Գագիկ Ծառուկյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը

Հունվարի 14-ին, յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընդմիջման ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում նրա արած հայտարարություններից շատերը չեն համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես, հարցին, թե արդյո՞ք նրա՝ ԱԺ-ից բացակայությունները վիրավորական չեն իրեն ընտրած քաղաքացիների համար, Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը «հազար ձևի գործերով» զբաղված լինելու պատճառով է բացակայում։ Հիշեցնենք, որ Ծառուկյանն անցած հոկտեմբերին պնդում էր, որ չի զբաղվում բիզնեսով և դրանք տվել է կառավարման։ Այսօր էլ նա պնդեց, թե ինքը ընդամենը սեփականատեր է։ Իսկ եթե նա իր բիզնեսները հանձնել է կառավարման և դրանցով ամենօրյա ռեժիմով չի զբաղվում, ապա հարց է առաջանում, թե ինչո՞վ է նա զբաղվում, որ գրեթե չի ներկայանում ԱԺ։  

Հարցուպատասխանի ընթացքում Ծառուկյանը նաև առաջարկեց «օլիգարխի» իր սահմանումը․ «Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել, պաշտոնի լինելով դառել է միլիարդատեր»։ Ի հեճուկս Ծառուկյանի ձևակերպման, սակայն, նրա ներկայացրածը ոչ թե օլիգարխի, այլ պաշտոնեական դիրքի չարաշահման սահմանումն է։

Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապերին, հայտարարեց, որ իր բիզնեսների հարստացման համար պարտական չէ նրան և իր բիզնեսները իր անձնական ձեռքբերումներն են՝ «սկսած ինչից որ ես սկսել եմ, որևէ պարտականություն ոչ մեկի հանդեպ չունեմ»։

Քոչարյանի և Ծառուկյանի կապերի վերաբերյալ անցած տարի ամերիկահայ փորձագետ Էմիլ Սանամյանը opendemocracy.net կայքում հրապարակված հոդվածում նկատել էր, որ Ծառուկյանի բիզնես հաջողությունները սկսվել են Քոչարյանի նախագահության ժամանակ՝ 1998 թվականից սկսած։ Ըստ Սանամյանի, նրանց կապող օղակը Բալահովիտում բնակվող Քոչարյանի եղբայր Վալերին էր, որը մահացել է 1999 թվականին։ Վալերիի դուստր Իրինա Քոչարյանը հոր մահից հետո էլ շարունակում է մնալ Ծառուկյանի շրջանակում՝ հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի «ականջը» ԲՀԿ-ում։

ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը 2011 թվականին WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթում (2009թ․) գրում է, որ Ծառուկյանի դերը այդքան մեծ չէր լինի առանց Քոչարյանի աջակցության։

Լրագրողները Ծառուկյանին հարց ուղղեցին նաև Մարտի 1-ին նրա դերակատարության մասին, ինչին ԲՀԿ ղեկավարը հռետորական պատասխան տվեց․ «Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ», և հորդորեց բացել Փաշինյանի «Հայկական Ժամանակ» թերթը, որը, ըստ նրա, իրեն համարել է «միակ մարդը (օլիգարխների շրջանակից — խմբ․), որ ժողովրդի կողքին ա եղել, չի էլ մասնակցել Մարտի մեկի հետ կապված»:

Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, և «ՀԺ»-ն բազմիցս է գրել Մարտի 1-ին Ծառուկյանի մասնակցության մասին։ Ստորև ներկայացնում ենք «Հայկական Ժամանակի» հոդվածները, որոնցում Ծառուկյանը անմիջականորեն կապվում է Մարտի 1-ի դեպքերի հետ։ 2010 թվականի հուլիսի 14-ի հրապարակման համաձայն, 2008 թվականի Մարտի 1-ին Ծառուկյանն ամբողջ օրը գտնվել է նախագահական նստավայրում, իսկ նրա թիկնազորը գտնվել է ՀՀ կառավարության շենքում։ 2011թ․ հունվարի 19-ի հրապարակման մեջ էլ «ՀԺ»-ն Ծառուկյանին բնութագրում է որպես «քրեական ճանապարհով հարստացած օլիգարխ», որը Մարտի 1-ին իր սափրագլուխներին տրամադրել է դաշտային հրամանատարներին՝ «որպես վարձկան ենիչերներ»։ Հոդվածում Ծառուկյանը բնութագրվում է որպես Մարտի 1-ին հատկապես ակտիվ գործած օլիգարխ։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am