«Չեմ տեսնում ոչ մի միտում, որը կվկայի, թե Թուրքիան և Ադրբեջանը իսկապես ձգտում են տարածաշրջանում խաղաղության». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, թե Թուրքիան պատրաստակամ է այդ հարցում: Էրդողանի մոտեցումներում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, փոփոխություններ նկատելի՞ են:

– Այս հայտարարության մեջ ոչ մի նորություն չկա: Նմանատիպ հայտարարություններով Էրդողանն ուղղակի է հանդես գալիս, դրանք ուղղակի խոսքեր են, որոնք քողարկում են Թուրքիայի իրական քաղաքականությունն ու նպատակը Հայաստանի հանդեպ, որը հիմնվում է նախապայմանների վրա:

Այն երեք նախապայմանները, որ Թուրքիան արդեն տասնամյակներ է՝ դնում է Հայաստանի առաջ, անփոփոխ են մնացել՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց, հրաժարվի ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը հետապնդելուց և հայտարարի, որ վերահաստատում է Կարսի պայմանագիրը, որը մեր հասարակությունն ընկալում է որպես անարդարացի փաստաթուղթ:

Ոչ մի նշան չկա, որ Թուրքիան հրաժարվում է իր այդ նախապայմաններից, պետք է իրական քայլեր լինեն նրանց կողմից, որ մենք հավատանք, որ իսկապես նրանք շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու:

– Այդ ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահի խոսքում նկատելի՞ էին Հայաստանին առաջարկվող նախապայմանները:

– Այո՛, Թուրքիայի նախագահը քողարկված ձևով, բայց խոսում էր այդ նախապայմանների մասին:

 – Այս պայմաններում, երբ Հայաստանն ասում է՝ առանց նախապայմանների է պատրաստ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, իսկ Թուրքիան չի հրաժարվում նախապայմաններից, կողմերի միջև հարաբերությունների կարգավորումն ինչպե՞ս եք պատկերացնում:

– Այս պայմաններում մինչև Թուրքիան իրական ձգտում ցույց չտա, իրական քայլեր չձեռնարկի, որ պատրաստ է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, ոչինչ չի ստացվի:

– Իսկ մոտ ապագայում այդպիսի ձգտում հնարավոր համարո՞ւմ եք, որ Թուրքիան կդրսևորի:

– Ո՛չ, որովհետև Թուրքիան, իմ դիտարկումներով, Արցախյան վերջին պատերազմից հետո ոչ միայն չի հրաժարվում իր նախապայմաններից, այլ նաև փորձում է Ադրբեջանի հետ համատեղ ճնշում գործադրել Հայաստանի վրա, ավելի ուժեղացնել ճնշումը, որ Հայաստանն ընդունի այդ նախապայմանները:

– Այսինքն՝ Թուրքիայի կողմից դրական ազդակների մասին չե՞նք կարող խոսել, որոնց մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը:

– Ես չէի խոսի:

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ այս պարագայում, երբ նշում եք Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակների մասին, հնարավոր համարո՞ւմ եք, որ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան կարող է բացվել:

– Վերջիվերջո, մեր տարածաշրջանում պետք է հաստատվեն խաղաղություն, համագործակցություն, պետք է ձգտել դրան, բայց ներկա պայմաններում չեմ տեսնում ոչ մի միտում, որը կվկայի, թե Թուրքիան և Ադրբեջանը իսկապես ձգտում են դրան:

– Ենթադրենք՝ Հայաստանը ընդունում է Թուրքիայի նախապայմանները, ու հարաբերությունները կարգավորվում են: Թուրքիան դրանից հետո իսկապես կհրաժարվի՞ այն քաղաքականությունից, որը մինչ օրս վարում է Հայաստանի նկատմամբ:

– Թուրքիայի նախապայմանների ընդունումը ես բացառում եմ, որովհետև դրանց ընդունումը հարվածելու է մեր ազգային ինքնությանը, որովհետև այն, ինչ առաջարկում է Թուրքիան, մեր ինքնության մաս են կազմում, ու եթե մենք ընդունենք դրանք, նշանակում է հրաժարվում ենք մեր ինքնությունից:

– Այնուամենայնիվ, ենթադրենք՝ ընդունվում է, Թուրքիան իսկապես կհրաժարվի՞ Հայաստանի նկատմամբ մինչ օրս իր վարած քաղաքականությունից:

– Համոզված եմ, որ Թուրքիայի վերջնական նպատակն է հասնել նրան, որ Հայաստանը դառնա իրեն ենթակա պետություն, իր կամակատարը, որովհետև Թուրքիան նման մոտեցում ունի իր հարևան բոլոր պետությունների նկատմամբ, նա ձգտում է իր կամքը թելադրել այդ երկրներին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am