Եթե հնարավոր չեղավ կասեցնել այս գործընթացը, մենք հարյուրապատիկ ավելի ծանր կորուստներ ենք ունենալու. Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները Տավուշի մարզից: Մարզի բնակիչները դեմ են այդ գործընթացին, քանի որ կարծում են, որ սա միակողմանի զիջում է իրականում, ու արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են։ Նախ ձեր դիրքորոշումն եմ խնդրում գործընթացի վերաբերյալ, ու արդարացված համարո՞ւմ եք բնակիչների բողոքը։

– Բնականաբար արդարացված է բնակիչների դժգոհությունը։ Սահմանազատումը հետևյալն է, որ ունենք վիճելի տարածքներ, և սահմանազատման միջոցով փորձում ենք հասկանալ, թե այդ սահմանը ո՛ր մասով է անցնում երկու երկրների միջև։ 

Հիմա իշխանությունն իր պրոպագանդիստներով մեզ հրամցնում է, որ սահմանազատման գործընթաց է անցկացվում X թվականի քարտեզով, ու դրանով որոշվել է, որ Հայաստանի վերահսկողության տակ հայտնված ադրբեջանական որոշ տարածքներ ինքը վերադարձնում է Ադրբեջանին։ 

Ու վե՞րջ, մենք գիտենք, որ, օրինակ՝ Բարեկամավան գյուղի հողատարածքներից բավականին մեծ տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, մենք գիտենք, որ Ջողազի ջրամբարը ՀԽՍՀ ջրային ռեսուրսների մեջ է եղել, իսկ այս մասո՞վ: Ու քանի որ ոչ անկլավային այս տարածքների մասով չկա որևէ արձագանք Բաքվից, դա նշանակում է, որ խոսքը սահմանազատման մասին չէ: Դելիմիտացիան ու դեմարկացիան պատրվակ են, որպեսզի Ադրբեջանը միակողմանիորեն հետ բերի նախկին քարտեզներով իրեն պատկանող տարածքները։ 

Անիմաստ է խոսել սահմանազատման մասին, կա միակողմանի զիջում, ինչի փոխարեն որևէ խոստում անգամ տրված չէ Հայաստանին, հակառակ դեպքում Ադրբեջանն էլ, գոնե ներքին լսարաններում, կխոսեր, որ ինքն էլ պատրաստվում է վերադարձնել այս-այս տարածքները, որոնք այդ նույն իրավական ակտերով, քարտեզներով պատկանում են Հայաստանին։ 

– Իշխանությունը ու, ինչպես դուք ասացիք՝ նրանց պրոպագանդիստները, ասում են, թե այն մարդիկ, որոնք դեմ են այդ գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուն, որոնք, ըստ նրանց, Հայաստանինը չեն, Ադրբեջանի համար ստեղծում են լեգիտիմ հնարավորություն, որպեսզի հարձակվի Հայաստանի վրա: Ոմանք սա համեմատում են Արցախի իրավիճակի հետ, ասում են, թե այն ժամանակ էլ հրաժարվեցին յոթ շրջանը հանձնելուց, դրա համար էլ տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմը…

– Նախ անամոթ սուտ են ասում, անբարոյական ու ազգակործան սուտ են ասում, եթե ձևակերպում են, թե պետք է զիջեինք յոթ շրջան։ Պաշտոնական վերջին առաջարկը, որն ընդունված է անվանել փուլային-փաթեթային տարբերակ, ենթադրում էր փոխզիջումների ընդհանուր կառուցակարգ։ Երկու կողմն էլ ուներ գործողություն զիջումների գնալու ու երկու կողմն էլ ուներ արդյունք ստանալիքի, ձեռքբերումների մասով։ 

Վերջին պլանով առաջարկվել է հինգ շրջանները վերադարձնել ու ԼՂ-ի համար ազատ, անվտանգ, բարեկեցիկ կյանք ապահովել: Արդյունքում ունենում էինք հինգ շրջանի վերադարձ, երկու շրջան հայկական վերահսկողության տակ, ունենում էինք ԼՂ, որտեղ բնակվում էին հայեր, որոնց ղեկավարում էին հայերը՝ իրենց սահմանած օրենքներով, ունենում էինք հայկական բանակ ԼՂ-ում և անվտանգային միջազգային երաշխիքներ չեզոք գոտիներում։ Կեղտոտ սուտ ու համեմատություն է այսօրվա ու այն ժամանակվա միջև։ 

