Ի՞նչ սնունդ ընդունել կորոնավիրուսին եւ խուճապին դիմակայելու համար. Սննդագետ Դավիթ Պիպոյան

Լուսանկարը՝ Դավիթ Պիպոյանի ֆեյսբուքյան էջից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, Հայաստանում կորոնավիրուսի դեպքի հաստատումից հետո մարդկանց մոտ խուճապ սկսվեց, խանութներից մեծ քանակությամբ սննդամթերք էին գնում: Ինչո՞վ եք պայմանավորում այս խուճապը։

– Ես ավելի վաղ ասել էի՝ որ օրը երկրում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվի, այդ օրը մեր քաղաքացիները մեծ քանակությամբ սննդամթերք են գնելու ու պահեստավորելու, ինչի հետևանքով խանութներում առաջանալու է ապրանքների պակաս։ 

Հաշվի առնելով այն, որ մեր հարևան Իրանում այդ հիվանդությունը տարածվել էր, ես տեղյակ էի, որ Հայաստանում բազմաթիվ մարդիկ այդ ընթացքում էին արդեն սննդամթերք գնել ու պահեստավորել։ 

Եվ կարծում եմ, որ արդեն Հայաստանում հիվանդության գրանցման դեպքից հետո մարտի մեկին ստեղծված իրավիճակը ոչ միայն պայմանավորված էր բարձր սպառման ծավալով, այլ նաև նրանով, որ կիրակի օրը մի շարք մատակարարներ չեն աշխատում։ 

Վստահ եմ, որ խանութներում այդ խնդիրն այսօր արդեն մասնակի վերականգնվել է։ Ես նկատել եմ, որ կիրակի օրերին սովորաբար խանութներում սննդամթերքի դեֆիցիտ կա, բայց դրանք հիմնականում կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքներ են՝ կաթնաշոռը, կաթը կամ թթվասերը։ 

Իսկ վերջին օրերին, հակառակը՝ խանութներում դեֆիցիտը պայմանավորված էր երկարաժամկետ պահպանվող ապրանքներով։ Օրինակ՝ չէր ճարվում ալյուր, շաքարավազ, լոբի, հատիկընդեղեն։ 

Բնական է, որ նմանօրինակ խնդիրներ պետք է առաջանային, որովհետև Հայաստանը բացառություն չէ։ Եթե հետևել եք միջազգային լրահոսին, Իտալիայի նման զարգացած երկրում նույն իրավիճակն է։

– Ինչո՞վ է պայմանավորված այդ խուճապը, ի՞նչ գործոնների հետևանքով է առաջանում։

– Այստեղ կա կարևոր խնդիր, մենք այդ խնդրի մասին մշտապես խոսում ենք, և կապ չունի՝ ռիսկի հաղորդակցությունը սննդամթերքի՞ անվտանգության ռիսկ է, թե՞ հանրային առողջապահական ռիսկ, բայց այն ունի հաղորդակցման նույն առանձնահատկությունները։ 

Շատ կարևոր է, երբ ռիսկերը հաղորդակցվում են այնպես, որ արժանահավատ լինեն սպառողների, քաղաքացիների համար, որպեսզի խուճապ չտարածվի։ 

Հաշվի առնելով այն, որ սպառողների հետ ամենօրյա շփման մեջ եմ, կարող եմ ասել, որ մարդկանց մոտ նաև խուճապ է առաջանում հաղորդված տեղեկատվության և գործողությունների անհամաչափության պարագայում։

Երբ օրեր շարունակ մենք սպառողներին ասում ենք՝ դե, սա վտանգավոր վիրուս չէ, անկախ ամեն ինչից, թե քանի տոկոս է մահացության մակարդակը, հետո այլ բան ենք ասում, դա խուճապ է առաջացնում։ Մարդկանց հետաքրքրում է հետևյալը՝ նրանք նայում են, թե մյուս երկրներում ինչ միջոցառումներ են իրականացվում, տեսնում են, որ սահմանափակումներ կան, ախտահանման միջոցառումներ են իրականացվում հանրային տրանսպորտում, այլ վայրերում։ 

Մեզ մոտ հայտարարում էին, թե վիրուսը վտանգավոր չէ, բայց հենց առաջին դեպքը գրանցվեց, «Գոլդեն Փելես» հյուրանոցը հատկացրեցին այդ մարդկանց։ 

Ասում են՝ վտանգավոր չէ, բայց այնտեղ մարդկանց հետ շփվում են հատուկ հագուստով, իսկ սա մարդկանց վրա թողնում է իր հոգեբանական ազդեցությունը. եթե վտանգավոր չէ, ինչո՞ւ եք հատուկ արտահագուստով շփվում այդ մարդկանց հետ։ 

Մյուս գործոնն այն է, որ մարդկանց սկզբում ասում էին՝ որևէ դպրոց կամ մանկապարտեզ չի փակվելու, բայց հետո դպրոցները փակվեցին։ 

Սկզբում ծաղրուծանակի էին ենթարկում, ասում էին՝ ինչո՞ւ պետք է սահմանային սահմանափակումներ լինեն, դա ծիծաղելի հիվանդություն է։ 

