2016թ. ապրիլին ադրբեջանական վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից․ Արցախի ՄԻՊ

2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից:

Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով:

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը առանց տարբերակման, դիտավորյալ թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, խոշտանգել, անմարդկային վերաբերմունքի ենթարկել ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները:

Անպատժելիության հետևանք է նաև, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց և շարունակում է վանդալիզի ենթարկել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հայկական մշակութային հուշարձանները:

Ադրբեջանի վարքագիծը այդ երկրում տարիներ ի վեր պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ ինչպես 2016թ. ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և կոպտագույն խախտումները անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար և պետք է արժանանան համարժեք արձագանքի միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր իրավապաշտպան կառույցների կողմից։

Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։