Կորոնավիրուսի զրոյական պացիենտը բացահայտված չէ. հայկական կայքերն ակնհայտ սուտ տեղեկություն են շրջանառում. fip.am

Հայկական մի շարք լրատվամիջոցներ մարտի 28-ին «սենսացիոն» հրապարակում արեցին՝ հայտնելով, թե Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի զրոյական պացիենտը։ 

«Այդ անձը կորոնավիրուսով վարակվել է չղջիկների հետ սեքսի արդյունքում». այսպիսի գլխագրերով նյութեր հրապարակեցին 7or.am-ը, iravunk.com-ը, armday.am-ը և այլ կայքեր: Ի սկզբանե հրապարակումը տարածել էր նաև hraparak.am-ը, սակայն ավելի ուշ հեռացրել էր լրահոսից:

Հրապարակումներում նշվում էր, որ այդ անձը վարակվել է նոյեմբերի 17-ին, ըստ չինական կառավարության հավաստիացման՝ մի քանի կենդանիների, ներառյալ նաև չղջիկների հետ սեքսուալ հարաբերություններ ունենալուց հետո։ 

Տեղեկությունը, սակայն, իրականությանը չի համապատասխանում: Մինչև այսօր էլ կորոնավիրուսի առաջին վարակակրի ինքնությունը պաշտոնապես հաստատված չէ:

Զրոյական պացիենտը համաճարակի առաջին վարակակիրն է: Ցանկացած համաճարակի դեպքում կարևոր է պարզել այդ պացիենտների ինքնությունը, քանի որ նրանց միջոցով կարելի է պարզել վարակի տարածման ուղիները, վարակի աղբյուրը և այլն:

Հետևաբար, զարմանալի չէ, որ նոր տեսակի կորոնավիրուսի զրոյական պացիենտի անհայտ լինելը զանազան տեսությունների և կեղծ լուրերի տարածման պատճառ է դառնում

Հատկանշական է, որ հայկական լրատվամիջոցներն այս սենսացիոն նյութը թարգմանել և տարածել են՝ հղում անելով worldnewsdailyreport.com կայքին, որը չի էլ թաքցնում, որ կայքում տեղադրվող տեղեկությունների համար փաստերը կարևոր չեն:

Կայքի կարգախոսն է՝ «Համաշխարհային նորությունների ամենօրյա հաղորդում. երբ փաստերը կարևոր չեն» (World news Daily report. where facts don’t matter): Եվ եթե հայկական լրատվականները չշտապեին աղմկահարույց հրապարակումը տարածել, այլ դույզ-ինչ ուշադրություն դարձնեին, թե ինչ կայքից են օգտվում, կնկատեին, որ հրապարակումը կեղծ է։

fip.am