«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավել կազմակերպություններ օրերս պահանջել են անհապաղ դադարեցնել «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը և վերացնել նրան երկու ամսով կալանավորելու որոշումը։ Առհասարակ ֆեյսբուքյան գրառումների համար մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու փաստը շատերն ընկալում են որպես քաղաքական հետապնդում, ընտրովի արդարադատություն: Ձեր գնահատականն եմ խնդրում:
– Մենք անընդհատ նույն խնդրին ենք բախվում, երբ ինչ-որ մի անձ քաղաքական հայտարարություններ է անում, հանցակազմ պարունակող գրառումներ և այլն, դրա հետևանքով ձերբակալվում է, սկսում են ասել, թե իրականացվում են ընտրովի արդարադատություն, քաղաքական հետապնդում: Վստահեցնում եմ, որ նման խնդիր այս դեպքում չկա, ու մենք առաջին անգամ չէ, որ տվյալ անձի կողմից նման հայտարարություններ ենք լսում: Իհարկե, կոնկրետ հայտարարությանն այնքան էլ ծանոթ չեմ, բայց եթե իրավապահները տեսել են նրան կալանքի տանելու անհրաժեշտությունը, ապա ունեցել են այդ հիմքերը:
Բայց մի բան էլ ասեմ, որ նման որոշման գալու համար բավականին շատ չափորոշիչներ են հաշվի առնվում, որոնք ամրագրված են օրենսգրքում՝ որքան հետևորդ ունի, հայտարարությունն ինչքան տարածում է գտել, էդ մարդն ինչ հանրային-քաղաքական կյանք է վարում ու այսպես շարունակ: Այսինքն՝ մեկ հայտարարությունը չէ, որ հիմք է դառնում անձին կալանքի տանելու համար: Բնավ չեմ ուզում մտնել գործի մանրամասների մեջ, բայց եթե իրավապահները նման որոշում են կայացրել, բնականաբար, առկա են այդ հիմքերը:
– Մարդիկ, որոնք համաձայն չեն այս վարվող քաղաքականությանը, ասում են, որ մերձիշխանական շրջանակներից նույնաբովանդակ գրառումների համար չեն պատժվում, դուք ասում եք՝ հաշվի է առնվում անձի լսարանը, Նիկոլ Փաշինյանի լսարանը ևս շատ մեծ է, բայց Նիկոլ Փաշինյանի «կզացնելու եմ, սատկացնելու եմ, սպառնում եմ» արտահայտություններն անպատասխան են մնացել իրավապահ համակարգի կողմից: Ինչո՞ւ է այդպես:
– Ուղղակի ասելով չէ, պետք է բերվեն հստակ օրինակներ, բայց այնպես չէ, որ նմանատիպ դեպքերում որևէ գործընթաց չի եղել: Վարչապետի արած հայտարարությունների համար Կոռուպցիայի հանձնաժողովը եզրակացություն է արել, որից հետո վարչապետը ներողություն է խնդրել: Կարող եք զուգահեռներ տանել ու տեսնել, որ իրավապահների համար ընդհանրապես նշանակություն չունի, թե այդ հայտարարության հեղինակն ով է, վստահ եմ, եթե իրենք նկատում են խնդիր, ապա անպայման անդրադառնում են դրան:
– Մարդկանց գրառումների համար կալանավորելու քաղաքականությունը առաջ է բերել մտահոգություն, որ իշխանությունը շուտով սկսելու է գրաքննել մամուլը, որովհետև այս գործողություններն ազատ խոսքի սահմանափակում են համարում:
– Ես այդ կարծիքին չեմ, եթե մենք հաշվի առնենք սոցցանցերում գրառումների ծավալները ու առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա ձերբակալությունները մասշտաբային բնույթ կկրեին: Հետևաբար այս դեպքերը օրենքով սահմանված կանոնների խախտումներ են, այդ իսկ պատճառով էլ վրա է հասնում իրավապահների գործելու ժամանակը: Հետևաբար, պետք չէ առհասարակ չափազանցությունների գիրկն ընկնել, կրկնում եմ՝ կան չափորոշիչներ, որոնց հիմքով էլ իրավապահները գործում են, հակառակ դեպքում նույն վարչապետի գրառումների մեկնաբանությունները եթե դիտարկենք՝ ով ինչ ասես գրում է, բայց այդ մարդիկ չեն ձերբակալվում:
– Տիկի՛ն Ղազարյան, կարծիքներ են հնչում, որ Սերժ Սարգսյանի իշխանության ու ձեր իշխանության ժամանակները, եթե այս առումով համեմատելու լինենք, ապա Սարգսյանը հաղթող դուրս կգա, որովհետև նա մարդկանց խոսքի համար չի կալանավորել, ու եթե այդպես լիներ, ապա ձեր իշխանության շատ ներկայացուցիչներ պաշտոն զբաղեցնելու փոխարեն բանտում կլինեին:
– Դե, կներեք, էլի, մեր քաղաքական թիմից էլ շատ մարդիկ Սերժ Սարգսյանի օրոք հետապնդումների են ենթարկվել, բայց եկեք այդ ժամանակներն ընդհանրապես իրար հետ չհամեմատենք, որովհետև դրանք լրիվ տարբեր ժամանակներ են եղել: Սերժ Սարգսյանի ժամանակ ժողովրդավարության հիմքեր դրված չէին, ու, առհասարակ, մտածել անգամ չէինք կարող ժողովրդավարության մասին: Մենք սկսել ենք նոր իրականության մեջ ապրել, որտեղ ատելության խոսքը պետք է քիչ-քիչ դուրս գա, այս ֆոնին մենք նաև առաջընթաց ունենք:
– Ստացվում է, որ չե՞ք ընդունում քննադատությունները, որ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է, խոսքի ազատությունը՝ սահմանափակված, ու մենք գնում ենք դեպի դիկտատուրա:
– Բացարձակ, խնդրում եմ, էլի, եկեք մեր օրերում խոսքի ազատության սահմանափակման մասին չխոսենք, որտե՞ղ է այդ խոսքի ազատությունը սահմանափակված, էլի եմ ասում՝ միայն վարչապետի գրառումների մեկնաբանությունները բավական են:
– Տիկի՛ն Ղազարյան, ձեր ընդդիմադիր գործընկեր Էդգար Ղազարյանի ու իր կնոջ հաշիվները կալանքի տակ են, սա ժողովրդավար ու նորմալ քա՞յլ եք համարում:
– Նա այնպիսի բնույթի մարդ է, որ ինչ էլ լինի՝ դժգոհում է: Նա ծանր հոգեբանական վիճակում է ու, երևի, ծանր մանկություն է ունեցել: Էդգար Ղազարյանն աչքի է ընկնում բոլորին դատի տալու ու բոլորի խոսքը գրաքննելու իր «փառահեղ հանճարով», ու այս անգամ ինքն է դատարանում հայտնվել ու, բնականաբար, պատիժ է կրում: Ես կարծում եմ, որ շատ օրինաչափ ու նորմալ է Էդգար Ղազարյանի հաշիվները կալանքի տակ պահելը: Իրավապահները օրինաչափ որոշում են կայացրել, ու թող հաշտ լինի այն փաստի հետ, որ իր հետ էլ կարող են նման բաներ լինել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















