Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը բոլորում է ծննդյան 80-ամյակը

Հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության անզուգական վարպետ Ռուբեն Մաթևոսյանն արժանիորեն վայելում է ժողովրդի անհուն սերն ու հարգանքը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ ամեն երգ ասք է, հոգեթով ձայնով ու նրբաճաշակությամբ ստեղծված մի պատմություն, որ տասնամյակներ շարունակ արձագանքում է մարդկանց հոգիներում:

Նրա արվեստը լիուլի արտացոլում է ժողովրդի նվիրական իղձերն ու զգացմունքները, հայ մարդու ուրախությունն ու վիշտը, իսկ Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, ժողովրդական երգարվեստի այլ նվիրյալների ժառանգությունը նրա շնորհիվ նոր շունչ է ստացել:

Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք սիրելի վարպետին և մաղթում արևշատություն, ամուր առողջություն և անսպառ ներշնչանքներ: