«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, օրերս հրապարակվել է համաշխարհային բուհերի հերթական հեղինակավոր վարկանիշային աղյուսակը՝ QS World University Rankings 2026-ը, Հայաստանը ներկայացված է միայն մեկ բուհով, որը սակայն լավագույն հազարի ցանկում էլ չէ, զբաղեցնում է ավելի ցածր դիրք: Այս ցուցանիշն ինչպե՞ս եք գնահատում, եթե նկատի ունենանք, որ Կառավարությունը խնդիր է դրել մինչև 2030-ը Հայաստանից չորս բուհ ունենալ աշխարհի լավագույն բուհերի ցանկում:
– Կրթության զարգացման պետական ծրագրում նման ցուցիչ դնելն արդեն իսկ կոպտագույն սխալ էր, ես կարծում եմ, որ բուհերի դասակարգման այդ ցուցակներում պետական մակարդակով ինչ-որ նպատակներ սահմանելը ճիշտ չէ, որովհետև նախ սկսենք նրանից, որ այդ դասակարգումների դերը չպետք է բացարձակացնել: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ բուհերը նախևառաջ պետք է գնահատվեն ըստ այն բանի, թե որքանով են նպաստում տվյալ երկրի կարիքների բավարարմանը, խնդիրների լուծմանը, մեր բուհերի նպատակը պետք է դա լինի:
Օրինակ՝ եթե բուհերում իրականացվում են կրթական բարեփոխումներ, ապա համալսարանները պետք է լինեն այդ կրթական բարեփոխումները իրականացնողները, դա կլինի նախադպրոցական ոլորտը, թե գիտությունը:
Բայց երբ մենք նայում ենք, թե որքանով են մեր համալսարաններն ընդգրկված կրթական բարեփոխումների գործընթացում, տեսնում ենք, որ շատ քիչ են ընդգրկված, այսինքն՝ այդ բարեփոխումներն իրականացնում են մարդիկ, որոնք չեն աշխատում համալսարաններում, կամ նրանցից մի քանիսն են աշխատում: Այս դասակարգումները հարաբերական են, կան համալսարաններ, որոնք նույնիսկ չեն էլ ընդգրկվում, հրաժարվում են, բայց մենք վերցրինք ու դա դրեցինք կրթության զարգացման պետական ծրագրում ու հիմա այսպես ասած կրակն ենք ընկել, որովհետև անցել է չորս տարի, ու մենք բարելավում չունենք:
Ինչպես գիտեք, այդ ծրագիրն ընդունվել է 2022-ին, անցել է չորս տարին, մնացել ևս չորս տարի: Միակ բուհը, որը կա այդ 1500 բուհերի ցանկում, Երևանի պետական համալսարանն է, նախկինում էլ է միայն ԵՊՀ-ն եղել, այս տարվա տվյալներով էլ ԵՊՀ-ն 1001-1002-րդ տեղերում է, այսինքն՝ մենք նույնիսկ մեկ բուհի չենք կարողացել մոտեցնել 500-ի:
Սա նորմալ է, եթե մենք նայում ենք, թե մեզանում ինչ գումարներ են հատկացվում բարձրագույն կրթությանը, ուղղակի ծիծաղելի է: Ամբողջ բարձրագույն կրթության բյուջեն մոտավորապես 14-15 միլիարդ է, սա ծիծաղելի գումար է, ու սրանով մենք չենք կարող մրցակցել աշխարհի զարգացած երկրների հետ, իսկ այս կարգի դասակարգումներում ֆինանսները շատ մեծ դեր ունեն:
Մենք այսօր ունենք դասախոսներ, դոցենտներ, որոնք 150-200 հազար դրամ են ստանում, ունենք բուհեր, որտեղ ժամավճարով աշխատող դասախոսին 2000-3000 հազար դրամ են վճարում: Այս ցուցանիշներով մենք չենք կարող լուրջ հավակնություններ ունենալ: Մենք նաև անընդհատ կրճատումներ ենք անում բուհերում, ու ես վստահ չեմ, որ այդ կրճատումներն օբյեկտիվ են, կադրային քաղաքականությունը պրոֆեսիոնալիզմի վրա է հիմնված:
