Տեսակետ. Ֆրանսիան առաջատար միջնորդի դերո՞ւմ ղարաբաղյան կարգավորման գործընթացում

Տեսակետ. Ֆրանսիան առաջատար միջնորդի դերո՞ւմ ղարաբաղյան կարգավորման գործընթացում
Տեսակետ. Ֆրանսիան առաջատար միջնորդի դերո՞ւմ ղարաբաղյան կարգավորման գործընթացում

Ռուսական կողմի հովանավորության ներքո հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին ջանքերն ապարդյուն անցան, եւ ներկայում շատերին հուզում է այն հարցը` արդյո՞ք կարող է Փարիզը փոխարինել Մոսկվային առաջատար միջնորդի դերում:
Հունիսի վերջին կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հետ կապված ակնկալիքներն այնքան մեծ էին, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացի հերթական ձախողման հետեւանքով շատ վերլուծաբաններ իսկական ընկճախտի մեջ հայտնվեցին:

Այժմ, երբ կրքերը որոշ չափով հանդարտվել են, հարց է առաջանում` ինչո՞ւ էինք այդքան մեծ հույսեր կապում այդ հանդիպման հետ, եւ ամենակարեւորը` արդյո՞ք մեր հուսահատությունն արդարացված է:

Հանդիպումն անցավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախագահությամբ, որը Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահների հետ միասին նշում էր, որ կողմերը մոտ էին հակամարտության կարգավորմանը:

Վերլուծաբաններին հետաքրքրում էր` արդյո՞ք Մեդվեդեւը կարող էր ստիպել Բաքվին եւ Երեւանին ընդունել խաղաղ համաձայնագրի հիմնական դրույթները:

Սակայն այդպես էլ ոչինչ չպատահեց: Հանդիպման ավարտին ընդամենը անորոշ մի հայտարարություն հրապարկվեց, որով կողմերը կրկին հանդիպելու վերաբերյալ իրենց պատրաստակամությունը հայտնեցին: Այժմ տարօրինակ է թվում, թե ինչու մենք չզարմացանք Մոսկվայի` համաձայնագրի ստորագրման գործընթացում այդքան մեծ ջանքեր ներդնելու վրա. չէ՞ որ դարեր շարունակ Ռուսաստանը կովկասյան ժողովուրդներին իրար դեմ էր լարում:

Ինչո՞ւ պետք է ռուսական կողմը թողներ «բաժանիր եւ տիրիր» սկզբունքը հանուն «խաղաղության հաստատման եւ ընկերներ ձեռք բերելուն»: Եթե որեւէ մեկն այս հարցը բարձրացնում էր, ապա, որպես կանոն, բավարարվում էր Մեդվեդեւի բնավորության վերաբերյալ բացատրությամբ. Ռուսաստանի նախագահը պարզապես ուզում էր պատմության մեջ մտնել որպես խաղաղարար:

Տարօրինակ է նաեւ այն, որ դեռ շարունակում ենք տարակուսել, թե ինչու էինք մենք այդքան մեծ հույսեր կապում, որ երկու երկրները վերջնական համաձայնության կգան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ, ինչպես նշել էին երեք համանախագահները: Սակայն նույնիսկ հանդիպման նախօրեին այդ հիմնական սկզբունքներն ընդհանրապես մոտ չէին թվում իրենց վերջնական տարբերակին:

Սկզբունքների առաջին տարբերակը, որը ներկայացվել էր միջնորդների կողմից 2007թ. նոյեմբերին, ընդունվել էր Ադրբեջանի, սակայն մերժվել էր Հայաստանի կողմից: Այնուհետեւ մշակվեց սկզբունքների երկրորդ տարբերակը, որին այս անգամ Հայաստանը համաձայն էր, Ադրբեջանը`ոչ:

Մենք գիտենք սկզբունքների հիմնական դրույթները` Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին, Ղարաբաղին նրա անվտանգության եւ ինքնորոշման երաշխիքը հանդիսացող միջանկյալ կարգավիճակի տրամադրում, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջանցքի ստեղծում, հանրաքվեի միջոցով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում, փախստականների վերադարձ եւ անվտանգության միջազգային երաշխիքներ:

