«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը»: Ի՞նչ կարելի է ակնկալել այս փոփոխություններից:
– Այս որոշումն այս տարի կվերաբերի միայն Տավուշի մարզի դպրոցներին, քանի որ միայն այնտեղ է ամբողջությամբ փորձարկվել ու ներդրվել նոր չափորոշիչը, իսկ մյուս հաստատություններին կվերաբերի, երբ նոր չափորոշիչները ներդրվեն նաև այդտեղ։
Կրտսեր դպրոցի մասով՝ այն, որ այդ գիտելիքների ստուգումը հանվում է, փորձ է արված ընդհանուր ներդաշնակեցնել այն քաղաքականության հետ, որ այլևս կրտսեր դպրոցում թվանշան չի լինելու, և, բնականաբար, եթե չորս տարի թվանշան չկա, ապա չորրորդ դասարանի վերջում քննություն հանձնելը անհամապատասխանության է բերելու ընդհանուր քաղաքականության հետ։
Ես, իհարկե, որևէ խնդիր չեմ տեսնի, եթե դա անցկացվի, որովհետև, ամեն դեպքում, մեզ նաև հետաքրքիր է հասկանալ՝ թվային առումով ի՞նչ ունեն մեր երեխաները։ Հասկանալի է, որ նկարագրականը կարևոր է, բայց նաև թվանշանով էլ է կարևոր, մանավանդ որ մեր երեխաները, չորրորդ դասարանցիների մասին է խոսքը, մասնակցում են Tims միջազգային ստուգատեսին, որտեղ արդեն այդ թվանշանի սկզբունքը կա, այսինքն՝ Tims-ը գնահատվում է միավորներով, հետևաբար, գուցե խնդիր չէր լինի, եթե թվանշանը մնար, որպեսզի նախարարությունը մոտավորապես նաև ինչ-որ թվային պատկեր ունենար։
Ինչ վերաբերում է 9-րդ դասարանին, այստեղ փորձ է արվում ժամանակակից ինչ-որ գնահատման մեթոդ ներդնել, օրինակ՝ նախագծային աշխատանք, էսսեներ գրել «Հայոց պատմությունից» ու «Գրականությունից»։
Սա, իհարկե, շատ լավ է, ժամանակակից մեթոդներ են, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս ամեն ինչը պետք է սովորեցնել, որ այս ամենը կարող է նաև իր հետ որոշակի սուբյեկտիվ էլեմենտներ բերել, որովհետև ժամանակին էլ մենք ունեինք շարադրություն, փոխադրություն, սա նոր բան չէ գրականության համար, ուղղակի այդ խնդիրները նորից առաջանալու են։ Երեխաներն արդյոք ունե՞ն այդ հմտությունները, որ երեք տարի պատմություն անցնելուց հետո կարողանան էսսե գրել։
Շատ բան կախված է նրանից, թե ինչպե՞ս դա կուսուցանվի, իհարկե, մենք պետք է նկատի ունենանք, որ արհեստական բանականության զարգացման հետ կապված նաև առաջիկա տարիներին, ճիշտ է, այս պահին դեռ հայալեզու համակարգ չկա ChatGPT-ի նման, բայց, բնականաբար, ինչ-որ մի բան կստեղծվի, կամ ChatGPT-ն ինքը կզարգանա, նաև այդ ռիսկերը պետք է հաշվի առնենք, որովհետև, ենթադրենք, երեխան ChatGPT-ով էսսեն գրեց, բերեց, տվեց կամ այլ հայալեզու ինչ-որ մի այդպիսի գործիքով, նաև սա պետք է կանխատեսենք։
Իմ կարծիքով՝ քննության լավագույն ձևաչափը «Հայոց պատմություն» ու «Գրականություն» առարկաների դեպքում բանավորն է, որովհետև այդ դեպքում դու տեսնում ես երեխայի կենդանի խոսքը, ու այն հնարավոր չէ կեղծել։ Էսսեների դեպքում միշտ այդ պատրաստի տեքստեր բերելու, մատուցելու վտանգը կա։
Ինչ վերաբերում է նախագծային աշխատանքին, այստեղ էլ դարձյալ հարց է, թե, ենթադրենք, այդ նախագիծը խմբով է արվում, ապա ինչպե՞ս ենք մենք որոշում՝ խմբի որ անդամը ի՛նչ պետք է ստանա, ինչպե՛ս է դա օբյեկտիվ որոշվելու, որովհետև հասկանալի է, որ խմբի տարբեր անդամներ կարող են տարբեր ներդրում ունենալ այդ աշխատանքի մեջ։ Այստեղ դարձյալ այդ համարժեք գնահատման, ճիշտ մոտեցման հարցերն առաջանում են, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպե՛ս ամեն ինչ կներդրվի։
Այսօր այնքան կարևոր չէ, թե դու ինչ ես որոշում, դու կարող ես կայացնել ամենահիանալի որոշումը, բայց եթե ներդրման քաղաքականությունը խելամիտ չանես, ամենալավ որոշումն էլ վատ բան է դառնալու և հակառակը։ Դրա համար այս ամեն ինչը ես ոչ շատ խիստ դրական, ոչ էլ խիստ բացասական կգնահատեմ: Իմ կարծիքն այն է, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես այդ ամենօրյա աշխատանքը, որ պետք է արվի, կարվի, ու ինչպե՛ս կապահովվի դրա որակը, որովհետև մենք անընդհատ նոր բաներ ենք ներդնում, բայց, ցավոք, այդ ներդրվածի որակը շատ հեռու է բավարար լինելուց։
Այսօր մեր կրթության համակարգը, ցավոք, չունի նորարարությունները խելամիտ ձևով կիրառելու այդ կարողությունը։ Հաճախ այդ նորարարությունները հարմարեցվում են գոյություն ունեցող ինչ-որ պրակտիկաների, երբեմն նաև՝ արատավոր պրակտիկաների, ու ամեն ինչ տալիս է սպասվածից տրամագծորեն հակառակ արդյունք։
– Պարո՛ն Խաչատրյան, դուք ներդրման, նորարարությունների կիրառման մասով հնչեցրած ձեր այս մտքերը նաև ասել եք այն ժամանակ, երբ մենք զրուցում էինք կրթության նոր չափորոշիչների ներդրման մասին։ Նկատի ունենալով, որ Տավուշի մարզի դպրոցներում դրանք արդեն կիրառվում են, տվյալներ ունե՞ք, թե կյանքի կոչման այդ գործընթացը որքանո՛վ է արդյունավետ իրականացվում։
– Նախ՝ մենք այդպես էլ չտեսանք այն զեկույցը, որ իրականացվել էր Տավուշի մարզում, որովհետև մոտավորապես մեկ-երկու տարի առաջ հայտարարվեց, որ ուսումնասիրվում է Տավուշի փորձարկման պրոցեսը, բայց այդ զեկույցն այդպես էլ չհրապարակվեց: Արդեն երեք տարի է, որ Տավուշում փորձարկումներ են, բայց մարդիկ դասագիրք գրեցին՝ առանց այդ փորձարկման արդյունքների մասին ինչ-որ ինֆորմացիա ստանալու։
Ինչ վերաբերում է նրան, որ այս տարվանից դա ամբողջ երկրում 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվեց, ես այստեղ էլ եմ խնդիր տեսնում, որովհետև ոչ մի նորմալ վերապատրաստում չարվեց, օրինակ՝ առարկայական չափորոշիչների մասով, դասագրքերի մասով: Ես վստահ չեմ, որ բոլոր դասագրքերի հեղինակները քաջատեղյակ են, թե ի՛նչ է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը, ի՛նչ թերի կողմեր ունի, ի՛նչ դրական, այսինքն՝ դարձյալ շատ բաներ ինքնահոս գնում են, առանց ուղղորդման։
