Սյունիքում նախատեսվում է տեխնոպարկ հիմնել․ Հակոբ Արշակյանի այցելությունը մարզ

Օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Սյունիքում է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանի հետ։

Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզպետարանում նա հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի ու փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարը հետաքրքրվել է Սյունիքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպությունների քանակով ու գործունեությամբ, մարզի աշխատաշուկայի կառուցվածքով, ՏՏ բնագավառի զարգացման հեռանկարներով եւ պահանջներով։

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Սյունիքում նախատեսվում է տեխնոպարկի հիմնում, եւ քննարկվեցին նաեւ դրա համար առավել նպատակահարմար վայրի ու կրթական բազայի հետ կապված հարցեր։

Այնուհետեւ հյուրերն այցելեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։ Հակոբ Արշակյանը նախ շրջել է բուհի տարածքում՝ ծանոթանալով տեխնիկական ու կրթական հնարավորություններին, հիմնված լաբորատորիաներին։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայում նա նաեւ ծանոթացել է դպրոցահասակ ծրագրավորողների հետ, որոնք, ի դեպ, նախարարին պատմել են արձակուրդների ընթացքում իրենց աշխատանքով գումար վաստակելու առաջին փորձի մասին։

ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղում նախարարի հետ հանդիպման են եկել նաեւ ուսանողներ ու հատկապես առաջին կուրսեցիներ։

Սեպտեմբերի 1-ի նախօրեին ողջունելով նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով՝ Հ․ Արշակյանը ներկայացրել է իր ղեկավարած նախարարության աշխատանքի հիմնական գերակա ուղղությունները՝ դրանցից յուրաքանչյուրի՝ Հայաստանում ունեցած դերի ու զարգացման հեռանկարների վրա հրավիրելով ապագա մասնագետների ուշադրությունը։ Ուսանողները նաեւ տեղեկացել են բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող այն բազմաբնույթ կրթական ծրագրերի մասին, որոնք նախաձեռնել ու իրականացնում է նախարարությունը։