«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, նոր Սահմանադրության տեքստն արդեն հրապարակված է, Նիկոլ Փաշինյանն էլ խոստացած ուղերձով հանդես եկավ: Ձեր գնահատականն ու դիտարկումներն եմ խնդրում դրանց վերաբերյալ:
– Իմ քաղաքացիական դիրքորոշումն է այդ Սահմանադրության ընդունման գործընթացն արմատապես մերժել, հետևաբար Նիկոլ Փաշինյանի որևէ խոսք ինձ համար չի կարող հիմք լինել:
Ինչ վերաբերում է հրապարակված տեքստին. որպես քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշում՝ ամբողջ պրոցեսն ինձ համար անընդունելի է, որովհետև ես դա համարում եմ մեր հակառակորդ պետության պարտադրանքը մեր քաղաքական կամքին, ու ինձ համար անընդունելի է անգամ բարեկամ պետության պահանջով կամ հարկադրանքով իրավաքաղաքական գլխավոր փաստաթղթի փոփոխությունը:
Տեքստը դեռ նոր է հրապարակվել, ու դեռ երկար կտևի դրա բովանդակության քննարկումը, բայց արդեն մի քանի կետի կանդրադառնամ, որոնք աղաղակող են: Գլխավոր խնդիրը Սահմանադրության մուտքն է. նախ՝ Ալիևի թիվ մեկ պահանջով նախաբանից հանվում է ՀՀ Անկախության հռչակագիրը, իսկ այս նորը, որ կարդում ենք՝ նորածին երեխայի համար գրված ծննդական է: Հայ ժողովուրդը չի ունեցել պատմություն, դարերի խորքից չի եկել, հայ ժողովուրդը պետություն չի ունեցել ու այսպես շարունակ, սա իրական Հայաստանի Սահմանադրություն չէ, սա նվաստացված Հայաստանի Սահմանադրություն է: Հենց սա էլ պետք է լինի գլխավոր խթանը մեր հասարակության համախմբման համար:
Առաջին հերթին իմ ուշադրությունը գրավեցին դատական համակարգում կատարվող փոփոխությունները կամ այն սպառնալիքը, որ կա այդ համակարգում: Որ դատական համակարգում կար արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, դա քննարկման ենթակա չէ, բայց եթե դա արվեր այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, ու մենք դեռ ծանոթ չէինք նրա քաղաքական ամբիցիաներին, դա նորմալ կլիներ, բայց 8 տարի հետո մենք ունենք մի իշխանություն, որն ատամներով կառչել է աթոռներից, հարյուրավոր աղետներ է բերել մեր հասարակությանը, նոր սպառնալիքների առաջ է կանգնեցրել, ու այդ պրոցեսում իր համար շատ լավ գործիք կարող է լինել դատական համակարգը:
Առաջարկվող Սահմանադրությամբ ամբողջ դատական համակարգին դնում է կախվածության մեջ, ու ովքեր կտան հավատարմության երդում, կմնան, իսկ ովքեր չէ՝ անմիջապես կգնան տուն, որովհետև դատավորների պիտանելիության հարցն ըստ էության որոշելու է գործող իշխանությունը, քանի որ եթե նայում ենք այդ կարգը, թե ոնց է ստեղծվելու այդ հանձնաժողովը, ակնհայտ է, որ դա մեծ քաղաքական կախվածության մեջ գտնվող հանձնաժողով է լինելու:
Եթե նայենք նաև այն դրույթը, թե ինչպես է կազմավորվում Բարձրագույն դատական խորհուրդը, ապա դա դառնալու է քաղաքական մեծամասնությունից ուղղակիորեն կախում ունեցող, դրա ազդեցության տակ ուղղակիորեն գտնվող մարմին: Այսպիսով, մենք ունենալու ենք հարյուր տոկոսով քաղաքական մեծամասնությունից կախում ունեցող դատական համակարգ, այսինքն՝ անկախ դատական համակարգի մասին մեր պատկերացումներն ամբողջովին փլուզվեցին:
Հաջորդը. այն, ինչ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում անում էր ապօրինաբար, հիմա օրինականացնում է՝ ցանկացած պահի քաղաքական մեծամասնությունը կարող է գնալ խորհրդարանը լուծարելու քայլին, ինչը հնարավորություն կտա իշխող ուժին նորից ընտրություններ կազմակերպել, վարչական լծակներ կիրառել, պետական պրոպագանդան օգտագործել ու իր իշխանությունը երկարացնել, այսինքն՝ սուպերվարչապետական մոդելը ևս մեկ գործիքակազմով ամրացնում են:
Մեկ ուշագրավ կետ ևս հասցրել եմ նկատել. նախկինում, երբ ԱԺ պատգամավորը դառնում էր կառավարության անդամ, մանդատից հրաժարվում էր, իսկ հիմա մանդատը սառեցվում է, այսինքն՝ գնաս նախարար կամ վարչապետ աշխատես, որոշ ժամանակ հետո կարող ես վերադառնալ խորհրդարան, որովհետև մանդատդ պահպանվել է:
Իրավաբանները, սահմանադրագետները լրջագույն աշխատանք ունեն անելու, որովհետև եթե քաղաքական գործիչները քաղաքական շեշտադրումներով պետք է հանդես գան Սահմանադրությունը մերժելու համար, ապա բուն տեքստում առկա ծուղակները պետք է ի ցույց դնեն մասնագետները:
Քաղաքացիությունից զրկելու դրույթը ևս միտված է իշխանության հարատևությունը ապահովելուն. իրենք ստեղծում են հրեշավոր մի գործիքակազմ, որ իրենց համար ցանկացած անհաճո քաղաքացու կարող են զրկել քաղաքացիությունից՝ շինծու մի քրեական գործով, որովհետև արդեն տեսանք, որ դատական համակարգն ամբողջովին իրենցն է:
Հաջորդը՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, բացառությամբ եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար: Սա արդեն մարդու իրավունք չէ, սա կամայականություն է:
– Սահմանադրությամբ՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տվյալներին ծանոթանալու, տեղեկություններ ստանալու իրավունք, բայց սահմանված իրավունքը կարող է սահմանափակվել հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Ստացվում է, որ սահմանափակվում են տեղեկատվություն ստանալու իրավունքնե՞րը:
– Այո՛, տեսեք, այսպիսի փոքր ծուղակներ են պատրաստել ու զրկում են մարդկանց բազմաթիվ հիմնարար իրավունքներից: Մարդու ազատության, անձեռնմխելիության իրավունքը, որը սահմանադրական բարձրագույն իրավական ուժ ունեցող նորմեր էին, բերվում են բացառապես օրենսդրական դաշտ: Այո՛, սա մարդու հիմնարար իրավունքները սահմանափակող Սահմանադրություն է, և կոչ եմ անում մեր սահմանադրագետներին մանրակրկիտ տեղեկանք պատրաստել այս բոլոր ծուղակների մասին:
Այդ փոփոխությունները սահմանափակում են շարքային քաղաքացիների հիմնարար իրավունքները, մասնագիտական համայնքների հիմնարար իրավունքները: Պատկերացրեք՝ փաստաբանական հարցումները մնում են անպատասխան, լրագրողական հարցումները մնում են անպատասխան, որովհետև մի պաշտոնյա կարող է որոշել, որ դա հանրային շահին վերաբերող տեղեկատվություն է ու չի տրամադրում:
Սա իրենց ասած Սերժի Սահմանադրությունն է՝ ուղղակի ուսերն էին մի քիչ կախված, թևքերն էին երկար, կոճակներն իրենց ճաշակով չէին, հիմա նա դրանք է շտկում, որ իր հագին հարմարեցնի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















