«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, Գագիկ Խաչատրյանին դատարան տեղափոխելու տեսանյութը բուռն քննարկումների ու հակասական արձագանքների առիթ դարձավ։ Ինչպե՞ս եք գնահատում թե՛ տեսանյութում երևացող վերաբերմունքը, թե՛ դրան հաջորդած իշխանական պատգամավորների արձագանքներն ու ՄԻՊ-ի հայտարարությունը։
– Գագիկ Խաչատրյանը միակը չէ, որին ոչ իրավական մեթոդներով կալանավորում են, վերջին տարիներին նման դեպքեր բազմիցս տեսել ենք, ես հատուկ չեմ անդրադառնա Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում արած գործողություններին, որովհետև դա դեռ դատարանը պետք է ապացուցի, բայց միևնույն ժամանակ վստահ եմ, որ եթե եղել են չարաշահումներ, ապա դրա համար պետք է պատասխան տա Գագիկ Խաչատրյանը: Բայց ցանկացած մարդու պետք է պատասխանատվության ենթարկել իրավական մեթոդներով:
Ես վաղուց իշխանության նպատակներում չեմ փնտրում օրինականություն ու իրավականություն, որովհետև հասկանում եմ, որ արդարության հասնելու բոլոր գործընթացները կազմակերպվում են այնպես, որ ժողովրդի համար ապահովվեն տեսարաններ: Նիկոլ Փաշինյանը չի մտածում, որ սա պետություն է ու իրավական, մարդու իրավունքները պաշտպանող, ժողովրդավար երկրում չի կարելի նման կերպ վերաբերվել մարդկանց: Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ իր ընտրողներին դուր է գալիս, թե ինչպես են վերաբերվում Գագիկ Խաչատրյանին, որոնք նայում ու ասում են՝ ա՜խ, ի՛նչ լավ է անում Նիկոլ Փաշինյանը:
Սա քաղաքական մոտեցում է, ապահովում է դափնիներ Փաշինյանի համար, որովհետև նրան վերաբերվում են իբրև ուժեղ առաջնորդի: Բայց սա իրականում խայտառակություն է, վնասում է մեր պետության իմիջին երկարաժամկետ առումով:
Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի արձագանքին, ես այդ կառույցի գործունեությանը վաղուց չեմ հետևում, որովհետև ինձ համար այն քաղաքական կառույց է դարձել, այսօր այդ ինստիտուտը անկախ չեմ համարում: Իշխանական պատգամավորների ու առհասարակ այս քաղաքական թիմի անդամների մասով պետք է ասեմ, որ այն, ինչ անում է իրենց առաջնորդը, իրենք նմանակում են նրան ավելի վատ ձևով կամ ծափահարում են նրա բոլոր գործողություններին, որովհետև համարում են, որ այդպես ճիշտ է: Սպասել, որ իշխանության որևէ ներկայացուցիչ այդ տեսարանը կդատապարտեր, կարծում եմ ժամանակի անիմաստ վատնում է:
Ինձ համար այս ամենում ավելի ցավալի է տեսնել ԱԱԾ-ի ներգրավվածությունը, տհաճ է տեսնել, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները զբաղվում հիվանդ մարդու խոշտանգումով, ԱԱԾ-ի գործառույթը միանշանակ սա չէ: Իմ մեջ համոզմունք է ձևավորվում, որ հատուկ են ԱԱԾ-ին ներգրավում նման գործողություններում, որ վարկաբեկեն այդ կառույցը:
– Եթե նման քայլերը երկարաժամկետ առումով կարող են վնասել պետության իմիջին, ապա ինչպե՞ս եք բացատրում իշխանության նման մոտեցումը։
– Պետության մասին մտածելու համար պետք է որ իշխանության գլխին կանգնած լինի պետական մտածելակերպ ունեցող գործիչ, բայց մեր պետության գլխին կանգնած է զուտ քաղաքական գործիչ, որն իր նպատակին հասնելու համար չի խնայում որևէ մեթոդ:
Եթե Փաշինյանը մտածեր պետության մասին, ապա այս 8 տարվա ընթացքում բազմաթիվ գործողություններից զերծ կմնար: Փաշինյանի բոլոր գործողություններն ու ծրագրերը բխում ու համապատասխանեցվում են իր քաղաքական նպատակներին: Նա ամեն գնով փորձում է պահել իր իշխանությունը, պետության հեղինակության գնով փորձում է փրկել սեփական հեղինակությունը ու ժողովրդին փորձում է անընդհատ տեսարաններ տալ: Նիկոլ Փաշինյանին համախոհ ժողովուրդը սպասում է, թե հաջորդն ո՛ւմ «գլուխն է թռցնելու» Փաշինյանը: Սրանով է նա սնում ու ապահովում իր իշխանության շարունակականությունը:
– Կարո՞ղ է հասարակության մի մասի դրական արձագանքը իշխանության համար խթան դառնալ նման գործելակերպը շարունակելու համար։
– Բնականաբար: Ժողովուրդը երբ լռում է նման հարցերում, դա կանաչ լույս է վառում ցանկացած առաջնորդի առաջ՝ անելու դրանից շատ ավելին ու շատ ավելի վատը: Մենք հենց դրա համար էինք ասում, որ Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ ժամկետում ընտրվելը վտանգավոր է, որովհետև դա կանաչ լույս է վառում՝ անել ավելի վատ գործողություններ, քան նախորդիվ արել է: Այն մարդկանց, որոնք այսօր լռում ու հետևում են այս ամենին, պետք է ասեմ, որ որևէ մեկն ապահովագրված չէ նման վերաբերմունքից ու ճնշումներից: Նման գործողությունները գուցե օգնում են երկարաձգել իշխանությունը՝ վախի մթնոլորտ սերմանելով, բայց երկարաժամկետ առումով թուլացնում են պետությունն ու քայքայում բոլոր արժեհամակարգերը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















