Շոգը խնդիրներ կստեղծի, բայց ընդդիմությունը «կշարունակի իր պայքարը»

Չնայած օդերեւութաբանների` Երեւանում շատ բարձր ջերմաստիճանի կանխատեսումներին, այսօր` երեկոյան ժամը 20-ին, Ազատության հրապարակում կկայանա ընդդիմադիր ՀԱԿ հանրահավաքը:
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հաստատեց, որ «բնականաբար, այսօրվա շոգը խնդիր է ստեղծելու», եւ, որ «ակնհայտ է, որ այն ազդելու է մարդկանց քանակի վրա»:

«Բայց դա չի նշանակում, որ մենք մեր քաղաքական գործունեությունը պետք է կապենք եղանակի հետ»,- նշեց Զուրաբյանը:

Դեռ օրեր առաջ «Հայպետհիդրոմետ» օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը լրագրողներին ասել էր, թե այս տարվա շոգերի առանձնահատկությունը բարձր ջերմաստիճանի տեւականությունն ու օդի հարաբերական խոնավության նվազումն է:

«Հայաստանում ամենաշոգ շրջանը հուլիսի վերջին և օգոստոսի առաջին տասնօրյակն է: Արդեն սկսվել է բարձր ջերմաստիճային ֆոնը եւ կպահպանվի մինչև ամսի 4-ը: Այսինքն մենք 8 օր կունենանք 38-40 աստիճան տաքություն: Իհարկե, 40 աստիճան կդիտվի միայն 3 օր»,- ասել էր Պետրոսյանը` հավելելով, որ ջերմաստիճանը կսկսի նվազել միայն օգոստոսի 5-ից հետո` 4-5 աստիճանով:

Հիշեցնենք, որ այսօրվա հանրահավաքից հետո տեղի կունենա նաեւ երթ, իսկ հանրահավաքում ինչպես միշտ նախատեսվում է ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

© Medialab.am