Այս տարի QS-ը մի նոր ցուցիչ է հրապարակել, որը կոչվում է ապագայի հմտությունների ինդեքս, ու այստեղ Հայաստանի ցուցանիշները խայտառակ պատկեր են ցույց տալիս, ու Հայաստանին շատ հետ է գցում ակադեմիական պատրաստվածության ցուցիչը: Հայաստանը 88 երկրի մեջ այս ցուցիչով զբաղեցնում է 84-րդ տեղը, իհարկե միայն այս ցուցիչը չէ, բայց հետաքրքիր է, որ չորս ցուցիչից ամենավատ վիճակում ակադեմիական պատրաստվածությունն է:
Կա մեկ այլ ցուցիչ, որը կոչվում է հմտությունների համապատասխանեցում, որով Հայաստանը 72-րդ տեղում է, աշխատանքի ապագայի ցուցիչով՝ 64-րդ, տնտեսական փոխակերպումների ցուցիչով՝ 69-րդ տեղում: Այս ամենը գումարվում են, ու Հայաստանը ապագայի հմտությունների ինդեքսով Հայաստանը 89 երկրի մեջ 79-րդ տեղում է: Եվրոպայում ու Ասիայում մեզանից վատ վիճակում է միայն Տաջիկստանը: Նշեմ, որ այստեղ ընդգրկված են աշխարհի ոչ բոլոր երկրները:
Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է ակադեմիական ցածր պատրաստվածություն ունեցող երկիրը ժողովրդավարական լինել, դա ուղղակի անհնար է, որովհետև ինձ համար ժողովրդավարության առաջին ցուցիչը երկրի կրթական համակարգի մակարդակն է, ակադեմիական պատրաստվածությունն է, իսկ այս զեկույցը ցույց է տալիս, որ մենք այդքան էլ լավ վիճակում չենք:
– Ցուցանիշները բարելավելու համար ի՞նչ քայլեր են անհրաժեշտ:
– Պետք է օտարերկրյա ուսանողների թվի ավելացում, պետք է հրավիրյալ օտարերկրյա դասախոսների թվի ավելացում: Պետք է լինի ուսանողական քաղաք, կա նաև այդպիսի ինդեքս QS-ում, որը առանձնացնում է աշխարհի 150 ուսանողամետ քաղաքներ, այսինքն՝ ուսանողները գնահատում են, թե որ քաղաքն է իրենց համար ավելի լավը, Երևանն այդ ցանկում չկա, բայց, օրինակ՝ Բաքուն կա, 115-րդն է: Սա էլ է կարևոր, բայց ստացվում է, որ ուսանողների կարծիքով Երևանը ուսանողամետ չէ, ինչը ևս մեր ցուցանիշների վրա բացասական է ազդում:
Շատ բաներ պետք է վերանայվեն, բայց ես նորից եմ ասում, մեկ ուրիշ խնդիր էլ կլինի, եթե հսկայական գումարներ ներդնենք այս ցուցակների մեջ խցկվելու համար, ես դրանից էլ եմ վախենում: Ես ասացի, որ ինձ համար լավագույն համալսարանի չափանիշն այն է, որ Հայաստանի համալսարանները լուծեն ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները:
– Պարո՛ն Խաչատրյան, ճի՞շտ եմ հասկանում, որ ձեզ համար լավագույն կրթության ցուցանիշը այն է, որ տվյալ երկրում կրթություն ստացած անձը նախևառաջ կարողանում է լուծել հենց այդ երկրում առկա խնդիրները, այսինքն՝ կրթությունը պետք է նպաստի առաջին հերթին տվյալ երկրի զարգացմա՞նը:
– Այո: Բոլոնիայի վերջին նախարարական գագաթնաժողովը տեղի է ունեցել Ալբանիայում, ու այնտեղ շատ կարևոր հռչակագիր է ընդունվել, որում կետ կա համալսարանների հասարակական պատասխանատվության վերաբերյալ, այսինքն՝ դրանով շեշտվում է, որ համալսարանները նույնպես պատասխանատվություն ունեն հասարակական խնդիրների լուծման գործում: Մեր համալսարաններն այս ոլորտում ներգրավված չեն: Նույն այդ QS-ի կարևոր բաղադրիչներից մեկն էլ հմտությունների համապատասխանությունն է, այսինքն՝ որքանո՛վ է Հայաստանի բուհերում ձեռք բերվող հմտությունները համապատասխանում աշխատաշուկային, ու մենք 89 երկրի շարքում 72-րդ հորիզոնականում ենք, այսինքն՝ էլի բավական ցածր ցուցանիշ է: Սա էլ է խնդիր, հիմա շատ ցածր մարդկային կապիտալով մենք չենք կարող Հայաստանը զարգացնել, սա մեր ամենամեծ խնդիրն է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















