Ի՞նչ տեղեկություն է տրամադրվել նախարարությանը վանաձորցի Վերգինե և Բավական Ոսկանյանների մասին

Ի՞նչ տեղեկություն է տրամադրվել նախարարությանը վանաձորցի Վերգինե և Բավական Ոսկանյանների մասին
Ի՞նչ տեղեկություն է տրամադրվել նախարարությանը վանաձորցի Վերգինե և Բավական Ոսկանյանների մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Վանաձորցի Վերգինե և Բավական Ոսկանյանների մասին սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնից նախարարությանը տրամադրել են հետևյալ տեղեկությունը․

«Վանաձոր համայնքի Բուլղարական տնակային 1-ին ավանի 35 տնակ հասցեում հաշվառված Բավական Ոսկանյանը սոցիալական նպաստ ստացել է մինչև 2016 թվականի ապրիլ ամիսը: Նպաստը դադարեցվել է 31.07.2016 թվականին 3 ամիս չստանալու պատճառով: Նպաստը չի վճարվել տնակում փաստացի չբնակվելու պատճառով: Բավական Ոսկանյանին բազմից գրավոր և բանավոր ձևով ներկայացվել է, որ անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար պարտավոր է հաշվառվել նոր բնակության վայրում և ՍԱՏԲ ներկայացնել նոր բնակության վայրի, ընտանիքի կազմի, յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբերի և եկամուտների մասին հավաստի տվյալներ: Մինչ օրս Բավական Ոսկանյանը փաստագրման համար Վանաձորի ՍԱՏԲ հավաստի տվյալներ չի ներկայացրել և ըստ պետական ռեեգիստրի տեղեկատվական բազայի շարունակում է հաշվառված մնալ Բուլղարական տնակային 1-ին ավանի 35 տնակ հասցեում, որտեղ փաստացի չի բնակվում:

Վանաձոր համայնքի Թումանյան 11/1 հասցեի բնակչուհի Վերգինե Ոսկանյանը անապահովության գնահատման համակարգում վերջին անգամ փաստագրվել է 23.10.2018 թվականին և մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ստացել է սոցիալական նպաստ: Նպաստի իրավունքը դադարեցվել է 2019 թվականի նոյեմբեր ամսից չփաստագրվելու պատճառով: 2019-ի հոկտեմբեր ամսին Վերգինե Ոսկանյանը երրորդ անձի (մեր ունեցած տեղեկություններով «Հայկական սահմանադրական իրավապածտպան կենտրոն» (ՀՍԻԿ ) կազմակերպության իրավապաշտպանի միջոցով) Վանաձորի ՍԱՏԲ է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր և դիմում հայտարարագիր, որտեղ ընտանիքի կազմում նշված էր միայն Վերգինե Ոսկանյանի անունը: Այդ փաստաթղթերը երրորդ անձից չենք ընդունել, քանի որ հայտարարագրում նշված ընտանիքի կազմը չէր համապատասխանում իրականությանը (մինչ այդ քույրերի գրված տարբեր դիմումներից հստակ երևում է որ նրանք համատեղ բնակվում են Թումանյան 11/1 հասցեում): Վերգինե Ոսկանյանին բազմաթիվ անգամ գրավոր և բանավոր ձևով ներկայացվել է, որ նրա քույրը պարտավոր է հաշվառվել փաստացի բնակության Թումանյան 11/1 հասցեում և իրենք պարտավոր են ՍԱՏԲ ներկայացնել ընտանիքի բնակության վայրի, կազմին, յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբերի և եկամուտների մասին հավաստի տվյալներ: 

Բավական Ոսկանյանին բազմիցս առաջարկել ենք մեր աջակցությունը գրանցման հարցում, սակայն նա չի ցանկանում տնակի հասցեի հաշվառումից դուրս գալ, քանի որ ըստ իրեն պետք է բնակարանի փոխհատուցում ստանա որպես տնակի բնակիչ: Նրան բացատրել ենք, որ եթե ընդգրկված է բնակարանի փոխհատուցման որևէ պետական ծրագրում, կարող է ներկայացնել համապատասխան տեղեկանք: Նման տեղեկություն նա չի ներկայացրել: Ըստ մեր ունեցած տեղեկության` Բավական Ոսկանյանը բնակարանի փոխհատուցման որևէ պետական ծրագրում ընդգրկված չէ»:

Հուսով եմ, որ Վանաձորի ՍԱՏԲ-ն միջոց կգտնի տարեց կանանց համոզելու, որ հաշվառվեն իրենց բնակության հասցեում։ Նրանք նաև պետք է համոզված լինեն, որ որևէ երաշխիքից չեն զրկվի հաշվառման պատճառով, քանի որ ակնհայտ է, որ քույրերը պետական կառույցներին վստահելու օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունեն։