«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ եթե ընդդիմությունը չսպասարկի Սահմանադրությունը փոխելու իշխանության օրակարգը, ապա հանրային ճնշում կգեներացվի: Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ իրենք չեն մասնակցի «Ալիևի Սահմանադրության ընդունմանը»: Ձեր գնահատմամբ՝ կլինի՞ այդ ճնշումը:

– Ընդդիմությունը շատ ճիշտ է անում, եթե կային մարդիկ, որոնք խրտնում էին Սերժ Սարգսյանի կոստյումից ու դա շատ սխալ էին համարում, հիմա կարծես շատ ջերմեռանդորեն ու ջանասիրաբար պաշտպանում են ակնհայտորեն Ալիևի հաստատած նոր Սահմանադրությունը: Ընդդիմությունը շատ ճիշտ կանի, որ մինչև վերջ դիմադրի, ու անկեղծորեն հույս ունեմ, որ չեն կարողանա գոնե խորհրդարանով անցկացնել դա:
Ինչ վերաբերում է հանրային ճնշումներին, ապա Նիկոլ Փաշինյանն արդեն բազմիցս ապացուցել է, որ ինքն ունի շրջիկ խմբեր, որոնք պտտվում են քաղաքից քաղաք, սպասարկում են Նիկոլ Փաշինյանի տարբեր ֆանտազիաները՝ ներառյալ Եկեղեցու դեմ պայքարը:
Չեմ զարմանա, որ վարչական ռեսուրսը նորից կիրառի, որովհետև բազմիցս ենք տեսել, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի հավաքներին գրադարաններից, պոլիկլինիկաներից ու այլ տեղերից տարբեր մարդկանց իրենց ընտանիքի անդամներով ստիպում գալ ու մասնակցել այդ հանրահավաքներին: Փաշինյանի հակասահմանադրական քայլերի վրա ոչ ոք այլևս չի զարմանալու ուղղակի:
– Կարծիքներ են հնչում, որ հանրային այդ ճնշումը Նիկոլ Փաշինյանը փորձելու է նաև գեներացնել նրանով, որ ընդդիմությանն ասի՝ կողմ քվեարկեք, որպեսզի Բաքվում պահվող հայ ռազմագերիներն ազատ արձակվեն: Հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանությունը նման պահանջ առաջ կքաշի:
– Բոլոր տեսակի կեղծիքները, մանիպուլյացիաները, ստերը, բոլոր տեսակի շահարկումները Նիկոլ Փաշինյանը կիրառելու է, որովհետև պարտավորություն ունի Ադրբեջանի առաջ: Եվ սա միակ պարտավորությունը չէ, եթե իմանայինք, որ սա վերջին պարտավորությունն էր, գուցե ասեինք՝ եկեք մտածենք, սա էլ անենք ու վերջ, բայց սա վերջը չէ, ու բոլոր ադեկվատ մնացած մարդիկ սա են պնդում: Նիկոլ Փաշինյանից ամեն բան սպասելի է, ու ոչնչի վրա զարմանալ պետք չէ:
– Նիկոլ Փաշինյանն ունի՞ այդչափ հանրային աջակցություն, որ կարողանա ճնշել ընդդիմությանը:
– Չէ, որովհետև, եթե ունենար, ապա ստիպված չէր լինի պոլիկլինիկաների ու պետական այլ աշխատողների ճնշել ու բերել իր հավաքներին: Ուրիշ բան է, որ ընտրություններին գան ու ինչ-որ պատճառաբանություններով ընտրեն Փաշինյանին, բայց լրիվ այլ բան է, որ դուրս գան ու փողոցային պայքարի մասնակցեն:
-Դուք նոր Սահմանադրությունն անվանում եք «Ալիևի Սահմանադրություն», բայց արդյոք արդարացվա՞ծ չէ Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու իշխանության մտադրությունը։ Ինչպես հայտարարել է արդարադատության նախարարը՝ «Անկախության հռչակագրին հղումը մեզ ի՞նչ է տալու։ Մենք ՀՀ-ի ու ԼՂ-ի միավորման նպատակ չունենք»։

– Այս իշխանության տեսանկյունից շատ բան է արդարացված. հայությանը ցեղասպանության ենթարկելն էլ էր արդարացված, մեր բոլոր իրավունքներից հրաժարվելն էլ է բխում իրենց ծրագրերի տրամաբանությունից, բայց դա չի նշանակում, թե մենք պետք է ազգովի ապրենք Նիկոլ Փաշինյանի ու իրենց սպասարկող մարդկանց տրամաբանությամբ ու ծրագրերով: Ես համակարծիք չեմ իրենց տրամաբանությանը: Նիկոլ Փաշինյանը ձգտում է մի բանի՝ դառնալ դիկտատոր, որի պայմաններում կկարողանա իր ստանձնած պարտավորությունները իրականացնել, բայց, կներեք, մենք այսքան տարի մեծ թվով մարդկանցով դրա համար չենք պայքարել, որ մեկ օրում Փաշինյանը դիկտատուրա հաստատի:
– Տիկի՛ն Կարապետյանց, ստացվում է, որ իշխանության հավաստիացումները չե՞ք ընդունում, որ սա դրսից թելադրված օրակարգ չէ:
– Մինչև հիմա հանրային քննարկման չեն ներկայացրել, որովհետև, ենթադրում եմ, որ Սահմանադրության տեքստը համաձայնեցնում էին ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ, որովհետև, ըստ Փաշինյանի, բոլոր հարևանները պետք է գոհ լինեին դրանից՝ կապ չունի, թե ներսում ով է դժգոհ: Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը ստախոս է ու դա հազար անգամ ապացուցել ու հիմնավորել է հենց ինքը՝ իր բազմաթիվ հայտարարություններից ու խոստումներից հրաժարվելով: Ես հակված չեմ վստահելու նրա խոսքին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















