Լիտվայի խորհրդարանում պաշտոնականացվեց Լիտվայի Հանրապետություն – Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խումբը

Մարտի 14-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց Լիտվայի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման մասին:
Նիստը վարող փոխխոսնակ Վիտաուտաս Գապշիսը, որն ընթերցեց խմբի ստեղծման մասին հայտարարությունը, հրավիրեց լիտվացի խորհրդարանականներին միանալ նշված նախաձեռնությանը և հայտարարեց խմբի առաջին նիստի մասին:

Ընդդիմադիր պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Աուդրոնիս Աժուբալիսը հայտարարեց, որ նման խմբի ստեղծումը հակասում է Սեյմասի կանոնադրությանը և վնասում է երկրի արտաքին քաղաքականությանը: Փոխխոսնակ Գապշիսը ընդհատելով Աժուբալիսին, տեղեկացրեց, որ Սեյմասի կանոնադրության որևէ խախտում չի եղել:

Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն ի պատասխան Աժուբալիսի հայտարարությանը մատնանշեց, որ Լիտվան ժողովրդավարական երկիր է և չի ընկրկում տարբեր տեսակի անբնական ճնշումներին, հիշեցնելով նախկին արտգործնախարարին, որ իր իսկ կուսակիցները ժամանակին նախաձեռնել և անդամակցել են Թիբեթի, Թայվանի, Իչկերիայի հետ բարեկամության խմբերին` տարակուսանք հայտնելով, որ նախկին արտգործնախարար Աժուբալիսի կողմից որևէ դիմադրություն նման նախաձեռնություններին չէր նկատվել:

Այնուհետև նիստի ավարտին ելույթ ունեցավ պատգամավոր Դալիա Կուոդիտեն, որը ընտրվել է Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) բարեկամության խմբի նախագահ: Իր խոսքում տիկին Կուոդիտեն, հայտարարելով, որ Լիտվայի Սեյմասում ս.թ. փետրվարի 26-ին կայացած «Լիտվա-Հայաստան. hայացք դեպի ոչ վաղ անցյալ» գիտաժողովի տեսագրությունը կասկածելիորեն անհետացել է, ինչը ինքն որակեց որպես «պետական գրաքննություն», ինչպես նաև հաշվի առնելով անցած ժամանակաշրջանում բարձրացված «հիստերիան», մեկ անգամ ևս ընթերցեց խմբի ստեղծման վերաբերյալ Հռչակագիրը:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) խմբի հիմնադիր անդամները ներկայացնում էին Սեյմասի քաղաքական չորս խմբակցություններ և երկու անկախ պատգամավորներ (ընդհանուր 9 պատգամավոր): Մարտի 14-ի նիստի ավարտին խումբը համալրվեց ևս 3 պատգամավորներով: Այսպիսով ներկայումս Լիտվայի Սեյմասում ստեղծված Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբը ներառում է 12 պատգամավոր, որոնք ներկայացնում են քաղաքական հինգ խմբակցություններ և երկու անկախ պատգամավոր: Նրանց թվում է նաև Սեյմասի փոխխոսնակ Կյաստաս Կոմսկիսը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am