Փոխզիջումներից այսօր կարող էինք խոսել այն պարագայում, եթե Ադրբեջանը հայտարարեր այն բոլոր հնարավոր քայլերն ու դրանց ժամկետները, որոնց արդյունքում մենք կունենայինք, օրինակ՝ Որոտանի մեր այն ճանապարհահատվածը, որը մնացել է Ադրբեջանի տարածքում, դա կլիներ փոխզիջում։ Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանի զորքերը խորացել են այն դեղին խաղալիքի մեջ, որը ձեռքին թափահարում է աջ ու ձախ, ու մինչև այսօր Ադրբեջանի կողմից որևէ կիսապաշտոնական հայտարարություն չի եղել զորքերի հետքաշման մասին։

Այնպես որ, փոխզիջումների մասին խոսելն անբարոյականություն է, հերթական անգամ մեր ժողովրդին տանում են արկածախնդրության, իսկ պետությունը՝ ուղղակի կործանման։ Իշխանության պրոպագանդիստների այդ թեզերը խոսում են մի բանի մասին, որ իշխանությունը որևէ մակարդակում մինչ օրս չի հասկացել, թե ինչ բան է Ղարաբաղի հարցը, իսկ Ղարաբաղի հարցը նաև Հայաստանի հարցն է, Հայաստանի անկախության ու սուվերենության հարցն է։ Մի հատ էլ այնպես են խոսում, թե մինչև հիմա ոչ պետություն ենք ունեցել, ո՛չ սուվերենություն։ 

– Դե ասում են, որ առաջին անգամ մենք ունենալու ենք պետական սահման։

– Գլուխները պատով են տալիս, մենք անկախ պետություն ենք արդեն 30 տարուց ավելի, ու մեր անկախության արդյունքում է եղել, որ կարողացել ենք հաղթանակներ տանել, ինչն իրենք մսխեցին ամենակարճ ժամկետում։ 

– Պարո՛ն Խաչատրյան, իսկ ձեր գնահատմամբ՝ այդ համեմատություններն արվում են, որովհետև իսկապե՞ս իրենք չեն հասկացել, ինչպես դուք ասացիք, թե ինչ է Ղարաբաղի հարցը, թե՞ միտում կա այս ամենում նաև։

– Նախ՝ չեն հասկացել, թե ինչ է Ղարաբաղի հարցը, դրա համար էլ մենք պարտվել ենք, երկրորդը, քանի որ մենք պարտվել ենք, այդ պատճառով հիմա իրենք փորձում են մեղքն ուրիշի վրա բարդելով՝ իրենց անմեղ դարձնել։ Տեսե՞լ եք, թե իշխանական սոցցանցերում ու լրատվականներում ինչ հիստերիա է բոլոր այն մարդկանց մասին, որոնք այդ զիջողական, ազգակործան պլանին դեմ են։ Այդ մարդիկ միանգամից դառնում են ռուսական գործակալ, դա խայտառակություն է։

– Ըստ ձեզ՝ հնարավո՞ր է կասեցնել այս գործընթացը։ Եթե չկասեցվի՝ ի՞նչ ենք ունենալու վերջնարդյունքում։

– Եթե չկասեցրինք՝ Հայաստանի սրտում կամ պարանոցին ունենալու ենք ադրբեջանական վերահսկողություն, ինչը նշանակում է, որ մենք հարվածի տակ ենք դնում մեր ամբողջ հյուսիսարևելյան հատվածը, ունենում ենք Լոռու մարզ՝ Ադրբեջանին սահմանամերձ, ունենում ենք Տավուշի մարզ՝ մազից կախված։ Եթե հնարավոր չեղավ կասեցնել, մենք հարյուրապատիկ ավելի ծանր կորուստներ ենք ունենալու, հիմա չեմ մանրամասնի դրանք։

– Պարո՛ն Խաչատրյան, այս ամենը իշխանությունն ինչի՞ համար է անում։

– Իրենց հայտարարած նպատակը՝ անկախություն, սուվերենություն, բնականաբար, հիմարություն է, արդեն ասացի։ Այսօր եկել հասել ենք իշխանության համար պայքարի հերթական հանգրվանին, իշխանության են եկել մարդիկ, որոնք իշխանավարման ընթացքում թույլ են տվել այնպիսի սխալներ, որոնք իշխանությունից զրկվելու դեպքում կարող են լրջագույն խնդիրներ դառնալ։ Այսօր իշխանության ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որպեսզի իշխանությունը հանկարծ ձեռքներից չգնա, որ պատասխան չտան իրենց արած սխալների համար։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am