«Նենց մի արա հետդ թարսվենք». ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը հացադուլ է հայտարարել, նրան թողել են ձեռնունայն

«Նենց մի արա հետդ թարսվենք».  ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը հացադուլ է հայտարարել, նրան թողել են ձեռնունայն
«Նենց մի արա հետդ թարսվենք». ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը հացադուլ է հայտարարել, նրան թողել են ձեռնունայն

Հունիսի սկզբին ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօր իր դստրերի` 10-ամյա հաշմանդամ Կարինեի եւ 12-ամյա Գայանեի հետ ՀՀ ոստիկանության շենքի մոտ հացադուլ է հայտարարել:
Ալումյանը, ով նախկինում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ՋԷԿ-ի առանձին վաշտի նախկին ոստիկաններից մեկն էր, պահանջում է վճարել իր արտաժամյա աշխատավարձի հավելավճարը:

5 անչափահաս երեխաների հայր Ալումյանին մոտ երկու ամիս առաջ նույնիսկ նախագահականում էին խոստացել, որ կլուծեն հարցերը, սակայն սպասումները չեն տվել արդյունք, եւ նախկին ոստիկանը կրկին անգամ դիմել է ծայրահեղ քայլի: Ալումյանը պնդում է, որ հավելյալ աշխատելու համար, համակարգից իրեն պետք է վճարվի 2,5 մլն դրամ հավելավճարը:

«Հիմա էլ ոստիկանությունում ինձ սպառնում են, ասում են մենք ոչինչ չունենք քեզ տալու, նենց մի արա, որ նեղանանք իրարից: Ասում են, եթե ոստիկան լիների, ուրիշ կերպ կվարվեինք քեզ հետ: Բայց ես ընդամենը իմ աշխատածն եմ ուզում, եթե առանց հիմք եմ պահանջում, ապա ինչու՞ հունվարին իմ հավեավճարների 1,93 մլն. դրամը տվեցին»,- ասում է Ալումյանը:

Նա նշում է, որ ոստիկանությունից պնդում են, թե մատյանները չկան, ոչինչ հաշվառված չէ ու իր պահանջը անհիմն է:

«Անցած շաբաթ ասեցին մինչեւ կիրակի սպասի կհաշվարկենք կտանք, հիմա էլ եկել եմ, ասում են ոչինչ չունենք քեզ տալու ու մի բան էլ սպառնում են ՝ ասելով խելոք մնա, նենց մի արա հետդ թարսվենք: Իսկ իրանց առաջարկած 100-150 հազար դրամը որպես օգնություն ինձ պետք չի, ես իմ աշխատած գումարն եմ ընդամենը ուզում»,-հավելում է Ալումյանը:

«Մեդիալաբը» փորձեց կապվել ոստիկանության եւ նախագահականի հետ, ճշտելու, թե արդյոք ինչու՞ չեն կատարվում Մխիթար Ալումյանին տրված խոստումները, սակայն մեր հարցերը մնացին անպատասխան:

Հիշեցնենք, որ ոստիկանական համակարգի՝ պետական պահպանության վարչությունում 13 տարի աշխատած Ալումյանը Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ է: Նա պահանջում է վերջին տարիներին իր արտաժամյա աշխատանքի հավելավճարը, որը կազմում է 4,5 մլն. դրամ: Թեեւ մեծ դժվարությամբ, 6 ամիս առաջ նա ստացել է իր հասանելիքի մի մասը՝ 1,93 մլն. դրամ, այնուամենայնիվ պայքարում է իր իրավունքների եւ օրինական հասանելիքի համար:

Ալումյանը մի քանի ամիս առաջ նամակ էր գրել Սերժ Սարգսյանին եւ դիմել տարբեր ատյաններ, սակայն հարցը լուծում չէր ստացել:

Մոտ երկու ամիս առաջ նախագահական նստավայրի մոտ հուսահատությունից ինքնահրկիզման փորձ կատարած, օրեր անց հացադուլ հայտարարած նախկին ոստիկան, բազմազավակ հայր Մխիթար Ալումյանին նախագահականում հավատացրել էին, որ լուծում կստանան նրա բարձրացրած հարցերը:

Սակայն մինչ օրս ՀՀ ոստիկանությունը չի վերադարձրել նրա հասանելիք 2,5 մլն դրամը: Եւ նա նորից նույն խնդրի պահանջով այս անգամ հաշմանդամ Կարինեի եւ մեծ աղջկա հետ հացադուլ է հայտարարել ոստիկանության շենքի մոտ:

Կարինեն, ով տեղաշարժվում է հենակներով, աչքերի տակ կապույտ շրջանակներ ունի: Ոսկրային տուբերկուլյոզից բուժվելու ժամանակ, մեծ քանակությամբ դեղեր ընդունելու հետեւանքով աղջկա տեսողությունը զգալի վատացել է, կուրացել է ձախ աչքը, աջ աչքը եւս անվաս չի մնացել: Ալումյանն ասում է, որ լավ սնունդը, եւ վիրահատությունն ու բուժումները կարող են փրկել իր աղջկան:

«Ես ուրիշ ճար չունեմ,- «Մեդիալաբին» ասում է Ալումյանը,-ես պահանջում եմ իմը, ու նման ծայրահեղ քայլի եմ գնում երեխաներիս, Կարինեիս համար»:

© Medialab.am