«Հայ Ձմեռ պապ» ԲՀ. Ֆուտբոլային հանդիպում հանուն բարեգործության

«Հայ Ձմեռ պապ» ԲՀ. Ֆուտբոլային հանդիպում հանուն բարեգործության
«Հայ Ձմեռ պապ» ԲՀ. Ֆուտբոլային հանդիպում հանուն բարեգործության

Կոտայքի մարզի Արտավազ գյուղում ապրող Ալինա Վարդանյանը ամուսնու մահից հետո արդեն 14 տարի միայնակ է հոգում ընտանիքի հոգսերը:  Նա իր երկու երեխաների եւ սկեսրոջ հետ ապրում է գյուղի կիսաքանդ տանը, որը նախկինում որպես պահեստ է ծառայել:
Ինչպես ինքն է ասում, հիմնականում տղամարդու գործ է անում`անտառներում փայտ է կտրում, շինարարության վրա աշխատում,  որպես էլեկտրիկ աշխատում:
«Տղամարդկանց հետ հավասար տան ֆունդամենտ եմ քանդել: Տղամարդիկ մի երկու լապատկա խփում էին ու չէին կարողանում առաջ գնալ, ես իրանց հետ հավասար քանդել եմ: Ախր ինչե~ր եմ արել, որ ոչ մի կին չէր անի»,- ասում է «Հայ Ձմեռ պապի» բարեգործական հիմնադրամի շահառու Ալինա Վարդանյանը, որին Արտավազ գյուղում «հերոս» անունն են տվել:

Այս տարի Ալինայի առողջական վիճակը վատացել է: Փորձում է նախորդ տարիների նման աշխատել, բայց այլևս չի կարողանում:

Ալինա Վարդանյանին օգնելու եւ հասարակության ուշադրությունը ՀՀ և ԼՂՀ գյուղերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու անհրաժեշտության վրա կենտրոնացնելու համար մայիսի 1–ին` ժ. 17:00-19:30-ը, Խուլերի միավորման սպորտային դահլիճում /Եզնիկ Կողբացու 69/ կկազմակերպվի ֆուտբոլային հանդիպում:

Հայաստանյան ինտերնետ հանրությունը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, համագործակցությամբ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի «Երիտասարդական բանկ» ծրագրի և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի կազմակերպած խաղին, ուր իրար դեմ դուրս կգան  «RealMadrid.am» երկրպագուների ակումբն ու  ֆեյսբուքյան «Ես նեռվային եմ» խումբը, նաեւ հանգանակություն կկազմակերպվի:

Խաղից առաջ կցուցադրվի «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ներկայացրած` Արտավազ գյուղում բնակվող Ալինա Վարդանյանի ընտանիքի պատմությունը (շուրջ 10 րոպե)` հիմնավորելով խաղից հետո կատարվելիք հանգանակության առաջարկը:

Հավաքված գումարը կծառայի Ալինայի առողջությունը վերականգնելու անհետաձգելի խնդրին:

© Medialab.am