Ես առայժմ չեմ տեսնում, որ այս չափորոշիչների ներդրումը արդյունավետ է ընթանում, տեսանք՝ դասագրքերը ոտքի վրա գրվեցին, առանց փորձաքննության եղավ, թեև խոստացվել էր, որ սեպտեմբերի 30-ին բոլոր դասագրքերը կլինեն, բայց շատ դասագրքեր միայն հոկտեմբերի կեսին դպրոցներ հասան, իսկ շախմատի դասագիրքը այսօր արդեն դասերը վերջացած են, դեռ նոր-նոր հասնում է դպրոցներ։
– Իսկ այդ հին համակարգի վրա նոր չափորոշիչներ ներդնելն ու փորձել առաջ տանելը ինչպե՞ս են ազդում կրթության համակարգում որակի բարելավման վրա։
– Բացասական։ Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե նոր փոփոխություններ անելը, այլ նաև հաշվարկներ անելը, թե այս համակարգը իր կարողություններով, իր առկա վիճակով, իր ֆինանսական ու մարդկային ռեսուրսներով ի վիճակի՞ է այս փոփոխությունները խելացի կամ արդյունավետ ձևով ներդնել, որովհետև իմ մտավախությունն այն է, որ մեր կրթության համակարգն այնքան վատ վիճակում է, որ նոր բաներ բերելը նրա համար լրացուցիչ բեռ է։
Պատկերացրեք, որ ունեք ինչ-որ մի շինություն, որի հիմքերը քայքայված, խարխլված են, ու դուք ասում եք՝ շատ լավ, եկեք այս շինության վրա կառուցենք երրորդ, չորրորդ հարկեր, որովհետև ամբողջ աշխարհն արդեն երրորդ, չորրորդ հարկ է կառուցել։ Այստեղ ես մտավախություն ունեմ՝ արդյոք մեր կրթության համակարգի հիմքը կդիմանա՞ այդ նոր հարկեր ավելացնելուն, սա է խնդիրը։
Ցավոք, մեր ուսուցիչների մեծ մասը մոտիվացված չէ, երեխաները սովորելու մոտիվացիա չունեն, եթե առաջ միայն բարձր դասարաններում երեխաները չէին սովորում, ապա հիմա ունենք 2-րդ, 3-րդ դասարանների երեխաներ, որոնք էլ չեն ուզում դպրոց գնալ, այսինքն՝ այս իրավիճակում, երբ բարեփոխումները լավ չեն ներկայացվում, անընդհատ որոշումներ են փոփոխվում, այսպես կոչված այս տեմպը կկարողանա՞ մեր կրթության համակարգը տանել դեպի որակապես նոր մակարդակի, թե՞ մենք կմնանք մեր բարեփոխումների փլատակների տակ։
Եթե ես հիմա թվարկեմ, թե միայն այս ուսումնական տարվանից քանի՛ փոփոխություն է ներդրվել դպրոցում, սրանց արդյունավետության համար թե՛ նախարարությունը, թե՛ դպրոցները պետք է օրը 24 ժամ աշխատեն, որ հասցնեն այս ռեֆորմն արդյունավետ տանելու, բայց արդյոք աշխատո՞ւմ են։
Միանգամից փոխվում են դպրոցների կառավարման համակարգը, դասագրքերը, այս ատեստավորման քաղաքականությունն է փոխվում, կամավոր ատեստավորման հետևանքով ուսուցիչներ էին հանվում աշխատանքից, Արցախից մեծ թվով երեխաներ են եկել, որոնք դասագիրք չունեն, ուսուցիչներին դասագիրք չի տրվել, այդ նախագծային ուսուցումն իր հետ բերել է բազմաթիվ անորոշություններ, խմբակները, նոր ուսումնական պլան կազմելու ձևերը, այսինքն՝ հազար ու մի բան է փոխվում, որը պետք է կարողանաս խելացի անես։ Միգուցե ավելի դանդաղ գնանք, բայց՝ հիմնավոր, ոչ թե 10-15 բան կիսատ-պռատ անենք, հետո տեսնենք, որ սխալ է, հետ գնանք, չեղարկենք, փոխենք։ Խնդիրը սա է։ Հախուռն, քաոսային ընթացք եմ տեսնում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am