Ռուսաստանն արդեն իսկ կորցրել է Հայաստանը, պարզապես ռուսական ռազմավարական էլիտան դա չի հասկանում. Արմեն Վարդանյան

Լուսանկարը՝ Atlantic council

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները կհաղթահարվեն, և ընդգծել, որ երկու երկրների միջև համագործակցությունը միանգամայն փոխշահավետ է: Նախօրեին էլ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի ու Հայաստանի արտգործնախարարների միջև։ Ռուսական կողմն իսկապե՞ս ուզում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, թե՞ սրանք զուտ դիվանագիտական քայլեր են։

– Չի բացառվում, որ, այո՛, իրոք Մոսկվան հասկանում է, որ Հայաստանն իր ձեռքի տակից գնում է, բայց իրականում ես կարծում եմ, որ Ռուսաստանն արդեն իսկ կորցրել է Հայաստանը, պարզապես ռուսական ռազմավարական էլիտան չի հասկանում դա: Հայաստանն այլևս չի ունենա Ռուսաստանի հետ այն հարաբերությունները, ինչ եղել են նախկինում, ուղղակի դա ժամանակի ընթացքում ավելի վառ կերպով կընդգծվի։ 

– Իսկ Ռուսաստանը հեշտությա՞մբ կհամաձայնի այդ նոր իրողությանը։

– Բնականաբար ոչ, նրանք միշտ էլ ծանր են տանում, երբ իրենց ազդեցության ոլորտում գտնվող երկրներն իրենցից երես են թեքում ու շրջվում են հակառակ ուղղությամբ։ Այդպես է եղել նաև այլ երկրների դեպքում՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա և այլն, բայց, կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն այդպես կտրուկ քայլերով չեն գնա, քայլ առ քայլ կգնան, ու ժամանակի ընթացքում այդ անջրպետն ավելի կխորանա, ու դա հետագայում ավելի կզգացվի երկու երկրների հարաբերություններում։ 

– Հայաստանը Ռուսաստանից հեռանում է դեպի ո՞ւր։

– Ավելի շատ փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, սպառազինության ձեռքբերումը, տնտեսական քաղաքականությունը և այլն։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ավանդաբար իր սպառազինության 90%-ից ավելին գնել է Ռուսաստանից, հիմա դա դարձել է 10 տոկոսից էլ պակաս: 

Հայաստանն արդեն սկսել է այլ երկրներից ձեռք բերել զենք, էներգետիկ առումով, կարծում եմ, իշխանությունն արդեն քաղաքական որոշում ունի, որ Մեծամորի ատոմակայանը ժամանակի ընթացքում կփոխարինի ամերիկյան մոդուլային ատոմակայանով: Քաղաքական առումով մենք տեսնում ենք դեմարշ ՀԱՊԿ-ին, Հայաստանի ավելի մերձեցում Արևմուտքի հետ, միակ ոլորտը, որտեղ դիվերսիֆիկացում ապահովելու առումով շոշափելի առաջընթաց չկա, տնտեսական փոխգործակցությունն է։ 

Այստեղ էլ Հայաստանի իշխանությունը մեծ անելիք ունի՝ մասնավորապես ամեն ինչ պետք է արվի, որ մեր արտահանումը վերաուղղենք դեպի արաբական երկրներ ու եվրոպական շուկաներ, որպեսզի Ռուսաստանը չօգտագործի մեր դեմ Լարսը որպես քաղաքական լծակ։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ էլ ժամանակի ընթացքում տեսանելի քայլեր կլինեն։ 

– Պարո՛ն Վարդանյան, Պեսկովը նաև ասել է, որ «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրսբերման հարցով Երևանը պաշտոնապես իրենց որևէ կերպ չի դիմել։ Ինչո՞ւ իշխանությունը քայլեր չի անում այդ ուղղությամբ, եթե դրա անհրաժեշտության մասին հայտարարում են։ 

– Ինչքան ես եմ տեղյակ, այստեղ գտնվող ռուսական սահմանապահ ծառայության ղեկավարությանն արդեն իսկ վերջնագիր է ներկայացվել, որ պետք է առաջիկա ժամանակները ռուս սահմանապահները լքեն «Զվարթնոցը»։ Միգուցե դա ավելի բարձր մակարդակով չի արվել՝ դիվանագիտական խողովակներով, բայց արվել է այստեղ գտնվող ծառայության ղեկավարությանը զգուշացնելով։ Կարծում եմ, որ իշխանությունը այս հարցում էլ է վճռական, ու շուտով «Զվարթնոցից» դուրս են բերվելու ռուս սահմանապահները։

– Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանից պաշտոնապես իրենց ասել են, որ զենքի մատակարարումն ամբողջությամբ չեն իրականացնելու, որպեսզի հայկական կողմի դիրքորոշումն ավելի չկոշտանա։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ մինչև այս պահը ռուսական կողմն այս հայտարարությանը չի արձագանքել, եթե նկատի ունենանք, որ գրեթե բոլոր այս կարգի հայտարարություններին արձագանք լինում է։

– Չեմ կարող ասել, թե ինչո՛ւ չեն արձագանքել, եթե արձագանքեն էլ, բնականաբար, հերքելու են։ Բայց շատերիս համար դա վաղուց ակնհայտ էր, որ Ռուսաստանը միտումնավոր է զենքի մատակարարումներն ուշացնում, ընդ որում՝ դա միայն այս իշխանության օրոք չի եղել, նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ են նման քաղաքականություն վարել․ 2016 թվականին մենք զենք ենք ունեցել գնած, որը մինչև ապրիլյան պատերազմը պետք է մատակարարվեր, բայց միայն 2016-ի աշնանը մատակարարվեց։ 

Ռուսաստանն այս գործելաոճը շատ վաղուց է իրականացնում, ու իրենք, այո՛, զենքի մատակարարումը միտումնավոր ուշացրել են, որ Հայաստանը խոցելի լինի, Հայաստանից շատ բաներ կորզվեն, ու դա նաև ազդեց 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների վրա: Եթե մենք ավելի պատրաստ լինեինք, ապա հնարավոր է, որ Հայաստանը կարողանար թույլ չտալ, որ Արցախում էթնիկ զտում իրականացվեր։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am