Սակայն [բանակցային գործընթացի] զանազան մասնակիցների խոսքերով` կան նաեւ 7-15 այլ պայմաններ, որոնք դեռեւս չեն հրապարակվել, եւ կարծես հենց սրանք են հանդիսանում կողմերի միջեւ անհամաձայնության պատճառը:

Այս ամենի պատճառով ներկայում շարունակում է պահպանվել ստատուս քվոն. Ղարաբաղը եւ հարակից տարածքները մնում են հայկական ուժերի վերահսկողության տակ, հարյուր հազարավոր փախստականներ շարունակում են ապրել անորոշ կարգավիճակում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները:

Հայերին կարող է թվալ, թե այս իրադրությունն իրենց օգտին է, որովհետեւ որքան երկար է Ղարաբաղը մնում նրանց վերահսկողության ներքո, ապա այնքան ավելի դժվար կլինի այն իրենցից հետ վերցնելը:

Ադրբեջանցիները, այնուամենայնիվ, նույնպես մտածում են, որ իրադրությունն իրենց օգտին է, քանի որ կարծում են, թե տնտեսական եւ ժողովրդագրական առումով գերազանցում են իրենց հարեւաններին, հետեւաբար, որքան երկար են սպասում, այնքան ավելի են մեծանում ցանկացած հակամարտությունում հաղթող դուրս գալու նրանց հնարավորությունները:

Սակայն պատերազմ չի լինելու: Ռուսաստանի դերը կարեւոր է այստեղ, քանի որ ո´չ Երեւանը, ո´չ էլ Բաքուն չեն կարող վստահ լինել, որ Ռուսաստանը չի միջամտի` քայլեր ձեռնարկելով իրենց դեմ: Բացի այդ, Ադրբեջանը սերտ տնտեսական կապեր ունի մի շարք արեւմտյան երկրների հետ, որոնք չէր ուզենա կորցնել:

Ռուսաստանը չի հրաժարվել բանակցային գործընթացում իր մասնակցությունից: Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպեց իր հայ գործընկերոջ` Էդուարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում, այնուհետեւ այցելեց Բաքու եւ Երեւան, որտեղ պետք է հանդիպեր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այնուհետեւ նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Մոսկվա, իսկ Լավրովը կմեկնի Վաշինգտոն` նախագահ Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի հետ բանակցելու նպատակով:

Բաքու եւ Երեւան կատարած այցելությունների ընթացքում Լավրովը բերել էր Մեդվեդեւի նամակը, որտեղ նախագահը վերջին առաջարկներն էր արել խաղաղ համաձայնագրի վերաբերյալ: Երկու երկրների մայրաքաղաքներում էլ ռուսական արտգործնախարարը հայտարարել էր, որ Մեդվեդեւը շուտափույթ պատասխանի է սպասում, իսկ ռուսական թերթերը գրում էին, որ Կրեմլը մոտ է ղարաբաղյան կարգավորման գործընթացից հրաժարվելուն, եթե կողմերի պատասխաններն անբավարար լինեն:

Այդ պատճառով, հուլիսի սկզբին Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպպեի կողմից արված հայտարարությունները, որոնց համաձայն` նա «հավելյալ» առաջարկներ ուներ Հայաստանի եւ Ադրբեջանի համար, հատկապես հետաքրքրական էին: Ադրբեջանի արտգործնախարարն արդեն հանդիպել է Ժյուպպեի հետ, եւ հարց է առաջանում` արդյո՞ք Ֆրանսիան պատրաստվում է փոխարինել Ռուսաստանին բանակցային գործընթացում առաջատար միջնորդի դերում:

Իրականում, Ֆրանսիան մեծ հեղինակություն է վայելում Հարավային Կովկասում եւ կարող է լավ միջնորդի դեր ստանձնել: Նախ եւ առաջ, 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Նիկոլյա Սարկոզին ստանձնեց միջնորդի դերը Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ զինադադարի կնքման գործընթացում:

Բացի այդ, չնայած Սառը պատերազմն ավարտվել է 2 տասնամյակ առաջ, սակայն, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հաճախ նույնպես միջնորդի կարիք են ունենում: Հետեւաբար, հնարավոր է` Ֆրանսիան կարողանա միջնորդի դեր ստանձնել ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ` մյուս միջնորդների հարաբերություններում, եւ հենց սա կարող է լինել այն անհրաժեշտ օղակը, որը թույլ կտա հասնել վերջնական խաղաղ կարգավորման:

Քենան Գուլուզադե

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)