Ասել ու կրկին ասում եմ` Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն. վարչապետ

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրությունն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար, որի իրագործումը, սակայն, չստացվեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

https://youtube.com/watch?v=_U0lWd3Xmy4%3Fsi%3DagfU766AuKItMAHl

«Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում, Լեռնային Ղարաբաղի մասին չէր։ Դա հերթական դավադրությունն էր։ Նպատակները շատ կոնկրետ էին` Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունն ու հաստատել մարիոնետային կառավարություն` ըստ էության, Հայաստանի լուծարային հանձնաժողով»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս անգամ էլ չստացվեց այդ դավադրության իրագործումը։

«Պատճառներից առաջինը հայ ժողովրդի պետական մտածողությունն է, երբ մարդիկ վստահեցին կառավարության գնահատականներին»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի պետականության դեմ ուղղված հերթական սցենարի չիրագործման պատճառ է նաև այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ: «Նույնը, սակայն, չենք կարող ասել ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին, ովքեր, կարծես, չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկներից: Ասել ու կրկին ասում եմ` Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն, Հայաստանում կա մեկ կառավարություն, որը հիմա նստած է այս դահլիճում, Հայաստանում կա մեկ Ազգային ժողով, որը նստած է այս դահլիճում»,-ընդգծեց վարչապետը: