«Ես մարդկանց չէի բաժանի ըստ եկամուտների. եթե այդպես նայենք, Հայաստանի բազմաթիվ օլիգարխներ կհամարվեն գերազանց կրթությամբ մարդիկ». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, Կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ եթե մարդը ամսական 75 հազար դրամով է աշխատում, նշանակում է՝ նորմալ կրթություն չի ստացել: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, համաձա՞յն եք Փաշինյանի հետ:

– Անկեղծ ասած, ես համատեքստը չեմ լսել՝ ինչո՛ւ է ընտրվել հենց 75 հազարը, եթե, ասենք՝ մարդը 76 հազար է ստանում, արդյոք նա կրթվա՞ծ է: Իհարկե ես չէի ցանկանա մարդկանց այդպիսի ինչ-որ բաժանումներ անել՝ ըստ եկամուտների, որովհետև եթե այդպես նայենք, ՀՀ բազմաթիվ օլիգարխներ կհամարվեն գերազանց կրթությամբ մարդիկ, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Իհարկե, մարդը, որն ունի լավ կրթություն, միշտ հնարավորություն ունի բարձր եկամուտ ունենալ, բայց կան նաև մարդիկ, որոնք մեծ գումարներ աշխատելու այդպիսի նպատակ չունեն: Ես ճանաչում եմ լավ ուսուցիչների, որոնք կիրթ, գրագետ ուսուցիչ են, բայց, ասենք, այդ ընտանիքում կա գումար վաստակող անդամ, և ուսուցիչն իր պետական աշխատավարձով բավարարվում է:

Եթե պետությունն այդ ուսուցչին տալիս է 75 հազար դրամ, դա ոչ թե ուսուցչի չկրթված լինելու մասին է խոսում, այլ պետության վատ ֆինանսավորման: Դրա համար ես այդպես ընդհանրական, կատեգորիկ չէի ասի: Իհարկե, եթե մարդն ունի լավ կրթություն, ցանկության դեպքում կարող է ավելին աշխատել, քան 75 հազար դրամ, բայց ես ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, որոնց նպատակը գումար վաստակելը չէ, իրենք ընդամենը մի աշխատանք են անում և դրանով բավարարվում են:

– Համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանի այդ միտքն ինչ-որ տեղ նաև վիրավորական է շատերի համար:

– Դա ճիշտ պնդում չէ, ես ճանաչում եմ ուսուցիչների, որոնք ստանում են 60-70 հազար դրամ և կիրթ մարդիկ են: Բոլորս էլ գիտենք, որ կան մարդիկ, որոնք միլիոնավոր դոլարներ են աշխատում, բայց մի նախադասություն գրել չեն կարողանում: Ճիշտ չէ մարդկանց չափել եկամուտով:

– Մեր երկրում ընդհանրապես 75 հազար դրամը համարվում է ցա՞ծր աշխատավարձ, հաշվի առնելով, որ մեկ դրույքով աշխատող ուսուցիչն ստանում է 110 հազար դրամ:

– Դե, դա աշխատավարձ էլ չէ, գոյատևման գումար է: Ես 75 հազար դրամն աշխատավարձ չէի էլ համարի:

– Մենք գիտենք, որ 2020-ին 25 մլրդ դրամի պարգևավճարներ են եղել, 71 պատգամավոր ստացել է 120 հազար դոլարի պարգևավճար: Այն, որ նրանք այդքան մեծ գումարներ են ստացել, արդյոք չափանիշն իրենց լավ կրթությո՞ւնն է եղել:

– Կրթության չափանիշով չենք կարող չափել, երբ ունենք բազմաթիվ մարդիկ, որոնք ստանում են շատ քիչ գումար, բայց կրթված են, և ունենք մարդիկ, որոնք ստանում են շատ մեծ գումարներ, բայց անկիրթ են: Դա բոլորովին կապ չունի:

Ես այլ բան կասեի՝ ամոթ է, երբ պետությունը դեռ 75 հազար դրամ աշխատավարձ է տալիս: Մեզ նման պետությունը պետք է առնվազն 150-200 հազար դրամ տար ուսուցչին: Եթե երկրում կա 75 հազար դրամ աշխատավարձ, դա ոչ թե քաղաքացու ամոթն է, այլ պետության, որ չի կարողանում մարդկանց կարգին վճարել: Մանավանդ, երբ խոսքը պետական հատվածում աշխատողի մասին է:

– Կառավարության նիստին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց ուսուցիչների տարակարգի մասին: Ընդհանրապես, դուք այս համակարգն ինչպե՞ս եք գնահատում: Այն, որ շատ քիչ ուսուցիչներ են կարողացել հաղթահարել տարակարգը, ինչի՞ մասին է խոսում:

– Տարակարգի համակարգը հիմա փոխվել է, ուսուցիչները կարող են ստանալ 1-ին, 2-րդ տարակարգ, բայց 3-րդ և 4-րդ տարակարգեր ստանալու համար պետք է կամավոր ատեստացիան հաղթահարած լինեն: Այսինքն՝ հիմա ոչ բոլոր ուսուցիչները կկարողանան 3-րդ, 4-րդ տարակարգ ստանալ, եթե կամավոր ատեստավորմանը չեն մասնակցել: Այդ որոշման մեջ և՛ դրական բաներ կան, և՛ բացասական:

– Ո՞րն է բացասականը:

– Բացասականն այն է, որ շատ մեծ տեղ է տրվում, ասենք օրինակ՝ դաս նկարահանելուն, տեխնոլոգիաներին: Մենք այսօր ունենք դպրոցներ, որ չունեն տեխնիկա, չունեն կարգին սենյակներ, պայմաններ: Կամ, ասենք՝ արդյոք դաս նկարելն այդքան կարևո՞ր է դառնում, կարո՞ղ է ուսուցիչները դնեն առավոտից երեկո երեխաների դասը նկարեն, որ իրենց ներկայացրած դասը լավը լինի:

– 110 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցչից մենք ի՞նչ ենք պահանջում: Արդյոք այդ աշխատավարձով մենք ցույց չենք տալիս մեր վերաբերմունքը ուսուցչի նկատմամբ:

– Իհարկե, միանշանակ այդպես է, իհարկե այդտեղ ուրիշ նրբություններ կան: Ցավոք, ուսուցիչների թիվը բավական մեծ է, և այդքան հեշտ չէ նրանց աշխատավարձերը բարձրացնել: Խոսքը ոչ թե 1000 կամ 5-10 հազար մարդու մասին է, այլ 37 հազարի մասին, և դա որոշակի դեր է խաղում: Բայց միևնույն է, ցանկության դեպքում կարելի է և պետք է աշխատավարձերը բարձրացնել:

Այո՛, մենք ապրում ենք կապիտալիստական հասարակարգում, որտեղ փողը կարևոր է, և փողի քանակը ինչ-որ իմաստով ցույց է տալիս մեր վերաբերմունքը տվյալ խմբի նկատմամբ: Օրինակ՝ ոստիկաններին ավելի բարձր են վճարում, որովհետև ոստիկանն այս իշխանությանն այսօր ավելի պետքական է, քան ուսուցիչը: Երբ հասնենք այն մակարդակի, որ հասկանան, որ ուսուցիչը նույնքան կարևոր է կամ ավելին է, այդ ժամանակ արդեն, կարծում եմ՝ իրավիճակը կփոխվի:

– Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ուսուցիչները դիմում են պարեկ դառնալու համար: Ստացվում է, որ պարեկ լինելն ավելի պատվաբեր է, քան ուսուցիչ լինե՞լը:

– Դա էլ է տրամաբանական, եթե ուսուցիչը 340 հազար կարող է ստանալ միայն կամավոր ատեստավորում անցնելու և 4-րդ տարակարգ ունենալու դեպքում, ապա ոստիկանների դեպքում առանց քննության, առանց տարակարգերի է այդ աշխատավարձը հասանելի:

Մանե Հարությունյան

MediaLab.am