորը, լուրջ բարեփոխումներ: Գուցե՝ ցավագին, բայց վերին աստիճանի խորը եւ թիրախավորված, որոնցով էապես միջավայրն ու խաղի կանոնները կփոխվեն: Հավատացնում եմ, հայկական հրաշքը երկար սպասել իրեն չի տա:

-Իշխանությունները պատրա՞ստ են, կգնա՞ն Ձեր նշած բարեփոխումներին, թե՞ հասարակությունը պետք է ստիպի, ասենք՝ փողոց դուրս գալու եւ այլ միջոցներով:

-Ոչ, չի գնա, բայց հասարակությունը պետք է ստիպի: Սա հետադիմական կառավարություն է, սա նույնիսկ պահպանողական կառավարություն չէ, որ ասի՝ ամեն ինչ լավ է, այսպես թող մնա:

-Հանդիպման օրը Պուտինը հայտարարեց՝ «Ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 %-ով, ինչպես երեւում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի»: Փորձագետներն անմիջապես արձագանքեցին՝ Հայաստանի ՀՆԱ-ն ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո  ոչ թե աճել է, այլ՝ 8% -ով նվազել: Պուտինի նման հայտարարությունն ի՞նչի մասին է խոսում, սխալ ցուցանիշ էին ներկայացրել, թե՝ այլ միտում կա:

-Պուտինը ստում է, ձեռ է առնում Հայաստանին: Պուտինը, կարծում եմ, հրաշալի տեղյակ, է, որ Հայաստանը ոչ միայն չէր կարող օգուտ ստանալ, այլեւ ինքն էր ժամանակին երկար քննարկել, համոզել՝ ոչինչ, որ ընդհանուր սահման չունեք, ոչինչ, որ խոչընդոտները շատ են, բայց եկեք միացեք ԵԱՏՄ-ին: Պուտինը լավ գիտի, որ ԵԱՏՄ-ին Հայաստանը միացել է ոչ թե սեփական կամքով, տնտեսական ակնկալիքներով, այլ իր շանտաժի հետեւանքով, եւ ղարաբաղյան խնդիրը օգտագործվեց մեր դեմ, Ադրբեջանին օգտագործեց մեր դեմ, հետեւաբար  այս իմաստվ Պուտինը ստում է: Ես չգիտեմ, ուզում էր նվաստացնել Սերժ Սարգսյանին ու նրա ներկայությամբ ասել մի սուտ, որի հետ նա չհամաձայնվել չէր կարող: Թե՞ ուղղակի, քանի որ իր երկրում էլ ամեն ինչ ստեղծված է կեղծիքի  վրա, միգուցե ուզում էր այդ կեղծիքը քարոզչության ոգով ներարկել հանրությանը, որ լուրջ օգուտ ստացել ենք: Մենք  մեր ինստիտուտի փորձագետներով ամփոփել ենք տնտեսական տարին, եւ դրանք ոչ միայն անցյալ տարիների տնտեսական աճի նման ցուցանիշներ չեն արձանագրել, այլեւ այս տարվա համար բացասական միտումներ են կանխատեսել:

-Կարծիք կա, որ Պուտինը նման հայտարարություններով սպառնում է Հայաստանին՝  հանկարծ միտք չունենաք ԵԱՏՄ-ից դուրս գալ, ի՞նչ կասեք:

-2012 թվականից սկսած Պուտինը փորձել է համոզել, հետո անցել է շանտաժի, հետո մեր անվտանգութան շահերը վտանգելուն, որի արդյունքում ճարահատյալ, մի գիշերում որոշում կայացվեց մտնել ԵԱՏՄ: Այս կտրվածքով, իհարկե Ռուսաստանը հենց այնպես հեշտ չի թողնի, որ Հայաստանը դուրս գա: Մանավանդ, որ Հայաստանում կան նման ձայներ, ու շատանում են: Իհարկե Ռուսաստանը մտահոգվելու բան ունի: Դրա համար ուզում է Հայաստանի իշխանությունն այնքան թուլանա, որ երբեւիցե չմտածի դրա մասին:

Լուսանկարը՝ ՏԱՍՍ

Մարի Ներսեսյան

MediaLab.am