Հետո Իրանի հետ սահմանափակումները մտան։ Անգամ ԱԺ պատգամավորները Ֆեյսբուքում հայտարարում էին, որ վիրուսի մասին խոսողներն ընդամենը խուճապ տարածողներ են, և «նրանք հաջորդ կյանքում կորոնավիրուս են դառնալու»։ 

Հետո հենց սահմանային սահմանափակումները մտցվեցին, նրանք միանգամից փոխեցին իրենց դիրքորոշումը, պարզվեց՝ մեր երկիր ներթափանցելու խնդիր կա։ Հետագայում ասում էին՝ որևէ կարիք չկա Իրանից եկող մարդկանց մեկուսացնելու, հետո պարզվում է՝ մեկուսացնում են «Գոլդեն Փելեսում»։ 

Այսինքն՝ տեսնելով, որ խոսքն ու գործողություններն անհամաչափ են, այստեղից մարդկանց մեջ խուճապ է առաջանում։ 

Մենք պետք է ունենանք համապատասխան մասնագետներ, մարդուն պետք է տալ պատշաճ տեղեկատվություն, և խուճապի կառավարման համար պատկան մարմինների խոսքը պետք է արժանահավատ լինի։ 

Այսինքն՝ ոչ պրոֆեսիոնալ հաղորդակցման սայթաքումները կարող են հակառակ էֆեկտ ունենալ, դու փորձես խուճապը թուլացնել, մարդը տեսնի, որ գործողությունները չեն համապատասխանում իրավիճակին, և միանգամից խուճապ կառաջանա։ Ավելին ասեմ, մարդկանց պետք է ճիշտը ասել։ 

Այո՛, մարդուն պետք է բացատրել, որ սա հիվանդություն է, որը կարող է ունենալ նաև մահացու ելք, պետք է բացատրել, թե որոնք են խոցելի խմբերը։ 

Ի դեպ, կորոնավիրուսի հետազոտությունները ցույց են տալիս, որ փոքր տարիքի երեխաների շրջանում կորոնավիրուսի մահացության դեպքեր չկան։ Այդ գիտական տեղեկատվությունը հանրությանը տրամադրելը շատ կարևոր դեր ու նշանակություն ունի։

– Որպես սննդաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք, ինչ սնունդ պետք է մարդիկ ընդունեն, որպեսզի դիմակայեն վիրուսներին։

– Ընդհանրապես վիրուսային հիվանդությունների մեծ մասի համար, այդ թվում՝ շնչառական վիրուսների, կարևոր նշանակություն ունի օրգանիզմի դիմադրողականությունը։ 

Այդ առումով շատ կարևոր է հաշվեկշռված սննդակարգ ունենալ։ Եթե խոսում ենք վիրուսային հիվանդություններից պաշտպանությունից, մեր թիվ մեկ «օգնականը» կարող են մրգերը լինել։ 

Դրանք իսկապես ունեն շատ կարևոր դեր ու նշանակություն։ Մասնավորապես, խոսքը վիտամին C պարունակող մրգերի մասին է։ 

Պետք է ասեմ, որ մենք ունենք տարածված միֆեր, բոլորին թվում է, թե կիտրոնը բարձր հատկանիշներ ուներ։ Բայց պետք է ասեմ, որ միայն կիտրոնը չէ, որ այդպիսին է, օրինակ՝ օրգանիզմի համար շատ լավ ազդեցություն ունի կիվին։ 

Կիվին, նարինջը, թուրինջը՝ այս բոլոր մրգերն ունեն վիտամին C-ի պարունակություն և շատ կարևոր են։ 

Երկրորդ կարևոր սննդամթերքը բանջարեղենն է։ Ի դեպ, խոսքը և՛ հում, և՛ ջերմամշակված բանջարեղենի մասին է։ Այսինքն՝ կարևոր է, որ ունենանք հում բանջարեղեն, հում աղցաններ, կաղամբ։ 

Այս օրերին կարևոր է նաև շատ հեղուկ ընդունել՝ օրական մեկուկեսից մինչև երկու լիտր։ Խորհուրդ է տրվում շատ թեյեր օգտագործել, մասնավորապես, խոտաբույսերով թեյեր։ 

Նաև կարևոր է օգտագործել սուրճ։ Կա տարածված միֆ, որ սուրճը դիմադրողականությունը թուլացնում է, բայց այդպիսի բան գոյություն չունի։ 

Նաև գիտենք, որ կան մի շարք համեմունքներ, որոնք ունեն բավական դրական ազդեցություն։ Մասնավորապես, խոսքը դարչինի, քրքումի, կոճապղպեղի մասին է։ 

Խորհուրդ է տրվում այս օրերին թեյը պատրաստել տարբեր խոտաբույսերի և այս համեմունքների համադրությամբ, քանի որ դա բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ 

Շատ կարևոր է նաև լոբազգիների ու հատիկընդեղենի կիրառումը։ Այս մթերքները ևս պարունակում են կարևոր վիտամիններ։ 

Ես այս օրերին բոլորին խորհուրդ եմ տալիս խուճապի մատնվելու փոխարեն ընդամենը պահպանել հիգիենայի կանոնները, լավ սնվել, բարձր պահել օրգանիզմի դիմադրողականությունը, հիվանդանալու դեպքում դիմել բժշկի, ինքնաբուժմամբ չզբաղվել։ Շատ կարևոր է նաև մեղրը, որը նույնպես պետք է ներառել սննդակարգում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am