Սամվել Շահրամանյանը որոշակի սլաքներ է փորձում ուղղել Հայաստանի իշխանությունների դեմ. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– «Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- ի պատասխան Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցում հնչեցրած մտքի, թե «Արցախի վտարանդի կառավարությունը գործում է Հայաստանում», ասել է Նիկոլ Փաշինյանը։ Պարո՛ն Ղևոնդյան, այս հայտարարությունների վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում, իսկապե՞ս Շահրամանյանի ասածը խնդրահարույց է Հայաստանի համար։ 

– Ֆրանսիական Le Figaro պարբերականին տրված հարցազրույցի ժամանակ Շահրամանյանի հնչեցրած մտքերը որոշակի խութեր էին պարունակում Հայաստանի նկատմամբ։ Հարցազրույցի վերջին հատվածը, որում նա նշում է, թե օկուպացված հատվածներ կան Հայաստանից, Երևանի իշխանությունները չեն կարող երկիրն անվտանգ համարել, Շահրամանյանը կարծես թե որոշակի սլաքներ է փորձում ուղղել Հայաստանի իշխանությունների դեմ, իսկ վտարանդի կառավարություն ձևավորելու հարցը պետք է լուծվի Հայաստանի օրենսդրության ու Սահմանադրության շրջանակներում։ 

Ըստ դրա՝ Հայաստանում ապրող այն մարդիկ, ովքեր քաղաքացիություն չունեն, իրավունքներ ունեն ու կարող են հասարակական հիմունքներով ստեղծել խմբեր ու որոշակի շահեր հետապնդել, այդ թվում՝ քաղաքական, բայց քաղաքական միավորումներ ստեղծել չեն կարող, այսինքն՝ ըստ օրենքի միայն կուսակցությունների ձևով կարող են քաղաքական միավորումներ ստեղծել։ 

Առաջին դեպքում, եթե Արցախի նախկին իշխանությունները ցանկանում են հասարակական միավորում ստեղծել ու իրենց անվանել Արցախի կառավարություն կամ այլ կերպ, ապա դա Հայաստանի օրենսդրական դաշտում է, ու խնդիրներ չկան։ Բայց եթե նրանք ցանկանում են ստեղծել քաղաքական միավոր, այստեղ կարող են խնդիրներ առաջանալ ու ոչ միայն ներքին դաշտում։ 

Սրա մասին է վարչապետի հայտարարությունը, որ խնդիրներ կարող են առաջանալ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված, ու այս տարաբաժանումը պետք է հստակ լինի, ու այդ մարդկանց պետք է հստակ ցույց տրվի, որ եթե իրենք ցանկանում են գործունեություն ծավալել, դրա օրենքով սահմանված չափանիշները սրանք են։ 

– Այսինքն՝ կարծում եք, որ Շահրամանյանի այդ միտքը վտանգնե՞ր է պարունակում Հայաստանի համար։ 

– Որոշակի խնդիրներ իհարկե առաջացնում է, ակնհայտ է, որ Ադրբեջանը սա կարող է որպես հաղթաթուղթ օգտագործել բանակցային սեղանի շուրջ, կարող է Հայաստանի իշխանություններին մեղադրել երկակի խաղ խաղալու մեջ։ 

– Ասացիք, որ Շահրամանյանը սլաքներ է ուղղում Հայաստանի իշխանության դեմ, կմանրամասնեք՝ ի՞նչ նկատի ունեք։

– Ասածս վերաբերում է հարցազրույցի վերջին հատվածին, որում նա նշում է, որ Երևանի իշխանությունները չեն կարող անվտանգ համարել, քանի որ Հայաստանի տարածքի որոշակի մասը օկուպացված է: Ակնհայտորեն նա դա կապում է Արցախի հարցի, այսպես կոչված վտարանդի կառավարության, ու Երևանի իշխանություններ ասելով հավանաբար ցանկանում է նաև ակնարկել, որ գործող իշխանությունը ամբողջ Հայաստանի իշխանությունը չէ, այլ միայն Երևանն է ներկայացնում, ինչը, կարծում եմ, նման կերպ են մեկնաբանել նաև կառավարությունում, ու այդ պատճառով էլ Հայաստանի վարչապետի ելույթը նման կոշտ ձևով էր։ 

– Պարո՛ն Ղևոնդյան, հիմա Արցախի Հանրապետությունը գոյություն ունի, բայց օկուպացված է Ադրբեջանի կողմի՞ց, թե՞ այն չկա, որովհետև նույն այդ հարցազրույցում Շահրամանյանը նշել է, որ ինքն ի սկզբանե իմացել է, որ Արցախը լուծարելու հրամանագիրը, որը ստորագրում է, անօրինական է։

– Արցախի Հանրապետությունը ձևավորվել է ըստ որոշ միջազգային իրավունքի կանոնների, ու եթե այդ կանոնները շարունակում են գործել, ապա ակնհայտ է, որ Արցախի Հանրապետություն գոյություն ունի ու չի կարող գոյություն չունենալ՝ ըստ միջազգային իրավունքի կանոնների: Այստեղ մեծ աշխատանք ունի անելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև՝ նույն Շահրամանյանը ու Արցախի առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը։ 

Բայց մենք գտնվում ենք աշխարհի վերաձևման այնպիսի փուլում, երբ միջազգային կանոնները հարցականի տակ են ու խախտվում են ամենուր ու բոլորի կողմից, տեսեք, թե ինչ է անում Ռուսաստանն Ուկրաինայում, Իսրայելը՝ Պաղեստինում։ Հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք անցումային ժամանակաշրջանում, հաշվի առնելով, որ մենք չգիտենք, թե այդ անցումային ժամանակաշրջանից հետո ինչպիսի՛ կանոններ կձևավորվեն, ինչպիսի՛ միջազգային իրավիճակ կլինի, ու, հաշվի առնելով, որ այս ժամանակահատածում հարցերը լուծվում են ոչ թե միջազգային կանոնների, այլ ուժի միջոցով, անհրաժեշտ է ընդգծել, որ դե ֆակտո Արցախի Հանրապետությունը գոյություն չունի, այն գտնվում է Ադրբեջանի իշխանության ներքո, Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, և եթե այս անցումային շրջանի հանգուցալուծումը բացասական լինի հայ ժողովրդի համար, ապա այս դեպքում Արցախի ազատագրման մասին խոսել չենք կարողանա կամ կխոսենք այն տրամաբանության մեջ, ինչ խոսում ենք Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի ազատագրման մասին։ 

Իսկ եթե ստացվի այնպես, որ միջազգային իրավունքում փոփոխություններ չեն լինի, այն կշարունակի գործել, ապա այստեղ որոշակի հնարավորություններ կբացվեն, ու հայությունը կարող է իրավական մեխանիզմներ օգտագործելով՝ փորձել Արցախի հարցում որոշակի հայանպաստ գործընթացներ ծավալել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am