Հարձակման հավանականություն միշտ կա, բայց իջել է. ապրիլի 5-ից հետո մենք ավելի լավ վիճակում ենք, քան կայինք. Հրաչյա Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, բրյուսելյան այցը ի՞նչ տվեց Հայաստանին, իսկապե՞ս մենք՝ ի դեմս ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ստացանք ռազմավարական լուրջ աջակցություն, թե՞ սա չափազանցված գնահատական է, որ հնչեցնում են ոմանք։

– Հասարակությունն այնքան էլ ճիշտ չի ընկալել այդ հանդիպման նպատակներն ու արդյունքները։ Տեղի է ունեցել բավականին կարևոր քայլ, երբ ԱՄՆ-ն, Եվրոպան ու Հայաստանը կնքել են ռազմավարական «պայմանագիր», որը փոխում է հարաբերությունների որակը, և հիմա Հայաստանը հնարավորություն է ստանում «սկսել Հայաստանում իրականացնել այն քաղաքականությունն ու ռազմավարությունը, որը մշակել է Արևմուտքը Հայաստանի նկատմամբ»։ 

Այստեղ պետք է հասկանալ, որ Արևմուտքի քաղաքականությունն ու ռազմավարությունը միշտ եղել են համակարգային, որի մեջ կարևոր են ոչ թե առանձին միջոցառումները, այլ այն ծրագրերը, որոնք նրանք համակարգային իրականացնում են։ Արևմուտքը «էմոցիոնալ» չէ Ռուսաստանի կամ Էրդողանի նման, նրանք ուրիշ ձևով են աշխատում, ու այդ աշխատանքն սկսում է իրականացվել Հայաստանում, այսինքն՝ այդ քաղաքականությունը, որ երեկ ամրագրվեց թղթի վրա, կզարգանա ու կձևավորվի տարիների ընթացքում։ 

Արդյունքում՝ այսօր Հայաստանը հնարավորություն է ստացել հետ գալ եվրոպական երկրների ընտանիք, ընկալումները, չգիտեմ ինչու, արհեստականորեն ուռճացվել են, հասարակությունը սպասում է, որ հիմա արևմտյան նավերն արդեն գալիս են, 10-50 միլիարդ են տալիս, չէ՛, Հայաստանը հնարավորություն է ստացել սկսել իրականացնել նույն ձևի համակարգված քաղաքականություն ու ռազմավարություն։ 

Ես, սակայն, այստեղ խնդիր եմ տեսնում. արդյոք Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են նման աշխատանքի, ես մտավախություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հետ գալուց հետո նորից «կվազի Ռուսաստան, կվազի Պուտինի մոտ»՝չհասկանալով, թե ի՛նչ է տեղի ունենում։ 

– Անվտանգության ապահովման առումով երեկվա հանդիպումը Հայաստանին ինչ-որ բան տվե՞ց, թե՞ չէ։

– Իհարկե տվեց, որովհետև մենք անմիջապես տեսանք Ռուսաստանի նյարդային պատասխանը՝ ԱԳՆ հայտարարության տեսքով, որն իրականության հետ կապ չունի, վիրավորական է ու անթույլատրելի, բայց Ռուսաստանի արձագանքը, առնվազն, ցույց է տալիս, որ Հայաստանը ճիշտ ճանապարհին է։ Արևմուտքը հայտարարել է, որ ինքն այս փուլում չի կարող իր վրա վերցնել անվտանգության երաշխիքներ, բայց կօգնի անվտանգության ոլորտում, կօգնի Հայաստանին կառուցել իր սեփական անվտանգության համակարգը։ 

Կարծում եմ՝ սա ավելի լավ լուծում է, երբ Հայաստանին օգնում են կայացնել իր սեփական անվտանգության ու պաշտպանության համակարգը, որ կարողանա չեզոքացնել Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից եկող ագրեսիան: Սա շատ ավելի լավ լուծում է, պետք չէ սպասել, որ Հայաստանի անվտանգությունը ինչ-որ մեկը կապահովի, դա մենք պետք է անենք, Արևմուտքը հայտարարել է, որ մեզ կօգնի այդ հարցում, դրանից ավելի բան սպասել հիմա պետք չէ։ 

