Եթե մինչև ապրիլի 5-ը սրացում չեղավ, կնշանակի Ադրբեջանին խստորեն արգելեցին որևէ ռազմական գործողություն հրահրել. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում իշխանությունը շարունակում է պնդել, որ իրենք Հայաստանից հող չեն հանձնում, ընդդիմությունն էլ հակառակն է ասում։ Ձեր գնահատականը ո՞րն է այս հարցի վերաբերյալ։

– Խոսքը Հայաստանի տարածքից հող տալու մասին չէ, խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի փոխվարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պետք է Տավուշի շրջանում շփման գծից միակողմանի հետ քաշվի: Հարցը սրան է վերաբերում, որովհետև նույնիսկ Ադրբեջանի կողմից նախագահի մակարդակով հնչեցրած պաշտոնական սպառնալիք չկա, այլ պարզապես շրջանառության մեջ է դրվել այս հարցը: 

Եթե վաղն Ադրբեջանին մեղադրանք ներկայացնեն, որ իրենք սպառնում են Հայաստանին պատերազմով, ապա այս պահին իրենք դա հերքելու են ու ասեն, որ այդպիսի բան չկա, որովհետև, հասկանալի է, չէ՞, որ փոխվարչապետի իրավասությունը չէ պատերազմ հայտարարել կամ ռազմական գործողությունների մասին խոսել։ 

– Բայց Նիկոլ Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպմանն ասել էր, որ եթե այդ հողերը չտան, Ադրբեջանը կհարձակվի, ավելին՝ Թուրքիան ևս։

– Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի Հայաստանում ապակայունություն հրահրել, որովհետև ապրիլի 5-ին խնդիր կա ստորագրել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ Հայաստանին լրացուցիչ անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին պայմանագրեր, որոնք ինքը, հավանաբար, չի ուզում անել և դրա համար Հայաստանում փորձում է ընդվզում հրահրել։  

– Իսկ ինչո՞ւ չի ուզում ստորագրել, եթե այդպես է, պարո՛ն Ղուկասյան։

– Դա հակասում է Ռուսաստանի, Թուրքիայի շահերին, ու քանի որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանն ու Թուրքիան են առաջնային պետությունները, բնականաբար, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի առաջարկը Փաշինյանին ծանր իրավիճակի մեջ է դնում։ 

Հայաստանի համար լրացուցիչ անվտանգության երաշխիքներից պաշտոնապես հրաժարվելը լի է ծանր հետևանքներով, համաձայնել դրանց՝ իր հերթին բերում է արմատական փոփոխությունների մասին որոշումների անհրաժեշտություն, այսինքն՝ այդ դեպքում Հայաստանը պետք է  ԵՄ-ին անդամության հայտ ներկայացնի: 

Այդ ամենը շատ լուրջ խնդիրներ են, որպես կանոն, երբ Հայաստանի իշխանությունները հայտնվում են նման իրավիճակում, փորձում են ինչ-որ ներքին խժդժություն հրահրել, որպեսզի արևմտյան գործընկերներին ասեն՝ չենք կարող, որովհետև երկրում անկայուն վիճակ է, որ նման հանգամանքները դիտվեն իբրև հարգելի պատճառներ, պարզապես մերժելը շատ դժվար է լինում։  

– Նույն իշխանությունն է հայտարարում, որ իրենք պատրաստվում են ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, եթե իսկապես չեն ուզում դա անել, ինչպես ասում եք, ապա նման հայտարարություններ հնչեցնելու իմաստը ո՞րն է։

– Ես, ճիշտն ասած, նման հայտարարություն չեմ լսել։ ՀՀ Սահմանադրությամբ՝ Հայաստանի մասնակցությունը վերպետական միջազգային կազմակերպությանը լուծվում է հանրաքվեով, եթե Հայաստանի իշխանություններն իրապես մտադիր են ԵՄ անդամ դառնալու  ու թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնել, ապա պետք է այդ հարցով հանրաքվե նշանակվի, ու հանրաքվեի դրական արդյունքից հետո նոր միայն ներկայացնեն այդ հայտը: 

Ես այսպես եմ հասկանում Սահմանադրության այդ դրույթը, որը ներկայացրի։ Եթե չեն շարժվում ըստ այդմ, ապա ես եզրակացնում եմ, որ իրենք հակառակ ուղղությամբ են շարժվում, դրա համար էլ օգտագործվեց Տավուշում այդ իրավիճակը, երբ Ադրբեջանը ոչ առաջին դեմքերի մակարդակով հնչեցրեց պահանջ, ինչը, ինչպես ասացի, վաղը հնարավորություն կտա ասելու, որ իրենք սպառնալիք չեն հնչեցրել, հայերն իրենք վախեցան ու վախից զորքերը միակողմանի հետ քաշեցին շփման գծից։ Բայց Ոսկեպարի բնակիչներն այդ հարցերը դրել են վարչապետի առաջ, որոնց նա չկարողացավ պատասխանել։ 

– Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ սպասենք բրյուսելյան հանդիպումից։

– Դեռ ժամանակ կա մինչև ապրիլի 5-ը, մյուս կողմից տեսնում ենք, որ կա ինչ-որ շարժ, չնայած բողոքը թույլ է, որ ասեն՝ երկրում ներքին ճգնաժամ կա, այս պահին անհնար է, եթե այսպես շարունակվի, ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանի հնարավորությունները շատ սահմանափակ են լինելու։ Բայց դեռ ժամանակ կա, ու պետք չէ ժամանակից շուտ հասկանալ մի բան, որը կախված է մեկ մարդու շահերից ու որոշումներից։ Հայաստանը գործնականում ո՛չ խորհրդարանական երկիր է, ո՛չ էլ այդ իշխող կուսակցությունը ունի կոլեգիալ կառավարման մշակույթ, բոլոր որոշումներն ընդունվում են միանձնյա, ու իր անձնական շահերի գործոնը մեծագույն նշանակություն ունի։ 

– Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը մենք կտեսնենք ապրիլի 5-ից հետո՞, թե՞ դրանից առաջ։

– Կարծում եմ, որ մինչև ապրիլի 5-ը դա պարզ կլինի. եթե մինչ այդ որևէ սրացում չեղավ, դա նշանակում է, որ Ադրբեջանին խստորեն արգելեցին որևէ ռազմական գործողություն հրահրել, իսկ Հայաստանին պարտավորեցրին շփման գիծը պահել ու միակողմանի զիջումներ չանել: Դա, իհարկե, կարող է անել Արևմուտքը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am