Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պատասխանեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի այն հարցին, թե արդյոք Սևանի այսօրվա իրավիճակի համար պատասխանատուները պատժվելո՞ւ են:
Նախարարն ասաց, որ մի քանի գործոններ կան, որոնք Սևանի վրա բացասաբար են ազդել:
«Գործոններից մեկն այն է, որ Ջրային կոմիտեից ջրառի պահանջարկը եղել է ավելի շատ: Եվ դուք նաև դատախազության կողմից ներկայացված տեղեկատվությամբ տեղյակ եք, որ քրեական գործեր են հարուցվել ջրօգտագործող կազմակերպությունների հանդեպ՝ 2.8 մլրդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու և ձևական պայմանագրեր կնքելով՝ լրացուցիչ ջրառ առաջարկներ ներկայացնելու համար: Կարծում եմ՝ այս գործի շրջանակներում որոշակի բաներ կբացահայտվեն: Նաև, եթե չեմ սխալվում, քրեական գործ կա հարուցված Արփա-Սևան թունելի շինարարության հետ կապված»,- նշեց Գրիգորյանը:
Լճի ափամերձ հատվածների ամքարման ոչ բավարար աշխատանքներին անդրադառնալով՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ վերլուծություններ են իրականացվել նախկինում կատարված աշխատանքների մասով, այդ ամբողջ փաթեթն ուղարկվել է դատախազություն:
Բացի դրանից, այլ քայլեր էլ են արվել, որպեսզի հնարավոր լինի լուծել Սևանի շուրջ ստեղծված խնդիրները:
«Տիեզերական պատկերների ու դրոնների միջոցով մանրամասն ուսումնասիրվել ու վերհանվել են այն բոլոր տարածքները, որոնց համար կարիք կլինի մաքրում կատարել, և այդ մաքրումը կկատարվի շատ ավելի կարճ ժամկետում, քան նախատեսված էր: Նաև աշխատել ենք Ջրային կոմիտեի գործընկերների հետ և այժմ էլ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որպեսզի Սևանից ջրբացթողումների քանակը նվազեցվի: Եվ կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ ավելի քան 20 մլն խմ-ով ավելի քիչ է վերցվում ջուր, քան անցյալ տարի էր վերցվել: Ընդ որում, ավելի քիչ է վերցվում, քան նախատեսվում էր հայտով»,- նշեց Էրիկ Գրիգորյանը: