Հայաստանը իր գործունեությունը ՀԱՊԿ-ում սառեցրել է արդեն 1,5 տարի, բայց այսօր են դրա մասին հայտարարում, ինչը ուշացած է. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը 

– Պարո՛ն Ղևոնդյան, վերջին օրերին հատկապես իշխանության ներկայացուցիչները խոսում են ՀԱՊԿ-ի հետ ունեցած հարաբերությունների, «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին։ Այս համատեքստում կխնդրեմ ասեք՝ Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես խզե՞լ, թե՞ այլ մեսիջներ է փորձում հասցնել դաշնակից երկրին։

– Ինչպե՞ս կարելի է խզել մի երկրի հետ հարաբերություններ, որը բացառապես բոլոր տնտեսական ենթակառուցվածքների սեփականատերն է կամ շահագործողը, որի հետ մի քանի դաշինքներում ենք, որի հետ առևտրաշրջանառությունը 50%-ից ավելի է։ Նման երևույթ աշխարհում գոյություն չունի, որ հնարավոր լինի նման պետության հետ հարաբերություններն ընդհանրապես խզել, այսօր խոսքն ընդամենը շատ փոքր չափով ռազմական ոլորտի դիվերսիֆիկացման մասին է, ինչը շատ քիչ է: 

Ես արդեն նշեցի, թե Հայաստանն ինչպիսի կախվածություն ունի Ռուսաստանից, ու անհրաժեշտ է այլընտրանքներ ձևավորել բոլոր ոլորտներում, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել Ռուսաստանի հետ այլ ուղղություններով հարաբերությունները հավասար մակարդակի բերելու մասին, բայց ոչ թե խզելու։ 

Բայց մենք այդպիսի իրականություն չունենք, ընդամենը առաջին քայլերն են արվում Հայաստանի հնարավորությունները տարբեր ուղղություններով ավելի ակտիվացնելու, իսկ դա տասնամյակների խնդիր է։ Սա իհարկե հակասում է Ռուսաստանի շահերին, ու նա փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։

– Իշխանության հայտարարությունների հետ համակարծի՞ք եք՝ Ռուսաստանի մասով արվող հայտարարությունները նկատի ունեմ։

– Ոչ միայն համակարծիք եմ, այլ նաև ուշացած եմ համարում։ Հայաստանի իշխանությունները գործում են իրողություններին արձագանքելու տրամաբանության մեջ, Հայաստանը իր գործունեությունը ՀԱՊԿ-ում սառեցրել է արդեն, հավանաբար՝ 1,5 տարի, բայց միայն այսօր են դրա մասին հայտարարում, ինչը շատ ուշացած է։ 

Հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ չի աշխատում ու որոշ ժամանակ հետո ստիպված է լինելու դուրս գալ այդ կառույցից: Այն դեպքում, եթե նա այսօր կամ երեկ սկսեր ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը, հնարավոր կլիներ դրա դիմաց ինչ-որ բան ստանալ այլ ուղղություններից, օրինակ՝ կարելի էր այդ գործընթացն իրականացնել մեզ հարմար ձևով ու ժամանակում, մեզ հարմար ընթացակարգերով: 

Իսկ այն ժամանակ, երբ արդեն ստիպված կլինենք դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանի որ այնպիսի իրավիճակ կլինի, որ ՀԱՊԿ-ն ուղղակի Հայաստանը դե ֆակտո մակարդակում դուրս կդնի իր բոլոր գործընթացներից, այսինքն՝ Հայաստանի մնալը իմաստ չի ունենա, արդեն ոչ ոք մեզ ոչինչ չի առաջարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, ուղղակի նորից, ինչպես այսօր, Հայաստանի իշխանությունները կարձագանքեն իրողություններին։ 

Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս գործընթացներն ուշացած են, «Զվարթնոցից» ռուս զինվորականներին դուրս բերելը պետք էր սկսել 2018 թվականից, որովհետև նրանք որևէ իրավակարգավորման շրջանակներում այնտեղ նստած չեն, ուղղակի եկել են, ու բոլորն աչք են փակել դրա վրա, ինչը նույնիսկ քրեական հանցագործություն կարելի է որակել։ Նման իրավիճակներ կան նաև այլ տեղերում, հիշեցնեմ, որ վարչապետը մինչև հիմա չի պատասխանել հարցին, թե ի՛նչ են կառուցում ռուս զինվորականները Մեղրիում։ 

– Իսկ ինչո՞ւ են ուշացրել այդ գործընթացները՝ ըստ ձեզ։ 

– Քանի որ, ինչպես նշեցի, Հայաստանի իշխանությունները արձագանքում են իրողություններին, այսինքն՝ նրանք որոշել են արձագանքել, ոչ թե պլանավորել ու իրականացնել։

– Այս ամենն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, եթե նկատի ունենանք այն ահռելի կախվածությունը, որ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ ունի Հայաստանը Ռուսաստանից։

– Դե Ռուսաստանը չի ցանկանում, որ իրավիճակը փոփոխվի, դա նորմալ է, որովհետև դա հետագայում բերելու է ազդեցության զգալի նվազման, այս պատճառով էլ օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ Լարսում է խնդիրներ ստեղծում, վաղը կարող է գազի գնի հարցում դիմել մանիպուլյացիաների, հինգերորդ շարասյան մասին ընդհանրապես չեմ ասում, այլ գործողություններ ևս, օրինակ՝ Ադրբեջանին սադրանքների մղելը, որը Ռուսաստանն անընդհատ անում է, թեև այստեղ էլ նա բախվում է որոշակի խնդիրների, որովհետև դրա դիմաց ինչ-որ բան պետք է առաջարկի Ադրբեջանին, իսկ Ռուսաստանն այսօր այն վիճակում է, որ շատ բան առաջարկել չի կարող։ 

Ռուսաստանը փորձում է ինչ հնարավոր է անել, իսկ եթե որոշի, որ, օրինակ՝ Հայաստանը թշնամի պետություն է, այդ ամենը կարող է ավելի մեծ ծավալներով ու կտրուկ միջոցներով անել, բայց չեմ կարծում, թե նա իր զինանոցում ունի այնպիսի միջոցներ, որոնք դեռ չի կիրառել։ Միայն մեկ նման միջոց կա՝ ուղիղ ռազմական հարձակում Հայաստանի դեմ, դա էլ բավական բարդ կլինի, որովհետև ընդհանուր սահման չունենք Ռուսաստանի հետ։

– Հայաստանը կարո՞ղ է դիմագրավել այդ բոլոր՝ այսպես կոչված պատժամիջոցներին, պարո՛ն Ղևոնդյան։

– Միանշանակ չէ, որ Հայաստանը կկարողանա դիմագրավել բոլոր մարտահրավերներին, բայց նա այլ տարբերակ չունի, քան փորձել դա անել, որովհետև մյուս ճանապարհը՝ շարունակել ամբողջապես կախված մնալ Ռուսաստանից, տանում է Հայաստանի պետականության կործանման: 

Ռուսաստանի ծրագրերում Հայաստանը՝ որպես անկախ պետություն, գոյություն չունի, նույնիսկ Ուկրաինան որպես անկախ պետություն գոյություն չունի, իսկ ռեսուրսային առումով Հայաստանն ընդհանրապես չի կարելի համեմատել Ուկրաինայի հետ։ Այս պատճառով էլ Հայաստանը պետք է փորձի դիմագրավել այդ մարտահրավերներին, որպեսզի պահպանի իր ինքնուրույնությունը, ու մենք չկորցնենք Հայաստան պետությունը: Թե ինչքանո՛վ դա կստացվի, կախված է յուրաքանչյուրիցս։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am