Թուրքիայում կատակերգու Դենիզ Գյոքթաշը ձերբակալվել է Էրդողանի մասին կատակների համար

Թուրք կատակերգու Դենիզ Գյոքթաշը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ արտերկրից վերադառնալուց հետո։ Նրա դեմ քննություն է սկսվել ստենդափ ելույթի պատճառով, որը, ըստ դատախազության, պարունակում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կրոնական արժեքները վիրավորող արտահայտություններ։

DW-ի փոխանցմամբ՝ 32-ամյա Գյոքթաշը ձերբակալվել է անձնագրային վերահսկողության ժամանակ և տեղափոխվել Ստամբուլի անվտանգության վարչություն՝ հարցաքննության։

Խոսքը Գյոքթաշի «Ölü Deniz» ներկայացման մասին է, որը կայացել է հունիսի 1-ին Ստամբուլի Հարբիյե բացօթյա թատրոնում, իսկ հունիսի 25-ին հրապարակվել է YouTube-ում։ Մեկ շաբաթում տեսանյութը միլիոնավոր դիտումներ է հավաքել, իսկ ելույթից հատվածներ լայնորեն տարածվել են սոցցանցերում։

Ներկայացման ընթացքում Գյոքթաշը սուր սատիրայով անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքականությանը, Էրդողանին, ընդդիմադիր գործիչներին, համալսարաններին, բողոքի ցույցերին, ազգայնականությանը, կրոնին և խոսքի ազատության սահմանափակումներին։

Գյոքթաշի ձերբակալությունը Թուրքիայում կրկին քննարկման առիթ է դարձել խոսքի ազատության և սատիրայի սահմանների շուրջ։ Իրավապաշտպաններն ու քննադատները նշում են, որ Թուրքիայում նախագահի և կրոնական արժեքների «վիրավորանքի» մասին հոդվածները հաճախ կիրառվում են քննադատական ձայների, լրագրողների, արվեստագետների և հանրային գործիչների դեմ։