Կոմունիկացիաների բացումը պետք է ուղեկցվի Հայաստանի քաղաքացիների անվտանգության երաշխիքներով. ՄԻՊ

Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման գործընթացում առանցքային պետք է լինի Հայաստանի քաղաքացիների անվտանգության երաշխիքները: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հրավիրված ասուլիսում:

«Այսօր խոսվում է ճանապարհների բացման մասին, իսկ մենք մտածե՞լ ենք մեր քաղաքացիների անվտանգության մասին: Մի իրավիճակ ներկայացնեմ՝ մեր քաղաքացին այս ատելության, թշնամանքի պայմաններում Ադրբեջանով երթևեկում է, գնում է մեկ այլ տեղ: Այնտեղ ինչ-որ պատճառաբանությամբ տուգանում են, ազատազրկում են նրան: Նրանք մեր գերիներին են անօրինական պահում, հիմա ես մտածում եմ, որպես մարդու իրավունքների պաշտպան այդ դեպքով ո՞ւմից ի՞նչ եմ գնալու ուզեմ: Եկեք դիտարկենք հակառակ օրինակը: Մենք չենք կարող բացառել այն, որ Հայաստանով անցնող ադրբեջանցիներ կարող են հանցանք գործել մեր նկատմամբ: Ես պարզապես հարց եմ հնչեցնում, մենք կարողանալո՞ւ ենք ապահովել ադրբեջանցու դատվելը»,-ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ կոմունիկացիաների բացման գործընթացի հետ կապված կան բազմաթիվ անվտանգային հարցեր, որոնց պատասխանները հասարակությունը պետք է ունենա: Արման Թաթոյանն ընդգծեց՝ խաղաղությունը չի լինում միայն մեկ կողմի հաշվին: