«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը
-Պարո՛ն Պետրոսյան, Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի, ու Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարը, ըստ նրա, կարող է լինել նրա վերածումը «նոր Ուկրաինայի»։ Նման ռիսկ կա՞ իսկապես, ինչո՞ւ է հիմա Ռուսաստանից նման հայտարարություն հնչում:
– Մեդվեդևի հակահայաստանյան հայտարարությունները նորություն չեն, վերջին շրջանում բավականաչափ հաճախ են նմանատիպ հայտարարություններ հնչում այդ մարդու կողմից: Նկատելի է, որ Մեդվեդևն այդ պաշտոնում որոշակի գործառույթ է ստանձնել՝ քարոզչական առումով Ռուսաստանի առաջնահերթություններն առաջ մղելով ու տվյալ դեպքում, օրինակ՝ Ռուսաստանի համար քաղաքական առաջնահերթությունները բարձրաձայնելու, նույն եվրոպական տարբեր երկրների ուղղված հայտարարություններ: Մեդվեդևի այս հայտարարության մեջ որևէ նոր բան չկա: Սա ու նույնաբովանդակ հայտարարությունները, բնականաբար, քարոզչական բնույթի են, որոնց նպատակը մեծ հաշվով Հայաստանի ներքին խոսույթի վրա ազդելն է:
– Նկատի ունեք, որ նման ռիսկի իրական հիմքեր չկա՞ն:
– Այո՛, իրական հիմքեր չկան:
– Հաշվի առնելով նաև հայ-ռուսական հարաբերությունների այս լարված վիճա՞կն էլ:
– Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում կան որոշակի խնդիրներ, բայց ես դա չեմ գնահատի որպես լարվածություն, կա կառավարելի իրավիճակ, կան երկխոսություն ու երկրի ղեկավարների պատրաստակամություն ՝ այդ խնդիրները քննարկելու: Այս խնդիրների առկայությունը լարվածություն որակելն ավելի շատ փորձագիտական ու լրատվական դաշտի խոսույթն է:
Կան խնդիրներ, բայց դրանք վստահաբար կառավարելի են, եթե հիմք ենք ընդունում երկրների ղեկավարների վերջին հանդիպումը: Ճգնաժամ, լարվածություն կլինեին այն ժամանակ, երբ երկու երկրների ղեկավարների միջև շփման հնարավորություններ չլինեին, բայց նման իրավիճակ չկա, ավելին ասեմ՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավելի բարդ փոխհարաբերությունների ժամանակաշրջան է եղել 2022-2024 թվականներին:
– Պարո՛ն Պետրոսյան, իսկ նմանատիպ հայտարարությունները կարո՞ղ ենք որակել իբրև Հայաստանին ուղղված շանտաժ կամ սպառնալիք:
– Չեմ կարծում, ի՞նչ պետք է անի Ռուսաստանը, նրա գործողությունների շրջանակը խիստ սահմանափակ է, այո՛, Ռուսաստանն ունի Հայաստանում հակաիշխանական տրամադրություններ բորբոքելու լծակներ, բայց դրանից ի՞նչ կշահի:
Ռուսաստանի ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի Հայաստանի դեմ, կունենա շատ բացասական ազդեցություն Ռուսաստանի հեղինակության համար: Հայ հասարակության վերաբերմունքը բացասական կլինի Ռուսաստանի նկատմամբ, ինչպես եվրոպական մի շարք երկրներում է:
Եթե Ռուսաստանից մի քանի պաշտոնյաներ հայտարում են, թե Հայաստանը «նոր Ուկրաինայի» է վերածվելու, դա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է ներխուժի Հայաստան, բայց նա ինչի՞ հիման վրա պետք է դա անի: Բացի այն, որ դրա համար հիմքեր չկան, Ռուսաստանի այդ քայլից հետո նրա նկատմամբ բացասական տրամադրությունները կհասնեն գագաթնակետին:
Ռուսաստանը չունի Հայաստանի հետ կապված նման ռազմավարություն, նման քարոզչական ոչ խոր բովանդակային տեքստերով փորձում են ազդել Հայաստանի իշխանությունների որոշումների կայացման վրա: Հայաստանում էլ հստակ հաշվարկում են այն հնարավորությունները, որ ունի Ռուսաստանը, ու այն հետևանքները, որ Ռուսաստանի կայացրած որոշումները կարող են ունենալ երկու երկրների համար:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