– Այդ հանդիպումից հետո Ադրբեջանի սահմանային կրակոցների նպատակը ո՞րն է։

– Ես սպասում էի նման սրման, այս սադրանքները տրամաբանական են Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի համար։ Տեսնելով, որ Հայաստանը կանգնում է այն ճանապարհին, որը նպաստելու է նրա հզորացմանը ու կարող է իր անվտանգությունը ապահովել, Ռուսաստանը, Թուրքիան, որ նպատակ ունեն Հայաստանը թուլացնել ու թելադրում են Հայաստանին որոշ քայլեր՝ 3+3 և այլն, հիմա տեսնում են, որ այդ հնարավորությունները կորցնում են: Նրանք կփորձեն, որ այդ գործընթացը, որի շնորհիվ Հայաստանն ուժեղանում է, ինչքան կարելի է թուլացնել կամ պայթեցնել։ 

Մենք տեսանք, թե դա ոնց է աշխատում Արցախում, երբ միջազգային հանրությունը սկսել էր միջոցներ քննարկել՝ ինչպես փրկել Արցախի հայությանը, Ռուսաստանը, տեսնելով, որ կորցնում է վերահսկողությունը, ուղղակի պայթեցրեց խնդիրը, ու մենք կորցրինք Արցախը։ Նման պայթյուններ սպասում եմ նաև հիմա, բայց քանի որ հիմա և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի համար բավականին դժվար է լայնածավալ ռազմական գործողությունների գնալ Հարավային Կովկասում, ապա սադրանքներ լինելու են իհարկե, ու հայկական կողմը պետք է ճիշտ գնահատի ու պատասխան տա։

– Այսինքն՝ դուք վստա՞հ եք, որ եթե Ադրբեջանը գնա լայնածավալ ռազմական ագրեսիայի, ապա Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի նրա նկատմամբ։

– Ոչ թե համոզված եմ, այլ ասածս այն է, որ Արևմուտքը հիմա իրականացնում է չեզոքացման ռազմավարություն, որը պետք է չեզոքացնի Ադրբեջանի ու նրա մեջքին կանգնած Ռուսաստանի ու Թուրքիայի լայնածավալ ագրեսիան։ Բայց, պետք է հասկանալ, որ չես կարող հարյուր տոկոսով վստահ լինել, որ դա կաշխատի, մինչև այսօր աշխատում էր, բայց կարող է գալ մի պահ, որ չաշխատի։ Դու՝ որպես պետություն ու ժողովուրդ, պետք է պատրաստ լինես դրան, բայց այսօր դա աշխատում է։ Հավանականությունը միշտ կա, բայց այն ավելի է իջել, քան կար մինչև ապրիլի 5-ը, ապրիլի 5-ից հետո մենք ավելի լավ վիճակում ենք, քան եղել ենք մինչ ապրիլի 5-ը, վիճակն ավելի է լավացել։

– Պարո՛ն Արզումանյան, Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կհանգուցալուծվի։

– Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակը այդ գործընթացների շարունակությունն է, որը սկսվել է 2020 թվականի Արցախի անկումից։ Հայաստանն այսօր ունի բոլոր հնարավորութունները կասեցնել դրանք, ոչ մեկը չի պարտադրում Հայաստանին, որ ինքը հանձնի իր համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները: 

Եթե նման բան տեղի ունենա, կնշանակի գործ ունենք ոչ թե աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային գործընթացների, այլ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև պայմանավորվածության հետ։ Լոկալ պայմանավորվածություն իշխանական ուժերի մեջ, որը ելնում է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական-քաղաքական շահերից։ Տարածաշրջանային կամ այլ մեծ որևէ գործընթացներ չկան, որ ստիպում են Հայաստանին հանձնել իր համար կարևոր տարածքներ, չկան՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am