«Նիկոլ Փաշինյանն օգտագործում է Եվրասիական տնտեսական միությունը՝ դեպի Եվրամիություն անցնելու համար»,- Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Փաշինյանը ցանկանում է իր բոլոր խնդիրները լուծել ԵԱՏՄ-ի, առաջին հերթին՝ Ռուսաստանի հաշվին»,- նշել է Վոլոդինը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի վարչապետն այս քայլերով փորձում է «պահպանել իր անձնական իշխանությունը, սակայն դրա գինը շատ բարձր է լինելու»։
Վոլոդինի պնդմամբ՝ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ հետևանքներ կունենա ԵԱՏՄ-ից դուրս գալը։
«Գազի գինը կբարձրանա գրեթե չորս անգամ։ Ռուսաստանից մասնավոր դրամական փոխանցումները, որոնց ծավալն այսօր կազմում է շուրջ 4 միլիարդ դոլար, կտրուկ կնվազեն։ Կչեղարկվեն Ռուսաստան մուտքի միգրացիոն արտոնությունները, իսկ ՌԴ տարածքում աշխատելու հնարավորությունը կտրամադրվի միայն հատուկ արտոնագրերի հիման վրա։ Կդադարեցվեն հայկական արտադրության ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, ձկան, ալկոհոլային խմիչքների և հանքային ջրի մատակարարումները»,- գրել է Պետդումայի նախագահը։



















