Առանց քաղաքական դիվիդենտների՞. Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլի վերաբերյալ վերլուծաբանների կարծիքները ծայրաստիճան տարբեր են

Առանց քաղաքական դիվիդենտների՞. Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլի վերաբերյալ վերլուծաբանների կարծիքները ծայրաստիճան տարբեր են
Առանց քաղաքական դիվիդենտների՞. Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլի վերաբերյալ վերլուծաբանների կարծիքները ծայրաստիճան տարբեր են

Առանց քաղաքական դիվիդենտների՞. Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլի վերաբերյալ վերլուծաբանների կարծիքները ծայրաստիճան տարբեր են
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շուրջ 15 օր տևած հացադուլից հետո վեր կացավ Ազատության հրապարակի նստարանից և հայտարարեց «Ազատության ծոմի առաջին արարի ավարտի» մասին:
Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը, սակայն, կարծում է, որ Ռաֆֆի Հովհաննիսյանն իզուր 15 օր հաց չկերավ: Միևնույն է, նա ոչնչի չհասավ:

«Այս հացադուլով «Ժառանգությունը» ստացավ միայն լրագրողների ուշադրությունը, ուրիշ ոչինչ: Րաֆֆի Հովհաննիսյանն իր այդ քայլով կարողացավ 15 օր շարունակ իր վրա սևեռել լրագրողների ուշադրությունը և լինել լրատվական դաշտում, սակայն որպես քաղաքական պրոյեկտ հացադուլը նրան ոչինչ չտվեց: «Ժառանգությունը» քաղաքական դիվիդենտներ չստացավ»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական իր նախագիծը, որը կոչում էր «Ծոմ ազատության», հանդիսավոր կերպով ավարտեց:

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին նա խնդրեց «ազատության ծոմի առաջին արարն ավարտված համարել» խորհրդանշական հացի օրհնությամբ։ Հոգևոր սպասավորը աղոթք ասաց, որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հացից մի կտոր կտրեց ու կերավ։

Ազատության հրապարակում ժողովրդին ուղղված իր ուղերձը Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց հնդիկ քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի խոսքով, ով նույնպես հայտնի է իր տևական հացադուլերով:

«Նախ անտեսում են քեզ, հետո` արհամարհում, հետո հարձակվում են քեզ վրա, իսկ հետո դու հաղթում ես»։

«Ժառանգության» առաջնորդը մի քանի անգամ շեշտեց, որ հացադուլի դադարեցմամբ պայքարը չի ավարտվում: Այն պետք է շարունակվի նոր շնչով, նոր լիցքով, նոր բանաձևով և նոր Հայաստանի նոր հավատամքով։

«Սա մի երկար շղթայի մի փոքր օղակն է, որ տեղի ունեցավ այս հրաշալի հրապարակում վերջին 15 օրերի ընթացքում։ Ես և մենք միասին դարձյալ պետք է վերադառնանք հրապարակ և ամբիոններ, սահմանից սահման, ու նաև մայրաքաղաք, հաջորդիվ քաղաքական և քաղաքացիական գնահատական տալով մեր երկրի առջև կանգնած մարտահրավերներին, գործող իշխանության իրական պահվածքին, ընդդիմության շատ լուրջ հիմնախնդիրներին և առաջին հերթին՝ այն քայլերին, միջոցներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և հայ ժողովրդի համար»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգության» առաջնորդի խոսքից հետո Ազատության հրապարակում փոքիկ համերգ կազմակերպվեց:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ հացադուլ անելով` Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ հաջողությամբ իր շուրջը կապիտալիզացնել հասարակության մի մասին:

«Հասարակության այն մասը, որն այնքան էլ չէր համակրում ՀԱԿ-ին, բայց նաև դժգոհ էր իշխանությունից, միավորվեց «Ժառանգության» շուրջը: Ինչպես գիտեք, Հայաստանում քաղաքական դաշտն ունի երկու բևեռ` ՀԱԿ և իշխանություն: Իր այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» շուրջը միավորեց երկու կողմից էլ դժգոհ հատվածին»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Ինչ վերաբերում է գալիք ընտրություններին, քաղաքագետը նշեց, որ բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում ընտրություն չի գործում: Բայց եթե «Ժառանգությունը» շարունակի իր սկսած քաղաքականությունը և իր շուրջը հավաքի հասարակության այն հատվածին, որոնք ո´չ ՀԱԿ-ի, ո´չ էլ իշխանության կողմնակիցները չեն, ապա գալիք ընտրություններում հնարավոր է մենք տեսնենք քաղաքական լուրջ պայքար:

«Կարող է ստեղծվել 90 տոկոսանոց կոնսոլիդացված քաղաքականացված հասարակություն, որի առկայության դեպքում ընտրոթյունները կեղծելը դժվար կլինի»,- ասում է Երվանդ Բոզոյանը:

Մինչդեռ քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ամենևին էլ չի ազդել «Ժառանգության» ընտրազանգվածի վրա: Ավելին` նրա կարծիքով «Ժառանգությունը» չի կարող ՀԱԿ-ի հետ մրցել, քանի որ դրանք տարբեր կառույցներ են: ՀԱԿ-ը քաղաքական կառույց է, «Ժառանգություն» խմբակցությունը` իրավապաշտպան»:

«Մարդկային տեսանկյունից շատերը կարող էին նրան աջակցել, սակայն դա չի նշանակում, որ այդ մարդիկ ընտրության ժամանակ իրենց ձայնը կտան «Ժառանգությանը»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am