PISA 2025-ի արդյունքներն այսպիսին են, երբ աշակերտների մեծ մասը մասնավոր պարապում է․ պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե դա չլիներ. Խաչատրյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, Հայաստանի 15-ամյա աշակերտների արդյունքները PISA-2025 միջազգային գնահատման երեք հիմնական ուղղություններով՝ ընթերցանություն, մաթեմատիկա և բնագիտություն, զգալիորեն ցածր են ոչ միայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների միջին ցուցանիշներից, այլև Հարավային Կովկասի մյուս երկու երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշներից։ Այս ցուցանիշը ինչի՞ հետևանք է, սպասելի՞ էր նման ցուցանիշը:

– Ինձ համար միանշանակ սպասելի արդյունքներ էին, բայց ես մի փոքր ավելիին էի սպասում, պարզվեց, որ ես ավելի լավատես եմ: Իհարկե, արդյունքները պետք է ցածր լինեին, որովհետև նախ՝ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում այս ստուգատեսին, և բնական է, որ առաջին անգամից հնարավոր չէ շատ բարձր արդյունք ապահովել: Բայց հիմնական պատճառը դպրոցներում առկա խնդիրներն են, ընթերցանության, բնագիտական առարկաների հետ կապված խնդիրները, ու իրականում շատ բարդ վիճակ է, ու ես հույս չունեի, որ Հայաստանը բարձր արդյունքներ կունենա: 

Ես արդեն տասնամյակներ է՝ ասում եմ, որ պետք է դադարենք կրթության ոլորտում սին հույսեր տալուց, մենք անընդհատ ասում ենք՝ շուտով լավ է լինելու, հետո ձախողվում ենք, հետո ասում ենք՝ մի շտապեք, ժամանակ է պետք, ու այդպես արդեն 35 տարի անցավ: Անընդհատ սպասումների մեջ ենք պահում համակարգը, անընդհատ ասում ենք, թե իքս կազմակերպությունը հետազոտել է ու ասում է, որ Հայաստանը օրինակելի երկիր է, տեսչական մարմնի հետազոտություններն ենք մեջբերում, որոնց համաձայն 20 տոկոսով բարձրացել է ընթերցանության ցուցանիշները, ասում ենք՝ նոր չափորոշիչներն ու դասագրքերը շատ լավն են, ասում ենք՝ ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է, կրթության բյուջեն քառապատկվել է, մարդիկ էլ մտածում են, թե շատ լավ է, ամեն բան ընտիր է ոլորտում, ու մեկ էլ պարզվում է, որ արդյունքներն ամենևին էլ ընտիր չեն: 

Ցավալին այն է, որ այս հետազոտությունը՝ PISA-ն, հանրակրթության ոլորտի ամենահայտնի հետազոտությունն է, ու եթե շատ երկրներ ուզեն Հայաստանի հանրակրթության մասին ինֆորմացիա ստանալ, առաջին հերթին նայելու են այս հետազոտության արդյունքները, այսինքն՝ սա ամենակարևոր ցուցանիշն է: 

– Որո՞նք են նման ցուցանիշի հիմքերը:

– Մենք խորությամբ չենք բարեփոխում համակարգը, ավելի մակերեսային ու ցուցադրական բաներ ենք անում, ու պատահական չէ, որ այսօր կրթության ոլորտում ամենաշատը էքսպոներ, մրցույթներ, փառատոներ, վարչապետի գավաթներ, այսինքն՝ ավելի ցուցադրական բաներ են արվում: Կրթության համակարգը չի չափվում նրանով, որ մենք գնացինք մարզ, այնտեղի գերազանցիկները լավ նախագիծ ցույց տվեցին, կրթության ոլորտը չափվում է նրանով, թե սովորական երեխաներն ինչ են անում, այլ ոչ թե գերազանցիկները: Այս տեսակի մրցույթները նայում են շարքային աշակերտներին, այլ ոչ թե՝ գերազանցիկներին: 

Շատ ցավալի է, որ այս հետազոտության մեջ մենք նաև ՏՏ ոլորտի գծով ձախողում ունենք, այս տարի առաջին անգամ, բացի մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, ստուգվել է նաև հաշվողական խնդիրներ լուծելու հմտությունը, որն ավելի շատ թվային՝ արհեստական բանականության հետ կապված ցուցանիշներ են, որտեղ Հայաստանն ամենավատ արդյունքն է ցույց տվել, ընդ որում, դա այն դեպքում, երբ մենք ասում ենք, թե տարածաշրջանային կենտրոն ենք, արհեստական բանականության գործարան ենք բացում և այլն: 

– Օբյեկտիվ հնարավորություն կա՞ այս իրավիճակը շտկելու:

– Այս ստուգատեսին մեր ցուցանիշներն այնքան ցածր են, որ լավն այն է, որ հաջորդ անգամ կարող է մի քիչ լավ լինել, որովհետև սրանից վատ հնարավոր չէ, այլևս տեղ չկա: Միակ եվրոպական երկիրը, որը մեզանից որոշ բաներով հետ է, Կոսովոն է, իսկ նախկին խորհրդային հանրապետություններից միայն Ղրղզստանից ենք առաջ, այսինքն՝ խորհրդային հանրապետությունների մեջ նախավերջին տեղում ենք, էլ նահանջելու տեղ չկա: 

