Իշխանությունն ունի ընդունված եռակողմ որոշում՝ Ադրբեջանի թելադրած պայմաններով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրի շրջանառվող փաստաթուղթը, որը, Փաշինյանի պնդմամբ՝ բխում է Հայաստանի շահերից, իսկ մի մասն էլ պնդում է լրիվ հակառակը, ապա ի՞նչ իրավիճակում կհայտնվի Հայաստանը, և, ընդհանրապես, ո՞ւր են տանում իշխանության քայլերը:

– Այս իշխանություններն արդեն ունեն ընդունած քաղաքական եռակողմ որոշում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն՝ Ադրբեջանի թելադրած պայմանների հիման վրա, իսկ հիմա ընթանում է գործընթաց՝ դա հնարավորինս առաջ տանելու համար: 

Ըստ էության, Փաշինյանի կողմից առաջնություն է տրվում Հայաստանին վերաբերող հարցերին՝ անտեսելով Արցախի շահերը: 

Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև արվում է խորհրդային տարիների սահմանների դելիմիտացիան, ակնհայտ է, որ պետք է նույնը արվի Արցախի և Ադրբեջանի միջև: 

Այստեղ ակնհայտ է դառնում, որ գերիշխում են Ադրբեջանի թելադրած պայմանները, և կոնկրետ վարչապետի պաշտոնակատարը ունի իր ընտրած ճանապարհը, որը փորձում է իրականացնել՝ անտեսելով Արցախի օրինական շահերը:

– Եթե սահմանազատումը լինի, ինչպես նշեցիք՝ խորհրդային տարիների սահմանների հիման վրա, ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու: 

– Գաղտնի է այդ գործընթացը, կցկտուր տեղեկություններ են շրջանառվում, և պարզ չէ, օրինակ՝ Խորհրդային Ադրբեջանի անկլավները, որ ՀՀ-ի ներսում են, եթե Փաշինյանը պատրաստ է դրանք հանձնելու Ադրբեջանի ինքնիշխանությանը, արդյոք պահանջելո՞ւ է Արծվաշենը, որովհետև դա էլ պատկանում էր Խորհրդային Հայաստանին: 

Իսկապես կա հարց՝ այս ամենն իրականացվում է պետությունների իրավահավասարության և միջազգային այլ ճանաչված սկզբունքներո՞վ, թե՞ արվում է Ադրբեջանի թելադրանքով: Սա խնդիր է, որն առ այսօր հասկանալի չէ բոլորիս համար:

– Պարո՛ն Ղուկասյան, ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերը ճի՞շտ քաղաքականություն են որդեգրել, կարծես թե ձեռնպահ են մնում, պատրաստվում են արտահերթ ընտրությունների, գուցե մինչև ընտրությունները էլ Հայաստան չլինի, որտեղ իշխանության կգան: Ստեղծված իրավիճակին համապատասխա՞ն են քաղաքական ուժերի գործողությունները:

– Այն, ինչ հիմա կատարվում է, առաջին հերթին մեր քաղաքացիների նկատմամբ խաբեություն է, որովհետև քաղաքացիները մանդատ տվեցին Նիկոլ Փաշինյանին՝ լսելով նրա դիրքորոշումը կարևորագույն հարցերի մասին: Եթե 2018-ին Փաշինյանն ասեր, որ այսպես է լինելու, դեկտեմբերին 800 հազար մարդու քվե չէր ստանա: 

Մենք այսօր գործ ունենք մի վիճակի հետ, երբ քաղաքական գործիչը ընտրարշավի ժամանակ մեկ բան է ասում, իսկ պաշտոնը ստանձնելուց հետո՝ լրիվ այլ բան է անում: 

Ես չէի չափազանցնի, որ մենք կարող ենք այս օրերի ընթացքում կորցնել հայրենիքը, նույնիսկ եթե կառավարությունը որոշի, որ հարկավոր է միանալ Ռուսաստանին և մեր ինքնիշխանությունը վերադարձնել ՌԴ-ին՝ այդ հնարավորությունը, քաղաքական առումով, բացակայում է, ճիշտ է սպասել արտահերթ ընտրություններին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am