Չավուշօղլուն ցանկանում է, որ հայ-թուրքական բանակցությունները Հայաստանում ու Թուրքիայում անցկացվեն


Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը: Այդ հարցերի մասին Չավուշօղլուն խոսել է թուրքական TRT-ի հետ զրույցում, գրում է Ermenihaber.am-ը։  

Չավուշօղլուն պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են Ադրբեջանում վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, պնդել է, թե  «Ադրբեջանում որևէ անհանգստություն չի առաջացնում, ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն աջակցում է այս գործընթացին»։ 

Միաժամանակ նա նկատել է տվել, որ Թուրքիան առանց Ադրբեջանի հետ համակարգելու,  ոչինչ չի անելու:  Չավուշօղլուի խոսքերով, Ադրբեջանը նախընտրում է, որ Թուրքիան ու Հայաստանը շփվեն առանց միջնորդների: 

«Փաշինյանը ընտրություններում հաղթանակից  հետո կարևոր ուղերձներ հղեց, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ դրանց դրական արձագանքեց, այնուհետև շփումներ տեղի ունեցան, նշանակվեցին  հատուկ ներկայացուցիչներ, որոնք Մոսկվայում հանդիպեցին, Հիմա էլ փետրվարի 24-ին Վիեննայում են հանդիպելու»,-ասել էր Չավուշօղլուն: 

Նա նշել է, որ թուրքական կողմը կցանկանար, որ առաջին հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները Հայաստանում և Թուրքիայում հանդիպեին:  

«Բայց Հայաստանն այս անգամ էլ այդպես ցանկացավ՝ խնդիր չէ: Այդքան էլ կարևոր բան չէ»,-եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ-իղեկավարը: