«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, դատարանը կարճել է նախկին քահանաների հայցերով գործերը՝ կարգալույծ հռչակելը համարելով Եկեղեցու ներքին գործ: Այս որոշումն արդյոք նշանակո՞ւմ է, որ իշխանությունը դադար է վերցնում Եկեղեցու հետ հարաբերությունները սրելուց, թե՞ այլ հանգամանքներ կան:
– Ակնհայտորեն այս դեպքում դատական համակարգի վրա ճնշումներ չեն եղել, ու դատարանը կայացրել է միանգամայն Հայաստանի Սահմանադրությունից բխող որոշում, որն արժանի է հարգանքի: Ստացվում է, որ երբ դատարանների վրա ճնշում չի լինում, փաստորեն դատական համակարգում կարողանում են շատ ճիշտ որոշումներ կայացնել:
Հիմա ես դժվարանում եմ ասել՝ սա իշխանության մարտավարության փոփոխությո՞ւն է, թե՞ մարտավարական հնարք: Գուցե իշխանությունը մտածում է խորհրդարանական գործիքակազմն ու օրենսդրական ինչ-որ ապօրինի փոփոխություններ մտցնելով այս խնդիրը լուծել ու որոշել է դատական համակարգին այս փուլում զերծ պահել ապօրինի վերդիկտներ կայացնելուց:
Շատ փոքր է հավանականությունը, որ իշխանությունը գլոբալ առումով վերանայել է իր քաղաքականությունը: Ինչո՞ւ եմ նման պնդում անում, որովհետև այդ քննիչ հանձնաժողովը, որ ստեղծվել է խորհրդարանում, ընդամենը երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը չեն խոսում այն մասին, որ իշխանությունը կարող է գլոբալ առումով վերանայել իր քաղաքականությունը: Մյուս կողմից՝ եկեք չմոռանանք, որ այդ դատական ակտերը ծնվեցին այն համատեքստում, երբ Նիկոլ Փաշինյանն էլի խոսեց արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, իսկ նախընտրական գործընթացների փուլում իշխանությունը Եկեղեցու խնդիրը երկրորդ պլան է մղում:
Ես չեմ ուզում այս դատական ակտով լավատեսական հետևություններ անել ու ասել, թե իշխանությունը գլոբալ առումով փոխել է իր մարտավարությունը Եկեղեցու նկատմամբ:
– Իսկ ինչո՞ւ իշխանությանն աջակցող նախկին հոգևորականների պարագայում դատարանի վրա ճնշում չեղավ, իսկ, օրինակ՝ Միքայել սրբազանի ու մյուսների գործերով եղավ այդ ճնշումը:
– Որովհետև Միքայել սրբազանը պետք է պատժվեր իշխանության քմահաճույքով, ռեպրեսիվ մեքենան գործի դնելու խնդիր կար ու ամբողջ ծավալով գործի դրվեց, այս պարագայում իրենք պետք է կանգնեին այն մարդկանց պաշտպանության դիրքերում, որոնք մեծ հաշվով իշխանության համար այլևս արժեք չունեն, որովհետև բարոյապես մաշված մարդիկ մեկանգամյա օգտագործման են:
– Պարո՛ն Սուրենյանց, փաստորեն կարծում եք, որ Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների լարվածությունն այնուամենայնիվ շարունակվելո՞ւ է:
– Ես հակառակ նշաններ չեմ տեսնում, որովհետև Եկեղեցու վերաբերյալ այդ զեկույցը շատ թարմ է, քննիչ հանձնաժողովի գոյությունն էլ՝ փաստ: Մենք չենք լսել Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության որևէ լուրջ դերակատարի շուրթերից հայտարարություն, որը մեզ հիմք տա ենթադրելու, որ իշխանությունը դադար է վերցնում Եկեղեցու դեմ գործողություններում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