Մտահոգիչ է, որ բոլոր ցուցանիշներով ցածր ենք, բայց հետաքրքիր է, որ երկու պարամետր կա աշխարհում, որով առաջատար ենք. մեկը բուլինգն է, պարզվում է, որ աշխարհում ամենաքիչ բուլինգի դեպքերը գրանցվում են Հայաստանի դպրոցներում, բայց դեռ պետք է հասկանալ՝ իրոք այդպե՞ս է, թե՞ ուղղակի աշակերտները հաղորդում չեն ներկայացրել այդ մասին: Գիտեք, որ մեր մշակույթում ընդունված են թաքցնելը, չհաղորդելը, հնարավոր է, որ երեխան ենթարկվել է բուլինգի, բայց դա չի գիտակցում կամ պարզապես չի ուզում ասել, որ հետո չասեն, թե ինքը գործ տվող է: 

Մենք Հարավային Կորեայից հետո աշխարհում երկրորդ տեղում ենք՝ կրթությունը արժևորելու առումով: Մեր երեխաների համար կրթությունը արժեք է, հարց է առաջանում, որ ամեն ինչ շատ լավ է, ինչո՞ւ են արդյունքները վատը: Ստացվում է, որ դպրոցը հավես ու լավ տեղ է, բայց սովորելու տեղ չէ: Պետք է հասկանալ, թե ի՛նչն է խնդիրը, բայց աշխարհը նայելու է այս չոր թվերին, որոնք հրապարակվել են այս հետազոտությամբ: 

– Պարո՛ն Խաչատրյան, այս իշխանությունը անընդհատ խոսում է այդ բարեփոխումների, նոր կրթական չափորոշիչների, նոր դասագրքերի, մեթոդների մասին, բայց ի՞նչ է ստացվում, որ այդ ամենը բովանդակային արդյունք չի՞ ապահովում:

– Այո՛, որովհետև բովանդակային արդյունք ապահովելու համար նախ պետք է մարդկանց մեծ թիմ, որը չունենք, մենք փորձում ենք էժան վերապատրաստումներ անել, այն կազմակերպությունները, որոնք վերապատրաստումներ են անցկացնում, ստանում են փոքրիկ գումարներ, շատ բան արվում է հեռավար, քանի որ հեշտ է, հարմար է, բայց արդյունավետ չէ: Շատ բան մարդիկ էլ չեն անում հենց փողը վերջանում է, այսինքն՝ պետք է ըստ էության ու խորքային բարեփոխում, բայց այդ ամենը պետք է ոտքի վրա չարվի: 

Մեր դասագրքերի մասով տեսեք. դրանք հապճեպ են գրվում, մարդուց մի քանի ամսում դասագիրք են պահանջում, այդ մարդն էլ ոչ դպրոցում դասավանդում է, ոչ էլ տեղյակ է դպրոցից, դեպքեր ունենք, որ այդ անձը իր գրածի թեմային չի տիրապետում, մասնագիտական սխալներով է գրում, դասագրքերի ստուգումները մակերեսային են արվում, այնպիսի թերություններ են լինում, որ զարմանում ես՝ այդ հանձնաժողովն ինչպե՞ս չի տեսել դա:

Եթե կրթության մեջ փոփոխություններ ենք ուզում, պետք է փոխենք ամենօրյա աշխատանքի մշակույթը, ոչ թե մենք ինչ ենք անում, երբ վարչապետը կամ նախարարն է գալիս մեր դպրոց, այլ՝ ինչ ենք անում դպրոցում սովորական օրերին: Հանրակրթությունը էկոլոգիական երևույթ է, ու ամեն ինչ չէ, որ փողով է չափվում, կարևոր է, թե ինչ միջավայրում է դա արվում, ինչ արժեհամակարգ է: Մեր խոսույթը տեսեք, մեր պաշտոնյաների բառապաշարը տեսեք, կարծում եք՝ այդ բառապաշարը կրթության վրա չի՞ ազդում, դա էլ է, չէ՞, կրթություն, կրթության հանդեպ վերաբերմունք, դպրոցական երեխաների մեծ մասի բառապաշարը գրեթե կրկնում է այդ բառապաշարը: 

Այս ցուցանիշները մենք ունենք մի իրավիճակում, երբ աշակերտների մեծ մասը մասնավոր պարապում է, գնում է դասապատրաստման կենտրոններ, մասնավոր պարապմունքները սնկի պես աճել են: Երբ նայում ենք Վիճակագրական կոմիտեի ցուցանիշները, վերջին տարիներին բազմապատկվել են ընտանիքների կողմից արվող կրթության ծախսերը, այսինքն՝ ընտանիքներն արդեն մեծ փողեր են ծախսում մասնավոր դասերի վրա, հիմա պատկերացրեք, եթե դա չլիներ, մենք ի՛նչ արդյունք կունենայինք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am